Տարօրինակ ու խնդրահարույց գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը, որը հանրային լայն արձագանք է ստացել։
«ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որեւէ խնդիր չեն ունենա։ Նրանք ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն եւ նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի»,- հուլիսի 2-ին իր էջում գրել է Փաշինյանը։
Այս գրառումը խնդրահարույց է մի քանի առումներով։
Առաջին հերթին այն խնդրահարույց է իրավական առումով։ Աշխատանքից ազատվելու, աշխատավարձ ստանալու հարցերը կարգավորվում են Աշխատանքային օրենսգրքով, համապատասխան հիմքերով։ Եթե գործատուն չի վճարում աշխատավարձը կամ աշխատաքից հանիրավի ազատում է աշխատողին, ապա վերջինս իր իրավունքները կարող է վերականգնել դատարանով։ Այդպիսի բազմաթիվ դրական նախադեպեր կան։ Աշխատանքային օրենսգրքում նախատեսված չէ, որ վարչապետն է որոշում, թե մասնավոր, առաջիկայում, հավանաբար՝ պետական ընկերությունում աշխատողներից ո՞ւմ պետք է աշխատանքից ազատել, ո՞ւմ վերականգնել, ո՞ւմ աշխատավարձ կամ փոխհատուցում տալ և այլն։ Կողմնակալ դիտորդը կարող է կարծիք հայտնել, թե ՀՀ-ում փակվելու է օրենսգիրքը, և աշխատանքային հարաբերությունները կարգավորվելու են Փաշինյանի գրառումներով։ Իսկ իրավական առումով՝ այսպիսի միջամտությունը կարող է դիտել որպես լիազորությունների չարաշահում։
Խնդրահարույց է նաև բարոյական առումով։ Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի աշխատողների մի մասը նրա մերձավոր մարդիկ են՝ ընկերներ, հեռու, մոտիկ բարեկամներ և այլն։ Ինչպե՞ս կարող են անտարբերություն ցուցաբերել, երբ դատվում է իրենց միլիարդատեր ընկերը, բարեկամը, գործընկերը։ Վերջիններիս կողմից նման անտարբերությունը կարող է դիտվել որպես անբարո արարք։ Այսինքն՝ եթե Սամվել Կարապետյանին պաշտպանելու հարցում ՀԷՑ-ի աշխատողների մասնակցությունը որոշ խնդիրներ կարող է առաջացնել ՔՊ-ական իշխանության համար, ապա ավելի մեծ խնդիր կառաջանա, եթե մարդկանց անբարո արարքն արդարացվի, խրախուսվի ընկերադավությունը, բարեկամության ուրացումը և այլն։
Խնդրահարույց է նաև արժեբանական առումով։ ՀՀ-ն ժողովրդավարական պետություն է։ ՀՀ քաղաքացին խաղաղ հավաք, ցույց անելու իրավունք ունի։ Որևէ մեկն իրավունք չունի արգելելու մարդուն մասնակցելու հավաքի կամ ցույցի, եթե դրանք օրինական հիմքով արգելված չեն։ Այսինքն՝ այս գրառումը կարող է կասկածի հիմք տալ, թե ՔՊ-ական իշխանությունները ոտնահարում են ժողովրդավարությունն ու վարչական ռեսուրս կիրառում քաղաքական մրցապայքարում։
Ի վերջո՝ ակնհայտ է, որ ՔՊ-ական իշխանությունը, Սամվել Կարապետյանին թիրախավորելով, նրան դարձնում է քաղաքական գործիչ, ներգրավում քաղաքական մրցապայքարում, վերածում Փաշինյանի մրցակցի, նրա շուրջ միավորելով ռուսամետ ուժերին, որոնք օրեցօր թուլանում են օբյեկտիվորեն։ Քաղաքագետների կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը միայն ռուսամետների հետ մրցապայքարում հաղթելու շանս ունի, քանի որ, ըստ հարցումների՝ ռուսամետ ընտրազանգվածն օրեցօր նվազում է։ Եթե մրցակիցները քյառթու ռուսամետ չլինեն, եթե նրանց առաջնորդը վառ ռուսամետ դիրքորոշումներով հանդես չգա, ինչպես ամեն օր բանտից ուղերձով անում է Սամվել Կարապետյանը, ապա Փաշինյանը չի կարող հաղթել 2026-ին։ Հավանաբար` աշխարհում հիմար չեն, և կասկածում են, որ Սամվել Կարապետյանին խաղի մեջ ներքաշելը քաղաքական խարդավանք է կազմակերպված Փաշինյանի և Պուտինի երկկողմ պայմանավորվածությամբ։ Հավանաբար՝ այս կասկածները ցրելու համար է Փաշինյանը խնդրահարույց գրառումներ անում, թե տեսեք-տեսեք՝ Սամվել Կարապետյանը շատ հզոր մրցակից է, այնքան հզոր, որ նույնիսկ ՀԷՑ-ի խեղճ աշխատակիցներին զոռով հանում են ցույցի։
Կարճ ասած՝ Փաշինյանի խնդրահարույց սպառնալիքներն ու խոստումները ուղղված ՀԷՑ-ի աշխատակիցներին ոչ թե զսպելու են Սամվել Կարապետյանի շուրջ հանրային համախմբումն, այլ նպաստելու են դրան։ Ավելին՝ Փաշինյանի ցուցումով՝ ՀԵՑ-ից մի քանի տասնյակ մարդկանց կհեռացնեն գործից, որ նրանք բացառապես և ազատորեն քաղաքական պայքարով զբաղվեն, Սամվել Կարապետյանի համար կուսակցություն ստեղծեն, որ դրանով մասնակցեն 2026-ի ընտրություններին։ Այս առումով՝ Փաշինյանի խնդրահարույց գրառումը մանիպուլյացիա է, սադրանք։
Թաթուլ Մկրտչյան