Տարօրինակ զուգահեռներ է անցկացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսափոխության խոսույթը հիմնավորելու համար։ Հուլիսի 20-ին նա փորձել է համեմատության եզրեր տանել «Astronomer» IT ընկերության և եկեղեցու միջև։
««Astronomer» ընկերության՝ կնոջը դավաճանելու մեջ բռնված գլխավոր տնօրենը հրաժարական տվեց կնոջը դավաճանելու պատճառով, որովհետեւ «Astronomer» ընկերության հայեցակարգի համաձայն ամուսնական արժեքները հիմնարար են։
Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի համաձայն, կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ եւ որեւէ այլ անձնական հարաբերություն ունենալու իրավունք չունի։ Եկեղեցու հետ ամուսնության ուխտին դավաճանած Կտրիճ Ներսիսյանը դեռեւս չի ազատել Վեհարանը, այսպիսով պղծելով մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը։ Դրանով Կտրիճ Ներսիսյանը մեզ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներիս հրավիրում է իրենից ազատել Վեհարանը։ Մենք դա կանենք միասին։ Պատրա՛ստ եղեք։ Վեհարանը վեհի՛»,- գրել է Փաշինյանը:
Այս գրառման մեջ կան խեղաթյուրումներ, եզրակացությունը ևս կողմնակալ է։ Ի՞նչ դաս կարող են քաղել Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները Astronomer IT ընկերության սկանդալային պատմությունից։
Նախ նկատենք, որ այս սկանդալից հետո Astronomer IT ընկերության մասին իմացան ամբողջ աշխարհում։ Այն ավելի շատ օգուտ տվեց ընկերությանը, քան վնաս։
Իսկ իրականում՝ Astronomer IT ընկերության տնօրենների խորհուրդը հետաքննություն է սկսել, երբ Coldplay-ի համերգի ժամանակ ընկերության գործադիր տնօրեն Էնդի Բայրոնը գրկել է ընկերության HR դեպարտամենտի տնօրեն Քրիստին Քաբոթին։ Էնդի Բայրոնն ամուսնացած է Մեգան Քերիգան Բայրոնի հետ և ունի երկու զավակ: Քրիստին Քաբոթը վերջերս է ամունսալուծվել Քենեթ Թորնբիից։
«Astronomer ընկերությունը հավատարիմ է այն արժեքներին և մշակույթին, որոնք մեզ առաջնորդել են մեր հիմնադրումից ի վեր։ Մենք ակնկալում ենք, որ մեր ղեկավարները կսահմանեն վարքագծի և հաշվետվողականության չափանիշներ», - ասվում է ընկերութան մեջ։ Բանն այն է, որ ընկերությունը սահմանել է ներքին վարքականոն, որով բացառվել են ընկերության վերադաս պաշտոնյաների և ենթակա աշխատակիցների միջև սեռական կապերը, եթե բարձր պաշտոնյան օգտագործում է վերադասությունը։ Հետևաբար՝ կարելի է ասել, որ Փաշինյանը խեղաթյուրում է իրականությունը։ Այստեղ դավաճանության մասին չէ խոսքն, այլ ընկերության սահմանած արժեքների պաշտպանության, որոնցով մերժելի են սեռական կապերը վերադասի և ենթակաների միջև։ Ի դեպ՝ այս նորմը գործում է ոչ միայն ամերիկյան ընկերություններում, այլև պետական համակարգում։ Կան դատական նախադեպեր այսօրինակ սկանդալային գործերով։
Այսինքն՝ ընկերությունը հետաքննում է տնօրենի և ենթակայի միջև սեռական կապը, որը սահմանված սկզբունքների ենթադրյալ խախտում է։ Եթե ընկերության ղեկավարը սիրավեպ ունենար այլ կնոջ հետ, որը տվյալ ընկերության հետ կապ չունենար, ապա նրա արտամուսնական կապերի հարցը ընկերության հետաքննութան առարկա չէր դառնա։ Հետևապես՝ Փաշինյանի համեմատությունը տեղին չէ։
Սակայն ՔՊ ղեկավարը, ՔՊ-ական պաշտոնյաները կարող են իրական դաս քաղել այս պատմությունից։ Կարող են օրինակ վերցնել Astronomer IT ընկերությունից և ՔՊ-ի ներսում բարոյական վարքականոն սահմանել, որով բարձր պաշտոնյաները սկզբունքորեն կհրաժարվեն սեռական կապեր ունենալ ենթակաների հետ, օգտագործելով իրենց վերադաս դիրքը։ Եթե այսպիսի սկզբունքային հետևություն անեն և այսպիսի վարքականոն սահմանեն, ապա կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը մի դրական բան վերցրեց Astronomer IT ընկերության տնօրենին առնչվող սկանդալային պատմությունից։ Որպես առաջին քայլ՝ ՔՊ-ական բարձր պաշտոնյաները կարող են չսպասել ներքին հետաքննության արդյունքներին, այլ հրապարակավ խոստովանել, պատմել հանրությանն իրենց արտամուսնական կապերի մասին, իսկ ՔՊ վարչությունը կարող է նրանց պատմությունների հիմքով պաշտոնանկ անել այն պաշտոնյաներին, որոնք ենթակաների հետ սեռական կապեր են ունեցել, օգտագործելով իրենց վերադասությունը։ Այս շարքում առաջինը Ալեն Սիմոնյանը կարող է պատմել իր ամուսնալուծության պատճառի մասին, հերքելվ կամ հաստատելով ասեկոսեն, թե պատճառը կնոջը դավաճանելն է եղել։ Այսինքն՝ եթե ՔՊ-ն դաս քաղի Astronomer սկանդալից, ապա բազմաթիվ պաշտոնանկություններ կարող են լինել։
Այսպիսի դրական փոփոխությունը գուցե նաև դրական կանդրադառնա ՔՊ-ի վարկանիշի վրա։ Մարդիկ կարող են վստահ ասել, որ ՔՊ-ն սրիկաների հավաքատեղի չէ, բարոյական սկզբունքներ ունեցող մարդիկ են, քաղաքական պաշտոնյաները ենթակաների հետ սեռական մութ կապերի մեջ չեն, չեն դավաճանում իրենց կանանց, չեն արատավորում իրենց, քաղաքական գործչի կերպարը, կուսակցությունն ու պետական համակարգը։
Թաթուլ Մկրտչյան