Ներքին 1 տարի առաջ - 13:30 15-05-2025

«Պատիվ ունեմ»-ը Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծ է ներկայացրել

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծ է ներկայացրել։

«Ուղիղ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը հավաքական ջանքերով և մեծ զոհողությունների գնով կարողացավ հաղթանակ տանել նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների նկատմամբ։

Երկրորդ համաշխարհային պատերազմը ոչ միայն իր ծավալներով էր աննախադեպ, այլ նաև իր բնույթով, այն քաղաքակրթական պայքար էր ընդդեմ այլատյացության։

Ֆաշիզմի դեմ հաղթանակում առանցքային էր Խորհրդային Միության դերը: Պատերազմում բեկումնային էին Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերը, իսկ Եվրոպայի ազատագրումը ֆաշիզմից անհնար էր առանց խորհրդային զինվորի սխրանքի:

Հայ ժողովուրդն աշխարհի տարբեր անկյուններում հսկայական ներդրում է ունեցել չարիքի առանցք հանդիսացող նացիզմի դեմ տարված հաղթանակում։

Հայության ներդրումը հատկապես շոշափելի էր Հայրենական Մեծ պատերազմի տարիներին։ Լինելով Սովետական Միության կազմի մեջ մտնող համեմատաբար փոքրաթիվ բնակչություն ունեցող հանրապետություններից՝ Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասնակցությունը հաղթանակի կերտման գործում ուղղակի հսկայական էր։

Հայրենիքի պաշտպանության ընդհանուր գործում զգալի էր նաև արցախահայերի ավանդը, ընդ որում՝ այդ ավանդը ոչ միայն ռազմական գործողություններին ուղղակի մասնակցության մեջ դրսևորվեց, այլ նաև հաղթանակին նպաստող այլ բնագավառներում։

Անուրանալի է հայկական ազգային դիվիզիաների հերոսական մարտական ուղին, հայ զորահրամանատարների ու բարձր հրամանատարական կազմի ներկայացուցիչների բացառիկ կազմակերպչական տաղանդն ու զինվորների սխրանքը։

Ֆաշիզմի դեմ հաղթանակում բացառիկ էր նաև Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սփյուռքի դերակատարումը։

Հայությունն իր կարևոր մասնաբաժինն ունի մեծ հաղթանակի կերտման փառահեղ գործում, ու այդ ամենն արվել է նաև հայ ժողովրդի որդիների արյամբ և տառապանքի գնով։

Ի դեպ, նույն խորհրդանշական օրը, Մեծ հաղթանակի ժառանգները, 1992-ի մայիսի 9-ին ազատագրեցին հայոց բերդաքաղաք Շուշին՝ հաղթանակ ապահովելով նեոֆաշիստական ռեժիմի դեմ։

80 տարի առաջ նացիստական Գերմանիան պարտվեց, բայց դժբախտաբար ֆաշիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դրսևորումներն այսօր էլ ոչ միայն գոյություն ունեն, այլ նաև ակտիվորեն կիրառվում և պարբերաբար կյանքի են կոչվում աշխարհի տարբեր անկյուններում։

2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանը կազմակերպեց Արցախի բնիկ հայերի էթնիկ զտումներ, որը հանգեցրեց այնտեղ հազարամյակներով ապրող ողջ հայ բնակչության բռնի տեղահանման։

Սա ի՞նչ է, եթե ոչ ֆաշիզմի դասական դրսևորում։

Եվ եթե ժամանակին գերմանական ֆաշիզմն ու դրա պարագլուխները դատապարտվեցին, ապա նեոֆաշիզմի գաղափարախոսները հանդես են գալիս կեղծ թեզերով՝ չարժանանալով քաղաքակիրթ մարդկության պատշաճ դատապարտմանն ու պարսավանքին։

Մենք համոզված ենք, որ քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի և նացիզմի ցանկացած դրսևորմանը»,- ասվում է նախագծում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ