Ստեփանավանից 7 կիլոմետր է հեռու կարմիր գրքում գրանցված ջրաշուշանների գյուղը ՝ Ուրասարը, որն իր հյուրերին դրախտավայր է հիշեցնում ու կրկին այստեղ գալու ցանկություն առաջացնում։ Լճի գեղեցկուհին՝ ջրաշուշանը, հուլիսին է ծաղկում։
Ջրաշուշանների լիճը գյուղը զարգացնելու ազդակ է դարձել։ Ամռանը հարյուրավոր զբոսաշրջիկներ են այցելում Ուրասար՝ հենց միայն ջրաշուշանները տեսնելու համար։ Նրանցից շատերը գիշերելու ցանկություն են հայտնում, բայց դեռեւս համապատասխան կացարաններ չկան։ Փոխարենը 300 բնակիչ ունեցող Ուրասարում կիսաքանդ ու լքված տներն են շատ։
Բնակիչների պատմելով, գյուղը տարհանելու և նրա տեղում լիճ կառուցելու նպատակ է եղել։ Բայց 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո այս խոսակցությունը փակվել ու ծրագիրն այդպես էլ չեն իրագործել։ Դրա համար շատերը իրենց տները չեն շենացրել: Ուրասարը նախկինում՝ Եկատերինա կայսրուհու կառավարման օրոք, ռուսների համար աքսորավայր է եղել: Գյուղն Ուրասար անունը ստացել է 1991-ին, մինչև այդ կոչվել Նովո Պակրովկա, ապա Կույբիշև։