Կա հարկ՝ չկան մարդկային պայմաններ, կան կեղտ, փոշի ու աղմուկ 
copy image url

Կա հարկ՝ չկան մարդկային պայմաններ, կան կեղտ, փոշի ու աղմուկ 

Միտք Ներքին 1 օր առաջ - 17:00 12-06-2025
ԶՊՄԿ-ն, լինելով ՀՀ ամենախոշոր հարկատուն, կարող է դառնալ նաև ամենաօրինակելի հիմնարկությունը։ Հունվարին այստեղ սկսված գործադուլը ցույց տվեց, որ խնդիրներ կան կուտակված։ Գործադուլի պահանջներից մեկն այն էր, որ թիվ մեկ հարկատուն «չի ապահովում աշխատակիցների տարրական իրավունքները»։ ԶՊՄԿ աշխատակիցները, հավանաբար, ոգևորվել էին, որ ՀՀ կառավարությունը դարձել է 21,9 տոկոսի բաժնետեր, կարող են ուշադրություն դարձնել նաև սիրելի ժողովրդի, հպարտ քաղաքացիների աշխատանքային պայմաններին։ Այս հույսը չարդարացավ։

Հանրային մեծ արձագանք գտած գործադուլը բան չփոխեց։ Պահանջները կամ գոնե դրանց մի մասը բավարարելու փոխարեն ԶՊՄԿ-ն մոտ 4,7 միլիարդ դրամի պահանջով դիմեց դատարան՝ ընդդեմ աշխատակիցների, ովքեր մասնակցել են գործադուլին և այնուհետև հեռացվել աշխատանքից։ Թվում էր, թե դատական պահանջին զուգահեռ գոնե ինչ-որ չափով կբարելավվեն աշխատանքային պայմանները կոմբինատում։ Ցավոք՝ այս հույսերն էլ են սին։

Oragir.News-ի ձեռքի տակ հայտնվել է բացառիկ տեսանյութ, որում պարզ երևում է, որ փոշու ու աղմուկի մեջ են աշխատում Զանգեզուրի կոմբինատի մանր և միջին ջարդման արտադրամասի աշխատակիցները։ Այս իրավիճակը շատերի գնահատմամբ՝ անմարդկային է։

Ինչո՞ւ 21,9 տոկոս բաժնեմաս ունեցող Կառավարությունը չի բարելավում ԶՊՄԿ աշխատանքային պայմանները։

Զարգացած երկրներում սոցիալ հոգեբանները «մարդկային հարաբերություններ», «մարդկային պայմաններ» ասելով, նկատի ունեն աշխատանքային հարաբերությունները, աշխատանքային պայմանները։ Իշխանությունները ուշադիր են, որ աշխատանքային պայմանները լինեն մարդկային։ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հիշեցնում է, որ ընդհանուր բարեկեցության աղբյուրը հարկերն են։ Սակայն բարեկեցության, լավ ապրելու, երջանիկ լինելու համար անհրաժեշտ է նաև պայմանները բարելավել։ Օրինակ՝ կառավարությունը իր շահաբաժնի մի չնչին մասը կարող է ուղղել կոմբինատի աշխատակիցների աշխատանքային պայմանները մարդկային դարձնելուն։ Սա ոչ միայն սոցիալական պատասխանատվության հարց է, այլև այդպիսով՝ Կառավարությունը ցույց կտա, որ կոմբինատից ստացված շահույթի մի մասը կարող է հասնել հենց կոմբինատին, նրա աշխատակիցների պայմանների բարելավմանը։ Հակառակ պարագայում՝ հարկ վճարողին հերոսացնելը կարժեզրկվի։ Կարող են ասել՝ կա հարկ, բայց աշխատանքային պայմանները մարդկային չեն։

Բազմաթիվ հետամնաց երկրներ կան, որտեղ մարդիկ աշխատում են ստրկական պայմաններում, կեղտոտ, փոշոտ արտադրամասերում, առանց հատուկ պաշտպանիչ միջոցների, օդափոխության, խելագար աղմուկի մեջ։ Այդպիսի ձեռնարկությունները նույնպես հարկեր են վճարում։ Սակայն ի տարբերություն Հայաստանի, հետամնաց երկրներում աշխատողի իրավունքների, մարդու իրավունքների հանդեպ հարգանք չկա, մարդկային պայմաններ չկան։ Փողն արժեք է, հարկ վճարելը՝ պարտադիր, բայց մարդն արժեք չէ։ ԶՊՄԿ գործադուլ անող աշխատակիցների բարձրացրած հարցերը, պահանջները ցույց տվեցին, որ չնայած՝ ՀՀ կառավարությունը դարձել է 21,9 տոկոսի բաժնետեր, 33 մլրդ դրամ շահաբաժին է ստանում և շատ մեծ հարկեր, սակայն ՀՀ-ն աշխատակիցների հետ վարվում է հետամնաց երկրի իշխանության պես։ ԶՊՄԿ-ից ստացված տեսանյությում արտացոլված աշխատաքնային անմարդկային պայմանները ապացույց են, որ ոչ միայն հարկեր, այլև շահույթ ստացող կառավարությունը մարդկային պայմանների հարցում անտարբեր է, ինչպես անտարբեր են հետամնաց երկրի իշխանությունն ու ձեռնարկատերերը։

Կարճ ասած՝ չի բացառվում, որ առաջիկայում գործադուլներ կլինեն աշխատանքային պայմանները մարդկային դարձնելու պահանջով։ Սակայն լավ կլինի, որ Նիկոլ Փաշինյանը չսպասի գործադուլներին, այլ այսօր վերանայի վերաբերմունքը։ Այն ձեռարկություներում, որտեղ պետությունն է սեփականատեր կամ բաժնետեր, կառավարությունը կարող է մարդկային պայմաններ ապահովել։ Այդպես կապացուցվի, որ մարդն արժեք է, մարդու իրավունքները գերակայություն են, կառավարությունը շահույթ ստանալուց ու հարկ հավաքելուց զատ՝ այլ բանի մասին էլ է մտածում։ Մասնավորապես՝ եթե ԶՊՄԿ-ից ստացած շահույթի մի մասն այսօր ուղղեն հետգործադուլային սթրեսի մեջ ցնցվող ԶՊՄԿ-ում աշխատանքային պայմանների բարելավմանն, ապա իրավիճակը, հավանաբար, որոշ չափով կհանդարտվի։ Ու եթե պետական մյուս հիմնարկներն էլ օրինակ վերցնեն, մասնավոր ձեռնարկություններին էլ պարտավորեցնեն, որ նույնպես վարվեն աշխատողների հետ, ապա որոշ ժամանակ անց ընդհանուր երջանկության ինդեքսը մի քանի կետով կբարձրանա, կմոտենա երջանիկ երկրների մակարդակին, Հայաստանը դուրս կգա հետամնաց փոսից։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված