Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. Փաստ
copy image url

Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. Փաստ

Մամուլ 17 ժամ առաջ - 08:55 10-06-2025
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում 2025-2026 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» նախագիծը։
Նշվում է, որ Հայաստանում առողջապահության բնագավառում առկա են բժշկական կադրային ներուժի պատրաստման, նրանց օպտիմալ և տարածքային համաչափ բաշխման խնդիրներ: Մարզերի կադրային պահանջարկի համալրման հիմնական մեխանիզմներից մեկն է նաև պետական պատվերի շրջանակում կլինիկական օրդինատուրան ավարտած մասնագետների պարտադիր նշանակման պրակտիկան:
Առողջապահության նախարարությունը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի, իսկ պաշտպանության նախարարությունը՝ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի ներկա իրավիճակը և ակնկալվող կադրային պահանջարկը, մարզային առողջապահական կազմակերպությունների կադրային բացը լրացնելու, Երևանի՝ կադրային գերհագեցած համակարգը բեռնաթափելու հարցը և Զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը:
Համաձայն առողջապահության նախարարության տեղեկատվության, նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի շահառուների մեծ մասը (մոտ 96 տոկոսը) ավարտելուց հետո գործուղվել են համապատասխան առողջապահական կազմակերպություններ: Աշխատանքից հրաժարվել է մոտ 4 տոկոսը, նրանք, համաձայն պայմանագրի, պարտավորվել են համապատասխան վճարումներ կատարել պետբյուջե:
Ի դեպ, ըստ մասնագիտությունների առավել պահանջված են ընտանեկան բժիշկները, անեսթեզիոլոգները և ռեանիմատոլոգները, թերապևտները, նյարդաբանները, վիրաբույժները, մանկաբույժերը և այլն:
Ի՞նչ է առաջարկվում։ Պաշտպանության, առողջապահության նախարարություններից և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամից ստացված հայտերի հիման վրա ԿԳՄՍ նախարարությունն ըստ մասնագիտությունների՝ կառավարության հաստատմանն է ներկայացնում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցման կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը:
Նպատակային կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը իրականացվում է մրցութային կարգով, ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով, օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ: Ուսումն ավարտելուց և ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ձեռք բերելուց հետո շահառուները պարտավորվում են աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ՝ վերջիններիս առաջարկած պայմաններով, առնվազն 3 տարի ժամկետով: