«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ էկոնոմիկայի նախարարի հայտարարած թվերը չեն համընկնում էկոնոմիկայի նախարարության պաշտոնական տվյալների հետ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջերս հայտարարեց, որ Ջենիֆեր Լոպեսի համերգի կապակցությամբ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները միջինում ծախսել են 888 դոլար։ Այս գնահատականը հանրային մեծ հետաքրքրություն ու քննարկում առաջացրեց։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է նախարարության պաշտոնական տվյալներն ու պարզել՝ այդ թիվը, մեղմ ասած, խիստ չափազանցված է։ Ըստ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հետազոտության՝ միջին վճարունակությամբ զբոսաշրջիկը Հայաստանում մեկ օրվա ընթացքում ծախսում է ընդամենը 51 դոլար։ Եթե հաշվենք, որ Ջենիֆեր Լոպեսի համերգի համար ժամանած զբոսաշրջիկները մնացել են, օրինակ, 3 օր, ապա նրանց ընդհանուր ծախսը պետք է կազմի մոտ 150 դոլար, ինչը մի քանի անգամ պակաս է նախարարի նշած 888 դոլարից։ Ավելին, նախարարության տվյալներով՝ Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից ժամանած զբոսաշրջիկների օրական ծախսերը հատկապես ցածր են՝ ընդամենը 35-ից 47 դոլար։ Հաշվի առնելով, որ Հայաստանի զբոսաշրջային հիմնական հոսքը գալիս է հենց այս երկրներից, դժվար է պատկերացնել, որ համերգի ժամանակաշրջանում հանկարծակի հայտնվել են բացառապես բարձր վճարունակ զբոսաշրջիկներ, որոնք իրենց ծախսերով գերազանցել են նույնիսկ եվրոպացի տուրիստներին։ Այսպիսով՝ նախարար Պապոյանի հրապարակած տվյալները, ինչպես միշտ, չափազանցված են և խիստ մոտավոր: Իսկ եթե իսկապես նման մեծ ծախսեր արձանագրվել են, ապա անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան հիմնավորումներ, ոչ թե միայն ճոխ թվեր հնչեցնել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նոր կազմի ձևավորմանն ընդառաջ կուսակցական ակտիվությունը մարզերում զգալիորեն ավելացել է։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, վարչության անդամի թեկնածուները վերջին օրերին առավել ակտիվորեն են շրջում տարբեր մարզերում՝ հանդիպելով խորհուրդների անդամների և կուսակցական ակտիվի հետ։ Ըստ տեղեկությունների՝ այս հանդիպումներն ընթանում են հիմնականում փակ ձևաչափով։ Թեկնածուները փորձում են համոզել պատվիրակներին քվեարկել իրենց օգտին՝ ներկայացնելով իրենց տեսլականը և դիրքավորումը ապագա վարչության կազմում։ Մեր աղբյուրները նշում են, որ թեժ պայքար է սպասվում, քանի որ առաջադրված 42 թեկնածուներից միայն 20-ն են լինելու ՔՊ նոր վարչության կազմում։ Ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 20-ին, իսկ քվեարկությանը մասնակցելու են շուրջ 1000 պատվիրակներ, որոնք ներկայացնում են ՔՊ մարզային խորհուրդները։ Նշենք, որ թեկնածուները մարզերում գործում են թե՛ առանձին, թե՛ համախմբված՝ կախված նրանց միջև ձևավորված անձնական կամ քաղաքական հարաբերություններից։ Սա ևս ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հետևել ՔՊ-ի ներսում ընթացող զարգացումներին, քանի որ նախորդ ընտրությունները խայտառակ կեղծիքներով անցան, և սկանդալը պայթեցրեց «Ժողովուրդ» օրաթերթը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս շաբաթվա վերջին Վաշինգտոնում նախատեսվում է հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահի միջև։ Ինչպես փոխանցում են ամերիկյան ԶԼՄ-ներն ու վերլուծաբանները, կողմերը պատրաստվում են փոխըմբռնման հուշագիր ստորագրել՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Չնայած նրան, որ Ալիևը շարունակում է առաջ տանել իր հայտնի նախապայմանները, իշխանական աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն այս փուլում պատրաստ է խաղաղության՝ առանց որևէ նախապայմանի։ Վարչապետը թիմի ներսում տեղի ունեցած քննարկումների ժամանակ շեշտել է, որ «որոշակի փաստաթուղթ, ամենայն հավանականությամբ, կստորագրվի»։ Նույն աղբյուրների փոխանցմամբ, ԱՄՆ-ն առաջարկել է Սյունիքի հարցի լուծման մի տարբերակ, որը ենթադրում է արտապատվիրակված մոդել՝ առանց «միջանցքի» ձևակերպման, սակայն ենթադրելի է՝ վերահսկողության որոշակի տարրերով։ Այս զարգացումները տեղի են ունենում այն պայմաններում, երբ Արցախի ամբողջական կորուստն արդեն փաստ է, Հայաստանի երեք մարզերից օկուպացված տարածքները մնում են Բաքվի վերահսկողության տակ, և տասնյակ հայ գերիներ շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։ Այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետը խաղաղության ուղին նախընտրում է անցնել առանց պահանջների՝ մեկ նպատակով. ընտրություններին ընդառաջ ցուցադրել միջազգային հարթակներում ստորագրված փաստաթուղթ, որի վրա գրված կլինի «խաղաղություն» բառը։ Գերիները կսպասեն։ Օկուպացված տարածքները՝ ևս։ Արցախցիներին մնում է հարմարվել։ Իսկ Վաշինգտոնում, ամենայն հավանականությամբ, ստորագրվելու է մի փաստաթուղթ, որը ներկայացվելու է որպես «պատմական առաջընթաց»»։