Վերջին օրերին թուրքական և ադրբեջանական մամուլում կրկին աշխուժացել են հրապարակումները, որոնցում նշվում է, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում պայմանավորվածություն արդեն իսկ գոյություն ունի, որոշ աղբյուրներ էլ նույնիսկ հարցը լուծված են համարում։
Սա տեղի է ունենում Ալիևի և Փաշինյանի հնարավոր հանդիպման ֆոնին, որը նախատեսվում է Վաշինգտոնում՝ ԱՄՆ միջնորդությամբ։ Միևնույն ժամանակ ակտիվացել է նաև Իրանը, որը կրկին սկսել է հայտարարություններ է անում միջանցքի վերաբերյալ՝ շեշտելով, որ ցանկացած պարագայում այն իր համար կարմիր գիծ է։
Oragir.News-ի հետ զրույցում, քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով միջանցքի թեմայի վերստին ակտիվացմանը, նշեց՝ վստահ է, որ այս փուլում միջանցքի տրամադրման հարց օրակարգում չկա։ Ըստ նրա՝ Իրանի հայտարարությունների բազմազանությունը պետք է դիտարկել այդ երկրի բարդ ներքաղաքական կառուցվածքի համատեքստում։
«Վերջին շրջանում Իրանի ներսում չկա միասնական մոտեցում, տարածաշրջանային դերակատարների վերաբերյալ»,- ասաց նա։
Վարդանյանը նկատում է, որ Իրանի պաշտոնյաների հայտարարություններում հաճախ կարելի է տեսնել իրարամերժ և երբեմն հակադիր տեսակետներ։
«Իրանում կա յուրահատուկ համակարգ, որը կարելի է անվանել պետություն՝ պետության մեջ։ Բացի պետական կառույցներից, կա նաև հեղափոխության պահապանների կորպուս, որը գործում է առանձին օրակարգով։ Այդ պատճառով էլ, երբեմն, Իրանի տարբեր պաշտոնյաներ միևնույն հարցի շուրջ հանդես են գալիս հակասական հայտարարություններով։ Օրինակ՝ ամիսներ առաջ Իրանում «Զանգեզուրի միջանցք»-ի հիմնական շահառու էին համարում Ռուսաստանին, իսկ այսօր որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ պնդում են, որ այդ միջանցքը կարող է նպատակ ունենալ կտրել Ռուսաստանն ու Իրանն իրարից»,- ասում է քաղաքագետը։ Միառժամանակ, Վարդանյանը հիշեցնում է նաև Իրանի դեսպանի հայտարարությունը, ըստ որի՝ որևէ միջանցք չի լինելու և Հայաստանի իշխանությունները հավաստիացրել են այդ մասին։
«Այս տեսակետների բախումը վկայում է ոչ թե հստակ քաղաքականության բացակայության մասին, այլ այն մասին, որ Իրանի ներսում կան տարբեր ուժային կենտրոններ՝ տարբեր ընկալումներով ու նպատակներով»,- ընդգծում է Վարդանյանը։
Քաղաքագետը համոզված է՝ այն, ինչ Ադրբեջանը համարում է միջանցք, իրականում կարող է լինել պարզապես ճանապարհ, որը կանցնի Հայաստանի տարածքով՝ կապելով Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ։
«Հնարավոր է, որ Ադրբեջանը միջանցք ասելով նկատի ունի տրանսպորտային ճանապարհ՝ վերահսկվող Հայաստանի կողմից։ Բայց այն դասական միջանցքը, որի դեպքում Հայաստանը ոչ մի վերահսկողություն չի ունենա, բացառվում է։ Դա չի եղել, և ես վստահ եմ՝ չի էլ լինելու»,- շեշտում է նա։
Նա նշում է նաև, որ որևէ ճանապարհ, եթե նույնիսկ վերահսկման ինչ-որ ֆունկցիաներ փոխանցվեն միջազգային կամ մասնավոր ընկերություններին, այնուամենայնիվ, մնում է ՀՀ սուվերեն վերահսկողության ներքո։
«Հայաստանը լիարժեք վերահսկելու է իր տարածքով անցնող ճանապարհը, այդ թվում՝ անձնագրային և մաքսային հսկողությունը։ Եթե այդ ճանապարհին հանցագործություն լինի, նախաքննությունն իրականացնելու են Հայաստանի իրավապահ մարմինները, դա այն տարբերակն է, որը հակադրվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի եռակողմ առաջարկած միջանցքային մոդելին»,- ընդգծում է քաղաքագետը։
Վարդանյանը նկատում է, որ վերջին 1-2 տարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանությունը զգալիորեն մեղմացել է։
«Եթե 2020-2021 թթ․ Ալիևը բացահայտ հայտարարում էր՝ ուզեք, թե չուզեք, միջանցը տալու եք, ապա այսօր նա նման կոշտ հռետորաբանություն չունի։ Հիմա նա ասում է՝ եթե ճանապարհը չտրամադրվի, Հայաստանը պարզապես կմեկուսանա։ Այս փոփոխությունն արդեն ցույց է տալիս՝ թե՛ իրապես, թե՛ բանակցային հարթակում իրավիճակը փոխվել է»,- ամփոփում է Վարդանյանը։