Ուղիղ եթեր
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 09:10 26-07-2025

Վհուկների որս. հոսանքի անջատումները կլինեն տևական ու հաճախակի

ՀԷՑ-ի ազգայնացումը շատ արագ առաջ է ընթանում։ Հուլիսի 24-ին աշխատանքից ազատվեցին բազմաթիվ պաշտոնյաներ։ Կադրային նշանակումների որևէ հիմնավորում չներկայացվեց։ Ենթադրելի է, որ ազատվել են այն պաշտոնյաները, որոնք հրաժարվել են աշխատել Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Հաջորդ քայլով կանխատեսվում էր գույքագրում՝ պարզելու ընկերության իրավիճակը։

Եթե կարևոր պաշտոններին իրենց մարդկանց նշանակելու համար մի քանի օրն էլ բավարար էր, ապա մեծ ընկերության գույքագրումը տևական ժամանակ էր պահանջելու։ Սակայն այդ էլ կատարվեց շատ արագ։ Հուլիսի 25-ին ՀԷՑ-ը հայտարարություն տարածեց իրավիճակի մասին։

«Հարգելի՛ քաղաքացիներ, սույնով ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես բավականին վատթար վիճակում և ֆիզիկական մաշվածության մեջ, իսկ որոշ դեպքերում անգամ՝ հետագա շահագործման համար հիմնականում ոչ պիտանի վիճակում»,- գրված էր հայտարարությունում։

Հայտարարության անորոշությունը, կոնկրետ տվյալների բացակայությունը, ընդհանուր գնահատականները վկայում են, որ հանգամանալից հետազոտություն, գույքագրում ու մոնիթորինգ չի իրականացնել։ Այսքան կարճ ժամանակահատվածում հնարավոր էլ չէր պարզել ճշգրիտ պատկերն այս մեծ ընկերությունում։ Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ այսպիսի անորոշ հայտարարության տարածումը։

Ենթադրելի է, որ այն կապված է Ստոկհոլմի արբիտրաժի որոշման հետ։ Այսպիսով՝ ՔՊ-ական իշխանությունը փորձում է արդարանալ, թե իզուր չէ նախաձեռնել ազգայնացման գործընթացը, վատթար վիճակ է։ Սակայն ոչինչ չեն ասում այն մասին, թե Ռոմանոս Պետրոսյանը ի՞նչ է անելու վատթար վիճակը շտկելու ուղղությամբ։ Փոխարենը հիմնավորում են, որ հաճախակի անջատումները ոչ թե կամայական են, ինչպես կասկածում էին ոմանք, այլ վթարային անջատումներ են, որոնց վերացմանն ուղղված անհետաձգելի գործողությունները ժամանակատար են: Կարծես՝ բոլորին հասկանալի է այս բացատրությունը, սակայն Ռոմանոս Պետրոսյանն այսքանով չի բավարարվում ու շարունակում է անջատումների թեման, հասնելով ուշագրավին։

«Այս պայմաններում, եթե առաջացած վթարները և էլեկտրամատակարարման խաթարումները պայմանավորված չեն մարդածին սխալներով (սարքավորումների և մալուխների վնասում, հենասյուների և ենթակայանների հրկիզում և այլն), ապա «ՀԷՑ» ՓԲԸ-ի օպերատիվ տեխնիկական անձնակազմերը 24-ժամյա աշխատանքային ռեժիմով իրականացվող հերթապահության շնորհիվ հնարավորինս արագ արձագանքում են դրանց և սեղմ ժամկետում ձեռնամուխ լինում էլեկտրամատակարարման վերականգմանը։ Մնացած բոլոր դեպքերում իրականցվող անհետաձգելի վերականգնողական աշխատանքները կարող են օբյեկտիվորեն ավելի երկար ժամանակ պահանջել, ինչի համար հայցում ենք Ձեր բոլորի ըմբռնումը և ներողամտությունը»,- ասված է հայտարարությունում:

Այսպիսով՝ Ռոմանոս Պետրոսյանը պարզել է ամենակարևորը՝ հնարավոր չէ, որ անջատումներ չլինեն։ Եվ ավելին՝ առաջին անգամ հրապարակավ շրջանառվում է կասկած, թե հնարավոր են մարդածին վթարներ։ Այսինքն՝ ենթադրվում է, որ ինչ-որ մարդիկ թյուրիմացաբար կամ միտումնավոր կարող են վնասել սարքավորումները, մալուխները, հենասյուններն ու հրկիզել ենթակայանները։ Ու եթե այդպիսի բաներ լինեն, ապա անջատումները տևական կլինեն։

Հոռետեսները կարծում են, թե այսպիսով հայտարարվում է վհուկների որս։ Առաջիկա օրերին կանխատեսվում են այդպիսի մարդածին վթարներ։ Եվ Ռոմանոս Պետրոսյանի հետաքնությունը շատ արագ կարող է պարզել, թե ովքեր են մարդածին վթարների հեղինակները։ Այս քողարկված սպառնալիքն ուղղված է Սամվել Կարապետյանի հետ ասոցիացվող մարդկանց, որոնք առաջնորդվելով «շառից հեռու» կարգախոսով, հավանաբար, կամավոր կազատվեն աշխատանքից։ Իսկ եթե փորձառու մասնագետներն էլ լքեն ՀԷՑ-ը «շառից հեռու» կարգախոսով, ապա նույնիսկ հասարակ վթարները վերացնելու համար երկար ժամանակ կպահանջվի։

Կարճ ասած՝ ՀԷՑ-ի այս հայտարարությունը ցույց տվեց, որ հնարավոր չէ այնպես անել, որ հոսանքի անջատումներ չլինեն։ Հակառակը՝ ՀԷՑ-ի՝ քաղաքացիներին ուղղված առաջին բովանդակային հայտարարությունն անջատումների բնույթի և տևողության մասին էր։ Եվ ավելին՝ թափանցիկ ակնարկ կար, որ դրանք տևական ու հաճախակի կդառնան, քան մինչ օրս էին։ Սակայն այս անգամ դրանց մեղավորը կլինեն Ռոմանոս Պետրոսյանը ու նրա նշանակած մարդիկ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
22:52 Ադրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է
20:48 Ռուբեն Վարդանյանի կինը շնորհակալություն է հայտնել աջակցության համար