Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:47 07-08-2025

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2025/2026 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 75-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 19-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Որոշման համաձայն՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի ընդունելությանը հատկացվել է 50 տեղ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների ներկայացրել է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարարությունից և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամից ստացված հայտերի հիման վրա: Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացումը նպատակ ունի կանոնակարգելու ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստելու բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ զինված ուժերում բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը: Կլինիկական օրդինատուրայում տեղերի հատկացումը հնարավորություն է ընձեռում ապահովելու շարունակական կրթությունը, ինչպես նաև առողջապահության համակարգում առանցքային մասնագիտություններով բժիշկ-մասնագետների փոխարինելիությունն ու բժշկական օգնության և սպասարկման մատուցման կայունությունը: Ինտերնատուրայում տեղերի հատկացումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը: Համաձայն Առողջապահության նախարարության տվյալների՝ նպատակային կլինիկական օրդինատուրայի իրականացված ծրագրերի արդյունքում մարզային բժշկական կազմակերպություններում բժշկական կադրերով համալրվածությունը վկայում է այն մասին, որ ծրագիրը հնարավորություն է տալիս լրացնել մարզային բժշկական կազմակերպությունների կադրային բացը 20-40%-ով: Ըստ մասնագիտությունների՝ առավել պահանջված են ընտանեկան բժիշկները, անեսթեզիոլոգները և ռեանիմատոլոգները, թերապևտները, նյարդաբանները, վիրաբույժները, մանկաբույժերը և այլն: Նպատակային կլինիկական օրդինատուրայի ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով, ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով, օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ: Ուսումն ավարտելուց և ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ձեռք բերելուց հետո շահառուները պարտավորվում են աշխատանքային պայմանագիր կնքել Առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ` վերջիններիս առաջարկած պայմաններով, առնվազն 3 տարի ժամկետով: Կառավարության որոշմամբ գործադիրը նաև լիազորում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ համապատասխան նախարարությունների կամ ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա տրամադրված տեղերի շրջանակում վերաբաշխել թափուր մնացած տեղերը

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան