Ադրբեջանցի բլոգեր Քամիլ Զեյնալլին մեղադրվում է պատերազմական հանցագործության մեջ։ Վերջինս Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում գլխատել է անզեն ծերունուն և տեսանյութը հրապարակել։ Բացի այդ, Զեյնալլին ուշադրության կենտրոնում էր հայտնվել մինչև 44-օրյա պատերազմը։
Տավուշում հուլիսյան դեպքերից հետո, որի ժամանակ հայկական բանակը դաս տվեց ադրբեջանցի ագրեսորներին, Մոսկվայում սկսվեցին զանգվածային հալածանքներն ու հարձակումները հայերի վրա տեղի ադրբեջանական ավազակախմբերի կողմից։ Պարզվեց, հենց նույն Զեյնալլին էր վերահսկում նրանց գործողությունները։ Ավելին, նա հաստատել էր, որ Իլհամ Ալիևն է կանաչ լույս վառել իր գործողությունների համար։
2024թ․ փետրվարի 21-ին հայտնի էր դարձել, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի Քյամիլ Զեյնալլին, որը ներկայանում է որպես ֆիթնես մարզիչ։ Արտահանձում, սակայն, տեղի չունեցավ, քանի որ ՀՀ-ն «չէր հասցրել» համապատասխան փաստաթղթերը ներկայացնել։ Համենայն դեպս, պաշտոնապես այդպես ներկայացվեց։ Զեյնալլին ընդամենը մի քանի ժամ ձերբակալված մնալուց հետո ազատ է արձակվել և տեղափոխվել Բաքու։ 2025թ․ ապրիլին սույն ադրբեջանցին հայտարարեց, թե իր նկատմամբ միջազգային հետախուզումը ՀՀ-ն հետ է կանչել։ Ընդ որում, նրա խոսքից պարզ է դառնում, որ վերջինս միակ ռազմական հանցագործը չէ, որի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է։ ՀՀ-ն հաստատեց Զեյնալլիի խոսքերը։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեռևս 2007 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա կողմերը համաձայնել են փոխադարձության սկզբունքով դադարեցնել երկու երկրների քաղաքացիների նկատմամբ հայտարարված՝ ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումները։ Հիմք ընդունելով նշված պայմանավորվածությունը և այն, որ կողմերը 2007թ չեն խախտել ձեռք բերված համաձայնությունը՝ 2024թ կողմերը վերահաստատել են փոխադարձության սկզբունքով ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումների դադարեցման/չհայտարարման հանձնառությունը»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին դատախազությունից՝ շուրջ մեկ ամիս առաջ։
Այստեղից հետեւում է, որ 2024 թվականին դատախազությունը ոչ թե չէր հասցրել նրան արտահանձնելու վերաբերյալ նյութերը ուղարկել ՌԴ, այլ նման նպատակ չէր ունեցել։ Երկրորդ, դատախազությունը փաստացի ընդունել է, որ քրեադատավարական որոշումներ կայացնելիս առաջնորդվում են ոչ թե գործող օրենսդրության պահանջներով, այլ քաղաքական որոշումներով։ Եթե սխալ ենք, ապա ակնկալում ենք, որ դատախազությունը կվկայակոչի, թե «բանավոր պայմանավորվածությունները» ինչ իրավական ակտով են տարածվում ռազմական հանցագործների վրա։
Դատախազությունը հանրությունից թաքցնում է ադրբեջանցի 20 ռազմական հանցագործների ճակատագիրը. Ինչ որոշում է կայացվել հանրության թիկունքում:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։