Ներքին 11 ամիս առաջ - 16:44 21-06-2025

Ոստիկանության զորքերի ծառայողների համազգեստը պատասխանատվության խորհրդանիշ է․ ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 21-ին Ոստիկանության զորքերի կենտրոնական վարչակազմում մասնակցել է Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։

Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, ներկա էին Ոստիկանության պետը, ՆԳ նախարարի տեղակալները, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության ծառայողներ։

Նախարարության ղեկավարությանն է ներկայացվել զորքերի սպառազինությունը, տեխնիկական հագեցվածությունը։

Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Ոստիկանության զորքերը Հայաստանի պետականության ամրապնդման, հասարակական կարգի և անվտանգության ապահովման, ինչպես նաև սահմանադրական կարգի պահպանման գործում ունեցել և շարունակում են ունենալ լրջագույն ներդրում։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ծառայության համար՝ դիմել է ոստիկանության զորքերի ծառայողներին և նշել, որ նրանց համազգեստը ոչ միայն աշխատանքի կամ ծառայության նշան է, այլև մեր քաղաքացիների և պետության հանդեպ վստահության ու պատասխանատվության խորհրդանիշ։

Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ինչպես Ոստիկանության զորքերի կայացման, այնպես էլ պետականաշինության գործում անգնահատելի դեր են ունեցել երկրի սահմանների պաշտպանության համար և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանները, որոնք դա ապացուցել են կյանքի գնով՝ սերունդներին ժառանգելով նվիրական ծառայության օրինակ։

Նախարարի խոսքով՝ կարևոր ու խորհրդանշական է, որ զորքերի կազմավորման 33-ամյակը համընկել է ոստիկանության ոլորտում իրականացվող արմատական բարեփոխումների փուլին, որն ուղղված է հանրային անվտանգության ապահովման նոր չափանիշների ձևավորմանը։

Բարեփոխումների համատեքստում Արփինե Սարգսյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ՝ ընդգծելով օրենսդրական դաշտի կարգավորման, ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացման, շարունակական վերապատրաստման և սոցիալական երաշխիքների ապահովման կարևորությունը։

Նախարար Սարգսյանի խոսքով՝ գվարդիայի ստեղծմամբ հասարակական կարգի և անվտանգության ապահովման գործընթացը կընդլայնվի նոր մեթոդներով ու մոտեցումներով՝ այս ուղղությամբ կարևորելով ծառայողների ամենօրյա ինքնակատարելագործմանն ուղղված աշխատանքները։ Նա վստահեցրել է, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ոստիկանության գվարդիան կներկայանա նոր ոճով, նոր տեսքով և նոր մոտեցումներով, ինչը քաղաքացիներին կապահովի հասարակական կարգի պահպանման ավելի բարձր որակ։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը բարեխիղճ ծառայության համար պարգևներ են հանձնել մի խումբ ծառայողների։

Միջոցառման շրջանակում ոստիկանության զորքերը հանդես են եկել ցուցադրական վարժանքներով։

Տոնական միջոցառումը եզրափակվել է Ոստիկանության զորքերի երգի և պարի համույթի կատարումներով։

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան
16:07 Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, նրա ելքը երկրից արգելվել է