Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։
Այսօր ուսումնասիրել ենք ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանի և նրա ամուսնու՝ Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։
Հիշեցնենք՝ Ժաննա Անդրեասյանը 2019-2020 թվականներին զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի, իսկ 2020-ի մարտից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 12-ը ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնը։ Անդրեասյանը ԿԳՄՍ նախարար նշանակվեց 2022-ի դեկտեմբերի 12-ին, երբ դրանից օրեր առաջ նախկին նախարար Վահրամ Դումանյանը պաշտոնանկ էր արվել՝ Բրյուսովի համալսարանի ռեկտորի ընտրությունները տապալելու համար (ռեկտոր էր ընտրվել ոչ թե իշխանությունների սրտի թեկնածու Դավիթ Գյուրջինյանը, այլ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը, որի ընտրությունն այդպես էլ կառավարության կողմից չհաստատվեց, ավելին պարտված թեկնածուին նշանակեց ռեկտորի ԺՊ,ով ավելի ուշ արդեն ոչ մրցակցային ընտրություններում ընտրվեց ռեկտորի պաշտոնում-խմբ.)։ Որպես անշարժ գույք՝ Ժաննա Անդրեասյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում, որը նա գնել է 2021 թվականի ապրիլի 1-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։
Որպես շարժական գույք՝ Ժաննա Անդրեասյանը հայտարարագրել է 2021 թվականի արտադրության HONDA մակնիշի ավտոմեքենա, որը վերջինս գնել է նախարար նշանակվելուց 1 շաբաթ անց՝ 2022-ի դեկտեմբերի 20-ին։ Տարեվերջին Անդրեասյանի HONDA-ն պահպանվել է։
Ժաննա Անդրեասյանը 30 մլն դրամ անտոկոս փոխառություն է ստացել եղբորից՝ Արտակ Անդրեասյանից։ Բացի այդ նա Կոնվերս բանկում տարեսկզբին ունեցել է 6 մլն 455․186 դրամ՝ 14 տոկոս անվանական տոկոսադրույքով, որը տարեվերջին կազմել է 4 մլն 770․665,6 դրամ։
Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 3 մլն 799․313 դրամ, տարեվերջին՝ 5 մլն 364․558,5 դրամ։ Կանխիկ միջոցներ Անդրեասյանը չի հայտարարագրել։
2024 թվականին Ժաննա Անդրեասյանի եկամուտները կազմել են 51 մլն 451․475 դրամ, որից 21 մլն 451․475 դրամը ԿԳՄՍՆ-ից ստացած աշխատավարձն է, 30 մլն դրամը Արտակ Անդրեասյանից ստացած փոխառությունը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլն 775․665,6 դրամ։
Անդրեասյանն իր եկամուտներից 30 մլն դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։
Նախարարի ամուսինը՝ Պետրոս Ղազարյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է կնոջ հայտարարագրած բնակարանը՝ Քանաքեռ–Զեյթունում, որը ձեռք է բերել 2022 թվականի մարտի 9-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ առանձնատուն՝ Աջափնյակում, որը ձեռք է բերել 2 օր անց՝ մարտի 11-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, Ղազարյանը չի հայտարարագրել։
Պետրոս Ղազարյանը 3 բանկերում տարեսկզբին ունեցել է ընդհանուր 77 մլն 448․912,8 դրամ փոխառություններ, տարեվերջին՝ 39 մլն 848․672,8 դրամ։
Վերջինիս բանկային հաշիվները տարեսկզբին դատարկ են եղել, իսկ տարեվերջին դրանցում եղել է 120․287 դրամ։ Կանխիկ միջոցներ ևս Ղազարյանը չի հայտարարագրել։
2024 թվականի հաշվետու տարում Պետրոս Ղազարյանի եկամուտները կազմել են 44 մլն 904․158 դրամ, որից 16 մլն 675․993 դրամը Հ1–ից ստացած աշխատավարձն է, 28 մլն 44․080 դրամը՝ քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտը, իսկ 184․085 Նորք գովազդային գործակալությունից քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտը։
Պետրոս Ղազարյանն իր եկամուտներից 14 մլն 782․713,7 դրամ հատկացրել է իր վարկերի մարմանն ուղղված վճարումներին։