«Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման մասին ՀՀ պատկերացումներն արտահայտված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում»,- նման գրառում է արել ԱԳՆ խոսնակը՝ նշելով․ «Ինչ վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա խնդրում ենք հիմք ընդունել և հրապարակել ԱԳՆ խոսնակի այսօրվա պաշտոնական հրապարակումը, որում հերթական անգամ վերահաստատվել է ՀՀ դիրքորոշումը. դրանից տարբերվող պայմանավորվածություն չկա և չի կարող լինել»։
Դիվանագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, Oragir.News-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը և պատասխանելով հարցին, թե տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումն ինչ կտա Հայաստանին, ասաց․
«Բնականաբար, ոչինչ չի տա, որովհետև դա միայն ցանկություն է, ոչ թե պայմանավորվածություն։ Երբ հանդիպեցին Աբու Դաբիում, այդտեղ հստակ շոշափվել է, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը, բայց որևէ այլ ճանապարհի ապաշրջափակման մասին խոսք չի գնացել։ Մենք լսե՞լ ենք, արդյոք, որ, օրինակ, հայկական կողմն ուզել է Նախիջևանով դեպի Իրան ճանապարհի կամ երկաթուղու բացումը։ Ո՛չ։ Հիմա ԱԳՆ-ն ընդամենը ցանկություն է արտահայտում։ Ռուսը մի լավ խոսք ունի՝ «хотеть не вредно», բայց դա ոչինչ չի տա»։
Արա Պապյանի կարծիքով՝ նման պահանջը հայկական կողմը ո՛չ բանակցությունների ժամանակ է բարձրացրել, ո՛չ էլ ադրբեջանական կողմն է որևէ կերպ ակնարկել, որ պատրաստ է այդ հարցում զիջել։
«Հետևաբար՝ դա ներքին լսարանին ուղղված, նրա բերանը փակելու քայլ է, ուրիշ ոչինչ։ Որովհետև հանրության մեջ դժգոհություններ են առաջանում, թե ինչու ենք մենք անընդհատ զիջում։ Որպեսզի այդ մարդկանց ասեն՝ ա՛յ տեսեք, դրա դիմաց էլ մենք ենք ապաշրջափակում, ճանապարհները բացում ենք։ Կրկնում եմ՝ մենք այդ հարցը երբևէ չենք դրել բանակցային սեղանին։ Մենք չենք տեսել ու լսել, որ Աբու Դաբիում խոսվեց Երևան-Երասխ-Ջուլֆա, այնուհետև իրանական Ջուլֆա երկաթուղու գործարկման մասին, կամ Երևան-Մեղրի երկաթուղու բացման մասին։ Այդ թեման չի քննարկվել երբևէ»,- եզրափակեց դիվանագետը։