Ուղիղ եթեր
Ոչ թե զրպարտություն, այլ դառը ճշմարտություն. Oragir.News-ը ԵՊՀ ռեկտորին հրավիրում է հարցազրույցի
copy image url

Ոչ թե զրպարտություն, այլ դառը ճշմարտություն. Oragir.News-ը ԵՊՀ ռեկտորին հրավիրում է հարցազրույցի

Ներքին 1 օր առաջ - 16:00 28-05-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Մայիսի 16-ին Երևանի պետական համալսարանը, տոնում էր հիմնադրման 106-ամյակը։ Հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձ էր հղել ԵՊՀ ՔՊ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ բարձր գնահատելով հայ ժողովրդի կյանքում համալսարանի ունեցած դերակատարումը, ինչպես նաև ընդգծելով, որ այսօր էլ մայր բուհը շարունակում է մնալ կրթության արժևորման, գիտության նկատմամբ վստահության և գիտելիքի ստեղծման, պահպանման ու փոխանցման ամենակարևոր հարթակը մեր երկրում։

Oragir.News-ի «Խորագիր» հաղորդաշարի մայիսի 16-ի թողարկմանը, ի թիվս այլ թեմաների, անդրադարձ էր կատարվել նաև Հովհաննիսյանի շնորհավորանքին։ Գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանն այս շնորհավորանքն անբարոյականություն էր որակել՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ վերջինս մի իշխանության ներկայացուցիչ է, որը պատրաստվում է փակել ԵՊՀ, իսկ այս կործանարար ծրագրի դեմ պայքարելու փոխարեն՝ նա թույլ չի տալիս, որ բուհի ներսում որևէ պայքար ծավալվի։ Այս պնդումը վրդովեցրել է ՔՊ-ական ռեկտորին, ով իր մամուլի խոսնակի միջոցով Oragir.News-ին հերքման պահանջ է ներկայացրել՝ շեշտելով, թե իբր նման որոշման մասին որևէ տեղեկատվություն չկա։

Իհարկե ողջունելի է, որ Հովհաննես Հովհաննիսյանը որոշել է պայքարել ԵՊՀ-ի պատվի համար, որը նվաստացնելու միտում Oragir.News-ն ամենևին չի ունեցել և չունի, սակայն վերջինիս պայքարի ազնվության հարցում մենք կասկածներ չէինք ունենա, եթե նման մոտեցում նկատեինք անխտիր բոլոր, այդ թվում՝ իր քաղաքական առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների դեպքում։ Փաշինյանն ինչ-ինչ պատճառներից (հավանաբար իր ուսանողական տրավմաներից) ելնելով հաճախ է թիրախավորում ԵՊՀ-ն, սակայն մայր բուհի ղեկավարությունից այդ հայտարարությունները հերքելու կամ դրանց հակադարձելու համարձակություն դեռևս չենք նկատել․

Օրինակ՝ նախորդ տարի ապրիլին ՔՊ-ի քաղաքական դպրոցում ունեցած ելույթում Փաշինյանը Երևանի պետական համալսարանն անվանել էր «փախստականի ճամբար»։ Նա հեգնել էր, որ ի տարբերություն իրեն՝ շատերը համալսարանը սրբություն են համարում, բայց իրենց դիպլոմները նախընտրում են ստանալ համալսարանի պատերից դուրս։ ԵՊՀ ավելի քան 10 օր չէր արձագանքել Փաշինյանի ստորացմանը, իսկ երբ Oragir.News-ը բուհի մամուլի խոսնակ Քնար Միսակյանից հետաքրքրվել էր չարձագանքելու պատճառը, վերջինս խուսափել էր մեր հարցերին պատասխանելուց։

Հովհաննես Հովհաննիսյանի առաջնորդը ԵՊՀ-ն թիրախավորել էր նաև կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի նիստում, երբ խոսել էր այն մասին, որ վերջինս պետք է սովորի սուպերհամակարգիչ օգտագործել։ «Եթե սովորական պայմաններում ասես, ԵՊՀ-ն պետք ա սովորի, քարը, փետը, աթոռները, նստարանները կառնեն, կընկնեն հետևիցդ»,- նման անվայելուչ կերպով էր արտահայտվել կառավարության ղեկավարը, որը մամուլը վրեժխնդրություն էր որակել։ Փաշինյանի վրեժխնդրության պատճառն այն էր, որ ԵՊՀ-ում մերժել էին նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու առաջարկը, երբ վերջինս նախորդ տարեվերջին Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ղեկավար կազմի, դասախոսների, ուսանողների առաջ դասախոսություն կարդալուց հետո այլ ֆակուլտետներ այցելելու ցանկություն էր հայտնել։ Այս անգամ ևս ԵՊՀ ղեկավարությունը չէր համարձակվել արձագանքել Փաշինյանի անվայելուչ արտահայտություններին։

Ինչ վերաբերում է ԵՊՀ-ն փակելու պնդմանը, ապա հարկ ենք համարում հիշեցնել, որ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսվում է «Ակադեմիական քաղաք» հիմնադրել, որի շրջանակում պետական բուհերը Երևանի կենտրոնից պետք է տեղափոխվեն հիշյալ «քաղաք»։ Ընթերցողի մոտ գուցե տպավորություն ստեղծվի, որ ԵՊՀ-ն իր ողջ կազմով տեղափոխվելու է «Ակադեմիական քաղաք», սակայն ըստ հայեցակարգի՝ քաղաքում տեղակայվելու է մինչև 8 պետական բուհ։ Սա նշանակում է, որ ներկայումս գործող բուհերը խոշորացվելու են, և որպես այդպիսին Երևանի պետական համալսարանն այլևս գոյություն չի ունենա, կամ գոյություն չի ունենա առնվազն այն կառուցվածքով ու տրամաբանությամբ, որով մայր բուհը գործել է վերջին 106 տարում։

Մայր բուհից նաև անհամաձայնություն են հայտնել հաղորդաշարի շրջանակներում քաղաքագետ, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հնչեցրած այն պնդման կապակցությամբ, որ ԵՊՀ-ի ռենոմեն երբեք այսքան ցածր չի եղել՝ նշելով, թե իբր այս պնդումը չունի որևէ հիմնավորում, քանի որ թե՛ տեղական, և թե՛ միջազգային վարկանիշավորման բոլոր աղյուսակներում ԵՊՀ-ի արդյունքները շարունակաբար բարելավվում են։ Oragir.News-ի հետ զրույցում Մենուա Սողոմոնյանն ընդգծեց՝ ԵՊՀ ռեկտորը պետք է իմանա, որ գոյություն ունի խոսքի և կարծիքի ազատություն։

«Դա իմ կարծիքն է, իմ դիտարկումն է, իմ համոզմունքն է, որի համար, գուցե, արդեն հասել ենք այն ժամանակներին, որ մարդը կարող է պատասխանատվություն կրել, պատասխանատվություն կրել՝ իր կարծիքն արտահայտելու համար, բայց, համենայնդեպս, ես իմ ասածից չեմ հրաժարվում։ Ես չգիտեմ՝ ինչ վարկանիշավորման աղյուսակներով, ինչ չափումներով են չափում Երևանի պետական համալսարանի վարկանիշը, բայց ինձ համար այդ վարկանիշի հանգամանքը և՛ իմ աչքերում, և՛ բազմաթիվ ուսանողների, շրջանավարտների աչքերում ու նրանց դատողություններում, էդ վարկանիշի բովանդակությունը հենց դրանում է կայանում, որ մարդիկ իրենց քաղաքական հայացքների ու գործունեության պատճառով հեռացվում են ԵՊՀ-ից։ Մարդիկ հեռացվում են՝ չլինելով անգրագետ, չլինելով կաշառակեր, չլինելով վատ, բացասական համբավի տեր, ինչը, բնականաբար, հարվածում է համալսարանի վարկանիշին»,- ասաց նա։

Այսպիսով՝ համադրելով հիշյալ իրողությունները ակնհայտ է դառնում, որ Գևորգ Էմին–Տերյանը և Մենուա Սողոմոնյանը ոչ թե զրպարտել են ԵՊՀ-ին ու նրա ղեկավարությանը, այլ պարզապես փաստեր արձանագրել, ուստի մեր լրատվամիջոցին ներկայացված հերքման պահանջը անհիմն է։

Այնուամենայնիվ՝ Oragir.News-ը պատրաստ է հերքում հրապարակել, եթե ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը քաջություն ունենա և հայտարարի, որ մայր բուհը երբեք չի փակվելու, պայքարելու է, այն «Ակադեմիական քաղաք» չի տեղափոխվելու, տեղափոխվելու դեպքում էլ կառուցվածքային փոփոխությունների չի ենթարկվելու, եթե նման զարգացումներ լինեն, ապա ինքը պայքարելու է դրանց դեմ, իսկ եթե դա չհաջողվի, ապա հրաժարական է ներկայացնելու։ Բացի այդ, Oragir.News-ը Հովհաննես Հովհաննիսյանին հրավիրում է «Խորագիր» հաղորդաշարի առաջիկա թողարկումներից մեկին, որտեղ վերջինս անձամբ կարող է ներկայացնել իր հակափաստարկները, ինչպես նաև հակադարձել այն պնդումներին, որոնք իր խոսնակի կողմից «զրպարտություն» են որակվել։

Oragir.News-ի խմբագրակազմը դեմ չի լինի, և թույլ կտա, որ Հովհաննես Հովհաննիսյանը «Խորագիր» հաղորդաշարի շրջանակներում հակադարձի ու հերքում պահանջի նաև Նիկոլ Փաշինյանից՝ իր ստորացուցիչ հայտարարությունների համար, որոնցից մի քանիսը մեջբերել ենք հիշյալ հոդվածում, եթե իհարկե նա նման խիզախություն կկարողանա դրսևորել։ Նմանաբովանդակ անհիմն ու ստորացուցիչ հայտարարություններին արձագանքելը չափազանց կարևոր է, քանի որ Նիկոլ Փաշինյանը դրանցով ոչ միայն ԵՊՀ-ի ներկայիս՝ ՔՊ-ական ղեկավարությանն է ստարացնում, այլև անարգում է համալսարանի բոլոր ժամանակների ուսանողներին, պրոֆեսորադասխոսական կազմին ու առհասարակ բոլոր այն նվիրյալներին, ովքեր իրենց կյանքն ու գործունեությունը նվիրել են մայր բուհին։


Դավիթ Գույումջյան
Oragir.News-ի խմբագիր, համալսարանական


Ամենից շատ դիտված

19:40 Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոցում հարձակվել են բժշկուհու վրա. տեսախցիկը արձանագրել է ծեծի կադրերը
19:18 Մեր ընտանիքին վերագրում են թալան, փող, շենքեր, դղյակներ, փայաբաժիններ, օլիգարխական նիստուկաց, անբարոյականություններ. Աննա Հակոբյան
17:52 Մեր շուկաներում հայտնվելու են ադրբեջանական ապրանքներ, Ադրբեջանում՝ հայկական. մերվեք սրա հետ. Ալեն Սիմոնյան
12:21 Պայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի փոխքաղաքապետը
17:20 «Նվիրիր կյանք»-ից մինչև «Ժպիտների քաղաք»․ Ռիտա Սարգսյանի թողած ժառանգությունը, որ վերագրվեց Աննա Հակոբյանին
18:17 Գեղացին իրավունք չունի սովի, երկու բըլդրղան քաղի, թթու դի ու կի. դսեղցի տատիկ 
15:18 «Չուլան»-ը հայերեն խորդանոցն է, թող սովորի․ Միքայել Սրբազանը կրթում է Փաշինյանին 
16:16 Hayat Project-ի համերգի ժամանակ երգչուհին ընկել է բեմից
16:50 Աբխազիայում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ են ձերբակալվել՝ սահմանն ապօրինի հատելու համար
19:00 Աննա Հակոբյանի հայհոյանքների «խերը»․ ՔՊ-ամերձ բլոգերը դատարանում սպառնացել է Oragir.News-ի լրագրողին