Դադարեցնել ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ հանրային մուլտիպլեքսով. հայտարարություն
copy image url

Դադարեցնել ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ հանրային մուլտիպլեքսով. հայտարարություն

Ներքին 3 ժամ առաջ - 15:27 23-06-2025
Շուրջ մեկ տասնյակ հայաստանյան լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի հերթական անպարկեշտ և վիրավորական արտահայտություններին ու որակումներին։

Հայտարարությունում ասվում է. «Հայաստանյան լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վերջին օրերին լայն արձագանք են ստացել հունիսի 18-ին «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի հեղինակ-վարողի հերթական անպարկեշտ և վիրավորական արտահայտություններն ու որակումները ՀՀ իշխանությունների, պետության ու ժողովրդի հասցեին։

Հիշեցնենք, որ Սոլովյովը, վրդովվելով Երևանում ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալման փաստից, ՀՀ իշխանություններին և մասնավորապես վարչապետին անվանել է սրիկա, ծախու, «թուրքոլ» (թուրքամետ) և տարակուսել, թե՝ «Հայաստանի ժողովուրդը որևէ մասնակցություն ունի՞ երկրի ճակատագրին վերաբերող հարցերին, թե՞ շուտով Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին․․․»։

Եթե հաշվի առնենք վերոհիշյալ հեռուստաընկերության պետական կարգավիճակը և այն, որ Վլադիմիր Սոլովյովը փաստացի Կրեմլի կարկառուն քարոզիչներից մեկն է, ապա կարելի է եզրակացնել, որ նա արտահայտել է Ռուսաստանի իշխանական ատյաններում առկա դիրքորոշումը, որը հետագա օրերին որևէ կերպ չի հերքվել։ Ավելին՝ նույն առիթով նմանատիպ տեսակետներ են հայտնել նաև իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորներ և Կրեմլի տրամադրությունները տարածող փորձագետներ։

Այսպիսով, ևս մեկ անգամ ակնհայտ է դառնում, որ ռուսաստանյան իշխանություններին մոտ կանգնած շրջանակները և մեդիա ռեսուրսները ջանում են ակտիվորեն միջամտել Հայաստանի հասարակական-քաղաքական և նույնիսկ իրավական գործընթացներին՝ փորձելով ներազդել մեր երկրի ներքին իրավիճակի վրա գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

Հայտնի է, որ վերջին տարիներին արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ ռուսական լրատվամիջոցները, այդ թվում՝ ՀՀ տարածքում հեռարձակվող ՌԴ պետական հեռուստաընկերությունը, խախտելով օրենսդրական և մասնագիտական տարրական պահանջները, տարածել են ապատեղեկություն, կեղծ լուրեր, ատելություն և խտրականություն պարունակող բովանդակություն, ակնհայտ վիրավորանք Հայաստանի հասցեին։ Այդ դատապարտելի արշավի առաջամարտիկներից եղել և մնում է վերոհիշյալ Սոլովյովը՝ իր կողմից հրավիրվող «փորձագետներով» հանդերձ։

Դա է պատճառը, որ նրա հաղորդումներն արգելափակվել են ՀՀ հանրային մուլտիպլեքսում, և նույնիսկ հայ-ռուսական միջգերատեսչական բանակցությունների արդյունքում այդ որոշումը չի վերանայվել։ Նման խնդիրներ են առաջացել նաև Հայաստանում գործող ռուսական այլ լրատվամիջոցների հետ։

Քանի որ կիրառված միջոցները բավարար ազդակ չեն դարձել ՌԴ-ում որոշում կայացնողների համար, մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, պահանջում ենք ՀՀ կառավարությունից.

խզել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, ինչի համար կուտակվել են բազմաթիվ հիմնավորումներ, և այդ քայլով իսկ դադարեցնել ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ հանրային մուլտիպլեքսով,

անհրաժեշտ այլ միջոցառումներ ձեռնարկել և համապատասխան քննարկումներ կազմակերպել փորձագիտական հանրության հետ՝ Հայաստանի տեղեկատվական միջավայրը օտարերկրյա հիբրիդային ազդեցությունից պաշտպանելու նպատակով։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Ամենից շատ դիտված

08:45 Ի՞նչ անել, երբ տեղեկություն տարածվի, որ մեզ ճառագայթային ամպ է մոտենում
20:37 Ա՛յ հիստերիկ, ագրեսիվ ոջիլ, այս մարդը նվիրատվություն է անում, որ մարդիկ օգտվեն․ Աննա Հակոբյան
22:49 Մենք մեր ձևով կպահանջենք արդարություն, և ճշմարտությունը մեր կողմն է․ Սամվել Կարապետյանի որդու տեսաուղերձը
15:35 Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
22:22 Ո՞վ է պատասխան տալու․ 53 լիտրանոց գազաբալոնը լիցքավորում են 55 լիտր գազով
13:54 Հորեղբայրը խեղդամահ է արել 16-ամյա զարմուհուն՝ «մուրացկան» անվանելու պատճառով
09:05 Սամվել Կարապետյանին ստիպում են, որ վերածվի քաղաքական գործչի
11:32 ՌԴ–ում ձերբակալել են Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը գողացված ադամանդներ մատակարարած հանցախմբին
20:55 Ահաբեկչական հարձակում՝ Դամասկոսի եկեղեցում պատարագի ժամանակ. կան զոհեր
15:00 Վարձով են տրվում նախագահական նստավայրը, ՆԳՆ, ԱԱԾ և այլ շենքերը