Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:13 21-07-2025

Փաշինյանին ամոթանք են տալիս, Ալիևին խոսնակն է պատասխանում, Էրդողանը լավատես է․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հուլիսի 21-ի լուրերը՝ Քնարիկ Սահակյանի մեկնաբանությամբ:

Պաշտոնական Երևանը 2 օր անց ի վերջո որոշեց արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հոխորտանքներին։ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը պնդել է, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը պետք է լինի երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքով։ «Այս ամենը պետք է տեղի ունենա երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության լիարժեք հարգման և փոխադարձության սկզբունքով», - ասել է Նազելի Բաղդասարյանը: Հիշեցնենք՝ օկուպացված Ստեփանակերտում Ալիևը խոսել էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ու Խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին՝ հայտարարելով, որ Սյունիքով անցնող ադրբեջանցիները հայ սահմանապահների երես չպետք է տեսնեն։ Ըստ նրա, այս պահանջը կրկնել է նաև Հայաստանի ղեկավարի հետ վերջին հանդիպման ժամանակ՝ Աբու Դաբիում: Բաղդասարյանը հակադարձել է, որ Աբու Դաբիում, դրանից առաջ ու հետո այլ տարբերակ չի քննարկվել, իսկ Ալիևի ասածն այդ քննարկումների տրամաբանությունից դուրս է։ «Ինչպես վարչապետ Փաշինյանը նշել է ս/թ հուլիսի 16-ի իր ասուլիսում, Հայաստանի տարածք մուտք գործող, այդ թվում՝ տարանցիկ բեռները և քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր մաքսային եւ սահմանային հսկողություն՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներով։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվությանը, թե ով մուտք գործեց իր տարածք, մուտք գործելուց հետո արդյո՞ք դուրս եկավ, թե ոչ»,- ասել է նա Ալիևի հայտարարությունը քողարկված տարածքային պահանջ որակելով։

Ալիևի հոխորտանքներին անձամբ արձագանքելու փոխարեն արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը նախընտրել է հերթական հակաեկեղեցական գրառումը կատարել՝ թիրախավորելով Վեհափառ հայրապետին։ Ըստ Փաշինյանի՝ «Astronomer» ընկերության՝ կնոջը դավաճանելու մեջ բռնված գլխավոր տնօրենը հրաժարական տվեց կնոջը դավաճանելու պատճառով, որովհետեւ «Astronomer» ընկերության հայեցակարգի համաձայն ամուսնական արժեքները հիմնարար են։ Նա նշել է, որ Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի համաձայն, կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ եւ որեւէ այլ անձնական հարաբերություն ունենալու իրավունք չունի։ Փաշինյանը կրկին Վեհափառին ավազանի անունով է դիմել՝ պնդելով, որ նա դավաճանել է ամուսնության ուխտը և դրանով պղծել Մայր Աթոռը։ «Դրանով Կտրիճ Ներսիսյանը մեզ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներիս հրավիրում է իրենից ազատել Վեհարանը։ Մենք դա կանենք միասին։ Պատրա’ստ եղեք»,- գրել է նա։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերստին խոսել է Սյունիքով անցնող ճանապարհի բացման կարևորության մասին, հերթական անգամ կիրառել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Էրդողանը շեշտել է, որ այդ երթուղուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ նշանակություն է տալիս: «Ես հավատում եմ, որ մենք՝ որպես տարածաշրջանի երկրներ, կարող ենք լուծել այս հարցը կոնսենսուսի միջոցով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ նշանակություն է տալիս Զանգեզուրին», - ասել է Թուրքիայի նախագահը՝ բռնազավթված Հյուսիսային Կիպրոս կատարած այցից վերադառնալիս՝ օդանավում լրագրողների հետ կայացած ավանդական ճեպազրույցի ժամանակ։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ լրագրողներից մեկը Էրդողանից կարծիք է հարցրել «միջանցքը ԱՄՆ-ին վարձակալությամբ տրամադրելու առաջարկի» մասին։ Էրդողանն ի պատասխան նշել է․ «Զանգեզուրի միջանցքը օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային, այլև տարածաշրջանի մյուս երկրներին»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ կողմերը միասին կլուծեն այս խնդիրը։

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով ձերբակալված անձը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ ՔԿ–ն հուլիսի 18-ին հայտնել էր, որ Խորխոռունու` 27 տարի առաջ կատարված սպանությունը բացահայտվել է, մեկ անձ` Ս.Ա.–ն, ձերբակալվել է։ Ըստ ԶԼՄ–ների` ձերբակալվածը Սասուն Առուշանյանն է (սպանության կազմակերպիչ), որը եղել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի թիկնազորի պետը։ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարի ուղղությամբ արձակվել է 5 կրակոց, որոնցից երեքը` դեմքի, երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի հետևանքով նա տեղում մահացել է։ «Խորխոռունու գործով ձերբակալվածը կալանավորվել է երկու ամսով»,– տեղեկացնում են Քննչականից։ Հիշեցնենք, որ Վահրամ Խորխոռունին 1994 թվականին եղել է ՀՀ ներքին զորքերի գնդապետ, 1993-1994 թթ.` ԼՂՀ ներքին գործերի փոխնախարար, 1997–1998 թթ.` ՀՀ պաշտպանության փոխնախարար։ Նա սպանվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին։

Մանրամասները՝ տեսանյութում: