Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 21:26 23-07-2025

Կոչ ենք անում դադարեցնել Եկեղեցու ներգրավումը քաղաքական գործընթացներում, ազատ արձակել կալանավորված հոգևորականներին

Միացյալ Թագավորության և Իռլանդիայի Հանրապետության Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների Խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

Մենք՝ որպես Միացյալ Թագավորությունում Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների Խորհուրդ, խորապես մտահոգված ենք Հայաստանում վերջին զարգացումներով, հատկապես հունիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ոստիկանության ներխուժման և Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների կալանավորման կապակցությամբ։ Ուժի կիրառումը սրբավայրում և բարձրագույն հոգևորականների դեմ ուղղված գործողությունները լուրջ մտահոգություն են հարուցում՝ կապված կրոնի ազատության և պետական իշխանության ու կրոնական կյանքի միջև հստակ սահմանների պաշտպանության հետ։

Նման գործողությունները առավել ևս, երբ ուղեկցվում են պառակտում և անվստահություն սերմանող հանրային հռետորաբանությամբ, վտանգում են ժողովրդավարական արժեքները, օրենքի գերակայության գաղափարը, ինչպես նաև արժանապատվության և փոխադարձ հարգանքի սկզբունքները, որոնք խաղաղ, համերաշխ և համընդգրկուն հասարակության հիմնասյուներն են։

Հայ Առաքելական Եկեղեցին, որն ամենահին քրիստոնեական եկեղեցիներից է, ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր կյանքի առանցքն է, այլև ազգի պատմական և մշակութային ինքնության պահապանը։

Դարերով Եկեղեցին եղել է աշխարհասփյուռ հայ ժողովրդի միասնության, բարոյական առաջնորդության և տոկունության աղբյուր։

Հայոց Եկեղեցին քրիստոնեական մեծ ընտանիքում բարձր հարգանք է վայելում, այն ունի ամուր հարաբերություներ էկումենիկ շարժման հետ։ Իր անսասան աստվածաբանական և հովվական վկայությամբ Հայ Եկեղեցին նպաստել է միջեկեղեցական երկխոսության խորացմանը, համերաշխության հաստատմանը և մարդկային արժանապատվության պաշտպանությանը։ Այս ոգով կոչ ենք անում հանդարտության, փոխըմբռնման և երկխոսությանը՝ իբրև ազգային վերածննդի և ապաքինման ճանապարհի։

Հարգանքով կոչ ենք անում՝

— Որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավատարիմ մնա իր սահմանադրական և միջազգային պարտավորություններին՝ ապահովելու կրոնի և դավանանքի ազատությունը և ձեռնպահ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կրոնական հաստատությունների անկախությունը ու ամբողջականությունը։

— Որպեսզի դադարեցվի Հայ Առաքելական Եկեղեցու ներգրավումը քաղաքական գործընթացներում, իսկ բոլոր կալանավորված հոգևորականները կամ ազատ արձակվեն, կամ ենթարկվեն արդար և անաչառ դատավարության՝ համաձայն արդարադատության և օրինական ընթացակարգի սկզբունքների։ Այս զգայուն ժամանակահատվածում մենք վերահաստատում ենք մեր եղբայրական զորակցությունը Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ։ Մենք աղոթում ենք, որ տիրեն իմաստությունն ու զսպվածությունը, և բոլոր կողմերը առաջնորդվեն արդարության, ազգային միասնության և Հայաստանի կյանքում Եկեղեցու սրբազան դերի գիտակցությամբ։

Միացյալ Թագավորության և Իռլանդիայի Հանրապետության Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների Խորհուրդ

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում