Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 19:06 23-07-2025

ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ

Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան ութսուն անդամների երկկուսակցական կոչը, որը, ըստ էության, ներկայացնում է ԱՄՆ-ի քսանչորս նահանգները՝ ընդգրկելով ավելի քան 66 միլիոն ամերիկացիների։

Այս մասին հաղորդում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։

«Նրանք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են անում՝ ապահովել բռնագաղթված հայերի «համախմբված, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը» իրենց բնօրրան՝ Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղ), միջազգային իրավունքի շրջանակներում և Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման նպատակով։

Մեկնաբանելով Հայ Դատի հանձնախմբի աջակցությամբ կազմված երկկուսակցական նամակը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Այս երկկուսակցական նամակը հստակ ուղերձ է վարչակազմին. տևական խաղաղության հասնելու ցանկացած ուղին պետք է սկսվի Արցախ վերադարձի իրավունքի ճանաչմամբ, այլ ոչ թե Ադրբեջանի կողմից բնիկ քրիստոնյա բնակչության էթնիկ զտման լեգիտիմացմամբ։ Մենք երախտապարտ ենք հայկական հարցերով խմբի ղեկավարությանը և բոլոր այն կոնգրեսականներին, ովքեր կանգնեցին վերադարձի ու արդարության սկզբունքի կողքին՝ միջազգային իրավունքի և մարդու իրավունքների շրջանակում»։

Նամակի նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Բրեդ Շերմանը և Դեյվիդ Վալադեոն։ Նրանց ուղերձում նշվում է. «Մենք կոչ ենք անում Ձեզ ներգրավել հակամարտության բոլոր կողմերին՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բռնագաղթված հայերի համախմբված, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը իրենց բնօրրան։ Այս քայլը համահունչ է միջազգային իրավունքին և նպաստում է տարածաշրջանում արդար և տևական խաղաղության հաստատմանը»։

Նամակում փաստագրվում են 2023թ․ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված շրջափակման և ռազմական հարձակման հետևանքները, որոնց արդյունքում «բռնագաղթվեց ամբողջ՝ շուրջ 120000 քրիստոնյա հայ բնակչությունը»։ Հավելվում է նաև, որ հարձակմանը հաջորդել է Ադրբեջանը «համակարգված կերպով ոչնչացրել է հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության կոթողները» և «թալանել ու ավերել է քաղաքացիական սեփականություն և հանրային ենթակառուցվածքներ՝ նպատակ ունենալով բացառել վերադարձի հնարավորությունը»։

Նամակում հիշեցվում է՝ «պատերազմի հետևանքով տեղահանված ժողովուրդների վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է»։ Նշվում է նաև 2023թ․ Միջազգային Արդարադատության դատարանի կողմից Ադրբեջանին ուղղված հրամանը՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգ և ապահով վերադարձը։

Կոնգրեսականները հատուկ կոչ են անում ԱՄՆ վարչակազմին՝ աջակցել Շվեյցարիայի խորհրդարանի կողմից ընդունված խաղաղության նախաձեռնությանը, որը նպատակ ունի «ստեղծել միջազգային բանակցային հարթակ՝ ապահովելու հայերի անվտանգ, պաշտպանված և միջազգային երաշխիքներով վերադարձը»։

Շվեյցարական այս նախաձեռնությունը լայնորեն քննարկվեց հուլիսի 10-ին ԱՄՆ Կոնգրեսում կայացած հատուկ լսումների ժամանակ, որին մասնակցում էին Կոնգրեսի ավելի քան 200 աշխատակիցներ, մարդու իրավունքների պաշտպաններ և քաղաքական վերլուծաբաններ։ Միջոցառմանը ելույթ էին ունեցել Շվեյցարիայի խորհրդարանի անդամներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռայմանը, Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության նախագահ Ջոն Էյբները և ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, իսկ քննարկումը վարել էր Հայ դատի հանձնախմբի քաղաքական հարցերով տնօրեն Ալեքս Գալիցկին։

Վերջին մեկ ամսվա ընթացքում ամերիկահայ ակտիվիստները և համախոհները՝ Հայ դատի հանձնախմբի ազգային, տարածաշրջանային և տեղական հարթակների միջոցով, Կոնգրեսի անդամներին ուղարկել են ավելի քան 40․000 էլ․ նամակ և կատարել բազմաթիվ հեռախոսազանգեր՝ կոչ անելով ստորագրել այս նամակը։ Բացի այդ, Հայ դատի հանձնախմբի երիտասարդական կրթական ծրագրերի մասնակիցներն այցելել են ավելի քան 400 կոնգրեսական գրասենյակներ և ներկայացրել հայկական շահերի տեսանկյունից կարևոր քաղաքական առաջնահերթություններ։

Նամակում օրենսդիրները վերահաստատում են նաև ԱՄՆ-ի նախորդ պարտավորությունները՝ մեջբերելով ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջիմ Օ’Բրայենի հայտարարությունը. «Մենք կոչ ենք արել Ադրբեջանին՝ ապահովել Լեռնային Ղարաբաղից հեռացած բոլոր էթնիկ հայերի անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը՝ նրանց իրավունքների և անվտանգության երաշխավորմամբ»։

Կոնգրեսականների ուղերձը եզրափակվում է հետևյալ հստակ պահանջով. «Մենք ակնկալում ենք Ձեր արձագանքը և պատրաստ ենք համագործակցել Ձեզ հետ՝ խթանելու արդար, ամուր և արժանապատիվ խաղաղություն տարածաշրջանում, որը կապահովի բռնագաղթված հայերի հիմնարար իրավունքը՝ առանց նոր բռնությունների կամ հալածանքների վախի, վերադառնալու իրենց բնօրրան»»,-հաղորդում է Հայ դատի կենտրոնական գրասենյակը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան