Մեզանում երբեմն չձևակերպվող, բայց հաճախ շատ ձևակերպվող ընկալում կա, թե զարգացած երկրներում ընտանեկան արժեքներ չկան, ընտանեկան արժեքները մեզ մոտ են, այնտեղ այլասերված արժեքներ են: Ես նորություն ունեմ մեզ համար, սիրելի՛ ժողովուրդ: Այդպես չէ: Բացարձակապես այդպես չէ, այնքան այդպես չէ, որ կարելի է զարմանալ: Այդ մասին Կառավարության մայիսի 29-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուրիշ խնդիր կա, որ ինչքան երկիրը զարգացած է, այնքան ընտանիքի մոդելը պակաս է հենված բռնության կուլտուրայի կամ բնության ենթամշակույթի վրա: Պարզվում է՝ ինչքան զարգացած է երկիրը, այնքան ընտանիքի յուրաքանչյուր անդամը, պատկերացրեք՝ ընդհուպ երեխաները, ունեն րրավունքներ, և սա զարգացածության չափանիշ է:
Ուզում եմ՝ մեր պատկերացումներն էլ մեր ավանդույթների և նահապետականության մասին ճշգրտենք: Ենթադրենք՝ այն, որ նահապետականությամբ մի երդիկով մի տանիքի տակ 4-5 ընտանիք են ապրել, դա ոչ թե նրանից է, որ այդպես լավ է, այլ աղքատության արտահայտություն է: Մենք դա էլ ուզում ենք սրբագործել:
Հարգելինե՛րս, որևէ պարագայում հարմար չէ, որ երկու ընտանիք նույն սենյակում կամ նույն տանն իրար հետ ապրեն: Հասկանո՞ւմ եք: Հազար ու մի հարց կա: Հարմար չէ ուղղակի, և դա դարձնեք, որ սա մեր նահապետական արժեքն է, որ տատը, պապը, երեխեն, թոռը, 4 երեխաները իրենց կանանց ու ամուսինների հետ նույն տանիքի տակ են ապրել, և սա մեր ավանդո՞ւյթն է:
Աղքատությունից է այդպես եղել: Տուն չեն ունեցել այդ մարդիկ, ժամանակ է եղել, որ կովերն էլ են նույն սենյակի մեջ ապրել, բայց դա չի նշանակում, որ դա մեր ավանդույթն է»,- ասաց Փաշինյանը և կարևորեց այս թեման բարձրաձայնելը:
Ըստ վարչապետի՝ լավ է, որ երկիրը զարգանում է այն տրամաբանությամբ, որ կանայք ևս սկսել են աշխատել և ձեռք են բերում տուն, ու ընտանիքներն առանձին են ապրում:
«Հասուն մարդն ինչո՞ւ պետք է իր ծնողի հետ ապրի, կարո՞ղ եք բացատրել: Կամ ինչո՞ւ չի կարող... Լա՛վ, ուզում է ապրել, դա ընտրության հարց է, ոչ ոք չի կարող ասել՝ այսպե՛ս արա կամ այնպե՛ս արա, բայց ասել, որ սա ավանդույթ չէ, դա ճիշտ բան չէ: Մարդկանց պետք է թողել ազատ իրենց ընտրությամբ: Ով ինչպես ուզում է՝ թող ապրի»,- ասաց նա և հավելեց, որ կարծիքը, թե առանձին ապրելը մեր ավանդույթներից մեզ հեռացնում է, ընդհակառակն է, դա ավելի է ամրացնում: