Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:08 12-06-2025

Մեր տարածաշրջանում իրավիճակը տեսանելիորեն շիկանում է. Արմեն Պետրոսյան

Քաղաքագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մեր տարածաշրջանում իրավիճակը տեսանելիորեն շիկանում է

Մեր տարածաշրջանում իրավիճակն այս պահին առնվազն քաղաքական և քարոզչական հարթություններում տեսանելիորեն շիկանում է։ Ընթացիկ շաբաթվա ավարտին նախանշված ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական շրջափուլին ընդառաջ՝ կողմերը կիրառում են քաղաքական, քարոզչական, հոգեբանական ճնշման լայն գործիքակազմ։

Վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ից ամենաբարձր՝ նախագահի մակարդակով հայտարարվում է թերահավատություն հնարավոր գործարքի հաջողման հարցում։ Պաշտպանական ոլորտի պատասխանատուները քննարկում են խնդրի լուծման հնարավոր ռազմական սցենարներ, ամերիկյան մեդիայում պարբերաբար հրապարակվող տարաբնույթ «ներքին» տեղեկություններն ավելի են մեծացնում լարվածությունը։

Բնականաբար իրանական կողմն էլ պատասխանում է համարժեք՝ նախագահ, ԱԳն, ՊՆ և այլ մակարդակներով՝ հռետորոբանության հարթությունում առաջ մղելով սեփական պաշտոնական դիրքորոշումն «ուրանը սահմանափակ հարստացնելու» իրավունքի վերաբերյալ, քարոզչական տեսնկյունից՝ ի ցույց դնելով նոր հեռահար զինատեսակների փորձարկման բովանդակություն, սեփական անվտանգությունն ապահովելու և թշնամիներին թիրախավորելու հին և նոր հնարավորությունները։ Ի դեպ, Իսրայելի միջուկային կարողություններն առնչվող գաղտնի տեղեկատվության ստացման վերաբերյալ վերջին հրապարակումներն էլ հստակ ուղերձ են հրեական պետությանն առ այն, որ ի պատասխան Իրանի դեմ թիրախային գործողությունների՝ Թեհրանն ընդունակ է համարժեք պատասխանելու։

Ներկա իրավիճակային գնահատականի համատեքստում, իհարկե, այս պահին մեծ պատերազմի սցենարը շարունակում է զիջել դիվանագիտության հնարավորություններին, և ներկայում հենց դիվանագիտական հարթությունում դիրքերի ամրապնդման նպատակով կողմերը փորձում են կիրառել ողջ օժանդակ զինանոցը, ռազմաքաղաքական մանևրները։

Բայցևայնպես, հերթական անգամ հիշեցման կարգով՝ շատ մեծ է հավանականությունը, որ Իրանի դեմ ռազմական սցենարի կիրառման դեպքում Հարավային Կովկասն Ադրբեջանի ձեռամբ (որը տևական ժամանակ պատրաստվում է տարածաշրջանային պատերազմին) ևս ներքաշվելու է հնարավոր ռազմական գործողությունների մեջ»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում