Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 21-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Երևանը չի պատրաստվում վերաֆորմատավորել դաշնակցային հարաբերությունները Մոսկվայի հետ։ Այս մասին այսօր՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած համատեղ մամուլիս ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին։ «Արդյոք մենք պատրաստվո՞ւմ ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ես ցանկանում եմ շատ ուղիղ պատասխանել՝ ո՛չ։ Մեր պարտավորությունները և իրավունքները, մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, ստորագրված են, վավերացված են, և դրանք որևէ մեկը չի լուծարել, միևնույն ժամանակ հայտնի են հայաստանյան կողմի մտահոգություններն այն մասին, որ նախատեսված միջոցառումներն ու մեխանիզմները ոչ անպայմանորեն միշտ կամ սահմանված կարգով աշխատել են, բայց սա բոլորովին այլ հարց է»,- ասաց Միրզոյանը։ Նա հավելեց՝ այս համատեքստում կողմերը կարող են քննարկել սահմանված մեխանիզմների արդյունավետ գործարկման հարցը, սակայն այդ մեխանիզմները կամ հարաբերությունները վերաֆորմատավորելու վերաբերյալ հարցեր Երևանի օրակարգում չկան։ Նկատենք, որ ասուլիսը տեղի ունեցավ փոխադարձ կսմիթների պայմաններում։
Արարատ Միրզոյանը ռուսաստանցի պաշտոնակցի ուշադրությունը հրավիրել է այն բանին, որ 2022 թվականին Ջերմուկի շուրջ տեղի ունեցած զարգացումները հենց այն դեպքերից է, երբ երկու երկրները, ունենալով բազմաթիվ հարցերում փոխըմբռնում, միաժամանակ ունեն նաև հարցեր, որտեղ տարբեր են իրադարձությունների մեկնաբանությունները։ «Անկյունաքարային է եղել այդ իրադարձությունը նաև հետագա զարգացումների և դիրքորոշումների համար, այդ թվում և ՀԱՊԿ անդամակցության սառեցման համատեքստում։ 2022 թվականի օգոստոսին ռուսական կողմը միջնորդական առաջարկություն ներկայացրեց ՀՀ-ին և Ադրբեջանին, հայաստանյան կողմն իր համաձայնությունը հայտնեց առաջարկություններին, իսկ ադրբեջանական կողմը չտվեց դրական դիրքորոշում, դա օգոստոսի վերջն էր։ Սեպտեմբերի առաջին կեսին մենք տեսանք ադրբեջանական ԶՈՒ հարձակումը Ջերմուկի ուղղությամբ և ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտում արձանագրվեց։ Մենք այդ մասին տեղյակ պահեցինք ՌԴ մեր գործընկերներին և ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր դաշնակիցներին»,- ասել է Միրզոյանը՝ շեշտելով, որ ռուսական կողմի հետագա գործողությունները գոհացուցիչ չէին։
Լավրովը ևս մեկնաբանել է Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ ՀԱՊԿ-ի գործողությունների վերաբերյալ Երևանի դժգոհությունը։ Հարցին, թե գործողությունները չեն համապատասխանել ստեղծված իրավիճակին, նա պնդել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում արձագանքն անհապաղ է եղել, իրավիճակին ծանոթանալու առաքելության առաջապահ խումբը մեկնել է տեղ, օպերատիվ զեկույց է ներկայացրել իրավիճակի կայունացման համար ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու կոնկրետ գործնական առաջարկներով, այնտեղ նշված է եղել դիտորդների թիվը, սպառազինությունը, որը պետք է լիներ։ Վերջինս հիշեցրել է, որ զեկույցը քննարկվել է հոկտեմբերին Երևանում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում, պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպման նախօրեին, իսկ համաձայնեցված տեքստը հայկական կողմն առաջարկել է հետաձգել, այնուհետև Պրահայում՝ Ալմա Աթայի շրջանակներում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որից հետո էլ նարդեն նոյեմբերին հայտարարվեց ԵՄ առաքելության տեղակայման մասին «Սա բավականին անսպասելի էր, քանի որ 2020 թ. նոյեմբերին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների թեժ պահին, երբ ՌԴ նախագահը Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ խմբագրում էր հրադադարի մասին պայմանավորվածությունը, Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը գիտակցաբար թողնվել էր փակագծերից դուրս՝ ջենթլմենական պայմանավորվածություն, որ կարգավիճակը ենթակա է կողմերի միջև հետագա համաձայնեցման։ Տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,- հակադարձել է Լավրովը։
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա էր իրականացվում: «Հանուն Հանրապետության» ղեկավար Արման Բաբաջանյանը, Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և մյուսները Ռուսաստանի արտգործնախարարի ու նախագահ Վլադիմիր Պուտինի նկարների վրա «Մարդասպաններ» գրությամբ պաստառներով կանգնած էին շենքի դիմաց: Նրանց հետևում ոստիկաններն են: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև կոնֆլիկտ էին հրահրում լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ լրագրողների և օպերատորների հետ։ Վերջիններս բղավում էին, որոշներին անվանում «Պուտինի TV»։ Ուժայինները ակցիայի մասնակիցներին հորդորեցին հեռանալ այդ հատվածից և ակցիան շարունակել դիմացի մայթում, սակայն Բաբաջանյանը չհամաձայնեց: Հրմշտոց սկսվեց, ոստիկանները հավաքվածներին հրեցին դեպի դիմացի մայթ:
Մանրամասները՝ տեսանյութում: