Կառավարությունը խրախուսում է ուսանողների առաջադիմությունը
copy image url

Կառավարությունը խրախուսում է ուսանողների առաջադիմությունը

Ներքին 3 ժամ առաջ - 16:08 22-05-2025
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ. կարգավորումներն ուղղված են ուսանողների առաջադիմության խրախուսմանը:

Ըստ հիմնավորման, անհրաժեշտություն է առաջացել կրթաթոշակային քաղաքականության վերանայման՝ մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշակի տրամադրման պայմաններն ու պահանջները: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իրականացրել է ուսանողների առաջադիմության վերլուծություններ՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Հայաստանի ազգային ագրարային, Շիրակի, Գորիսի և Վանաձորի պետական համալսարաններից ստացված տեղեկատվության համաձայն: Արդյունքում՝ ակնկալվում է պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով կրթաթոշակ տրամադրել ըստ կիսամյակների՝ խրախուսելով ուսանողների առաջադիմությունը:

Մասնավորապես, մեկ կիսամյակի արդյունքում կրթաթոշակի տրամադրումը, հատկապես մագիստրոսի կրթական ծրագրով սովորողների դեպքում (մագիստրատուրայում ուսումնառությունը 2 տարի է) կնպաստի կրթության որակի բարձրացմանը՝ խրախուսելով ուսանողներին կենտրոնանալ առաջադիմության վրա:

Որոշումը կտարածվի 2025/2026 ուստարվանից պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով 1-ին կուրս ընդունված ուսանողների վրա: