Oragir.News-ը վերջին շրջանում պարբերաբար ահազանգեր էր ստանում, որ մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում, ինչպես նաև հարակից մարզերու ջրանջատումները հաճախակի բնույթ են ստացել։
Այս կապակցությամբ գրավոր հարցում էինք ուղարկել «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ հետաքրքրվելով, թե ինչով են պայմանավորված վերջին շրջանում հաճախակի դարձած ջրանջատումները, մասնավորապես՝ Եղվարդում և Բյուրեղավանում։
Ստորև ամբողջությամբ ներկայացնում ենք ընկերության պարզաբանումը.
«Ի պատասխան Ձեր հարցադրումների՝ տեղեկացնում ենք, ջրամատակարարման համակարգում տեղի ունեցող ջրանջատումներն ունեն երկու հիմնական պատճառ. ջրագծի կամ համակարգի այլ ինժեներական կառույցների վթար և պլանային աշխատանք (նոր շինարարություն, վերանորոգում, ջրագծերի միացում, սարքավորումների տեղադրում)։ Իսկ վթարների գլխավոր պատճառը համակարգի կառույցների ֆիզիկական մաշվածությունն է, որոնք տեղի են ունենում հանկարծակի և միշտ չէ, որ թույլ է տալիս դրա մասին նախապես տեղեկացնել հանրությանը: Անկախ նրանից՝ վթարը փոքր է թե մեծ, ընկերությունը արձագանքում է դրանց օպերատիվորեն` փորձելով առաջացած խնդիրը լուծել հնարավորինս արագ: Բայց նույնիսկ պլանային աշխատանքների ավարտին նոր կառույցը գործող ցանցին միացնելու համար անհրաժեշտ է լինում ջրանջատում իրականացնել։
Հետևաբար ջրանջատումներն անխուսափելի են։ Իսկ վթարների կանխարգելման լավագույն ձևը ներդրումներն են համակարգում, ինչը հետևողականորեն իրականացվում է։ Նշենք նաև, որ ամռան ամիսներին սպառման պիկով պայմանավորված, ինչպես նաև խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու հետևանքով առաջանում են որոշակի խնդիրներ: «Վեոլիա Ջուր» ընկերությունն ամենօրյա աշխատանք է տանում այս 2 ուղղություններով էլ։ Մի կողմից ջրաշինարարական մեծածավալ աշխատանքներ է իրականացնում իր սպասարկման բնակավայրերում, նորացնում ջրագծերն ու բաշխիչ ցանցը, մյուս կողմից պայքարում ապօրինությունների դեմ՝ բերելով դրանք օրինական դաշտ: Իսկ դրա ապացույցը այս տարիների ընթացքում համակարգում ջրի կորստի նվազումն է։
Տեղեկացնում ենք, որ Եղվարդ քաղաքում Ընկերությունն այս օրերին սպասում է պատկան մարմինների շինթույլտվությանը՝ Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով ներդրումներ իրականացնելու և մեծ ջրակորուստներ արձանագրող հատվածում վերակառուցում սկսելու համար։ Հետևաբար, Եղվարդի մեր սպառողներից այս ընթացքում ակնկալում ենք համբերատարություն, որովհետև ժամանակ է պետք խնդիրները աստիճանաբար լուծելու համար: Հավաստիացնում ենք, որ կլինի Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով, թե սեփական ուժերով «Վեոլիա ջուր» ընկերությունը առաջնորդվելով վարձակալության պայմանագրով, պարտաճանաչ կատարում է իր ներդրումները և ապահովում է իր առջև դրված խնդիրների լուծումը։ Սակայն դա չի նշանակում, որ ոլորտի բոլոր խնդիրները՝ այդպիսով՝ ամբողջությամբ լուծվելու են:
Համակարգը շարունակական ներդրումների կարիք ունի։ Ինչ վերաբերում է Բյուրեղավան քաղաքի Ձեր հարցադրմանը, ապա տեղեկացնում ենք, որ այստեղ խնդիրը ևս կապված է եղել ջրաքանակի մեծ սպառման հետ, ինչի հետևանքով էլ ջրատարում և ներքին ցանցում առաջացել է ճնշման անկում։ Ընկերության մասնագետների կողմից կարգաբերման աշխատանքներ իրականացնելուց հետո քաղաքում կանոնավոր ջրամատակարարումը վերականգնվել է։ Ընկերությունը քաջ գիտակցելով սպառողների կրած անհարմարությունները՝ հավաստիացնում է, որ այս բոլոր աշխատանքները, ցավոք, առանց ջրանջատման հնարավոր չէ իրականացնել։
Հատկապես ամռան օրերին ջրանջատման պատճառած անհարմարությունը հնարավորինս մեղմելու համար մոբիլիզացվում են բոլոր ռեսուրսները՝ հնարավորինս արագ աշխատանքներն ավարտելու համար։ Նշենք նաև, որ սպառողները իրենց բնակավայրում առկա խնդիրների մասին կարող են տեղեկացնել 1-85, 011-300-185 եւ 0 800 00 185 հեռախոսահամարներով, ինչպես նաև գրել ընկերության veolia.am Հետադարձ կապ բաժնով կամ ֆեյսբուքյան էջով: Իսկ ջրանջատումների մասին սպառողները կարող են տեղեկանալ Ընկերության հեռախոսային կենտրոնից, կայքէջից, տելեգրամյան ալիքից, զանգվածային լրատվամիջոցներից, ինչպես նաև բաժանորդագրվել Ընկերության տելեգրամյան բոտին»:
Հարգանքով՝ Գլխավոր տնօրեն Մ. Շահինյան