Ներքին Միտք 11 ամիս առաջ - 19:27 29-07-2025

Օրհասական վիճակում գտնվող իրանահայերը զրկված են արտահերթ սպասարկվելու իրավունքից, քանի որ ոչ հղի են, ոչ արցախցի

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Իրանահայ ամուսինները որոշել են ՀՀ քաղաքացիություն ստանալ: Վերջիններս դիմել են Իրանում ՀՀ դեսպանություն, կատարել են վճարումներ: Որոշ ժամանակ անց ծանուցվել են ՀՀ քաղաքացիություն ստանալու և, ըստ այդմ, երդմնակալության արարողակարգին մասնակցելու վերաբերյալ:

Քանի որ ամուսինները նշանապաշտ են, ապա որոշեցին ՀՀ անձնագրերը ստանալ և երդմնակալությունն իրականացնել հենց Հայաստանում: Դրա համար նրանք հերթագրվեցին Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն Migration and Citizenship Service of Armenia-ի (ՕՎԻՐ) կայքի միջոցով և ժամանեցին Հայաստան:

Հերթագրված օրն այցելելով ՕՎԻՐ, ամուսինները պարզեցին, որ սխալ են հերթագրվել: Թեպետ իրենց անձնագրերը պատրաստ էին, սակայն գտնվում էին նույն շենքի մեկ այլ բաժնում: Ամուսիններին բացատրեցին, որ ՕՎԻՐ-ի բաժինները միմյանց հետ կապ չունեն և նրանք պետք է կրկին հերթագրվեն: ՕՎԻՐ-ի բաժիններից մեկի աշխատակիցներն ամուսիններին օգնեցին հերթագրվել նույն շենքում գտնվող մեկ այլ բաժնում: Հերթը պետք է հասնի շուրջ 15 օր անց` օգոստոսի 6-ին:

Ամուսիններն Իրանից Հայաստան են ժամանել, ունենալով որոշակի օրերի համար հաշվարկված միջոցներ: Դրանից բացի` օգոստոսի 6-ից Իրանում 13-14 օրով սուգ է հայտարարված և, ըստ այդմ, այդ երկրում ոչ աշխատանքային օրեր են: Պարալիզացվում է նաև Հայաստան-Իրան ցամաքային ուղևորափոխադրումը: Փաստորեն, մեկ սխալի պատճառով, իրանահայ ամուսինները պետք է, ամենաքիչը` ևս 20 օր Հայաստանում մնան:

ՕՎԻՐ-ի բարձրաստիճան պաշտոնյա Մակարյան Աննան բացատրում է, որ նման հարցերում իրենք ընդառաջում են արցախահայերին և հղիներին: Եվ, քանի որ իրանահայերն արցախահայեր չեն և, տվյալ դեպքում, հղի չեն, ապա վերջիններիս որևէ կերպ ընդառաջել չի լինի: Իսկ այն, որ մարդիկ առանց միջոցների պետք է 20 օր ևս Հայաստանում մնան, ՕՎԻՐ-ի պաշտոնյային չի հետաքրքրում:

Հետաքրքիր տրամաբանություն է, չէ՞: Փաստորեն, եթե սովորական քաղաքացին (ոչ արցախահայ և ոչ հղի) հերթագրված է և իր ժամին մոտենում է սպասարկման պատուհանին կարող է նաև չսպասարկվել, եթե այդ նույն ժամին մոտենան հղիներն ու արցախահայերը: Սակայն օրհասական վիճակում գտնվող իրանահայերը զրկված են արտահերթ սպասարկվելու իրավունքից:

Մի կողմ դնենք հայերի բաժանումն արցախահայերի և իրանահայերի:
Մի կողմ դնենք հղիներին: Խնդիրն այլ է:

Քաղաքացիներին սպասարկելիս, ի՞նչ չափորոշիչներով են առաջնորդվում պետական պաշտոնյաները:
Ինչու՞ հղիներին կարելի է արտահերթ սպասարկվել, իսկ քաղցկեղով հիվանդներին`ոչ:

Ինչու՞ արցախահայերին կարելի է արտահերթ սպասարկվել, իսկ սիրիահայերին և լիբանանահայերին`ոչ:

Ինչու՞ ազգաբնակչության մի մասի նկատմամբ պետությունը գթասիրտ է, մյուսի նկատմամբ` ոչ:

Հենց այսպես են պառակտում ազգաբնակչությանը»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու