Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությունների շարքում Աթենքի«Ակրոպոլ» թատրոնում կայացավ կենտրոնական քաղաքական միջոցառումը և Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությունը, որը կազմակերպվել էր Ատտիկայի մարզպետարանի և Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից։
Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հովհաննես Ղազարյանը, Հունաստանի կառավարության անունից արտաքին գործերի փոխնախարար Իոաննիս Լովերդոսը և Հունաստանի խորհրդարանի կողմից Աթանասիոս Պլևրիսը։ Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Ատտիկայի փոխնահանգապետ Քրիստինա Կեֆալոյաննին։
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Դեսպանն իր խոսքում իր երախտիքի խոսքեր ուղղեց ապրիլի 24-ին Հունաստանի ղեկավարության և բոլոր քաղաքական ուժերի կողմից արված զորակցության հայտարարությունների համար։
«Ապրիլի 24-ից ի վեր Հայաստանում, Հունաստանի բազմաթիվ քաղաքներում, աշխարհի տարբեր անկյուններում հիշատակվում է Օսմանյան կայսրությունում Երիտթուրք ղեկավարության կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը, հիշատակի բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում՝ քաղաքական, համայնքային, մշակութային։ Քաղաքական առաջնորդները հանդես են գալիս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող հայտարարություններով։ Չեմ կարող չհիշատակել Հունաստանի Հանրապետության նախագահ Կոստանտինոս Տասուլասի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, խորհդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի, քաղաքական գործիչների, խորհրդարանի գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչների հայտարարությունները, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, ինչպես մեր համար եղբայրական Հունաստանի վարչապետն է արդարացիորեն նկատում, «հույն և հայ ժողովուրդների հավերժական միասնությունը հանուն Ճշմարտության, Արժանապատվության և Արդարության»»,- նշեց դեսպան Մկրտչյանը։
Ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում նա կարևորեց ցեղասպանության ժխտողականության մերժումը, դասավանդումը և ցեղասպանության օրվա համընդհանուր հիշատակումը, որոնցից բոլորը Հունաստանում գործի են դրված։
Ամփոփելով խոսքը դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծեց.
«Ցեղասպանության կանխարգելման կարևորագույն գործոնն, իհարկե, վերջին հաշվով դիմացկուն հասարակություն կառուցելն է՝ վստահելի բարեկամներով։ Հայաստանի համար նման բարեկամ է հանդիսանում Հունաստանը։ Պատմությունը ցույց է տվել, որ հայ ժողովուրդը, ինչպես և արյունակից եղբայրներ հույները, նորից ու նորից գտնում են վերածնման ճանապարհը։ Մեր հիշողությունը զենք չէ, այլ զարթոնքի աղբյուր։ Հենց այդ հիշողությամբ ու համախմբվածությամբ միայն մեզ կհաջողվի պաշտպանել պատմական ճշմարտությունն ու արժանապատվությունը»:
Միջոցառման գեղարվեստական հատվածում ելույթ ունեցավ Հայաստանից հրավիրված օպերային երգչուհի Սիլվա Պետրոսյանը՝ Քրիսթինե Թոքատլյանի ընկերակցությամբ։
Միջոցառման ավարտին Խրիստոս Վասիլոպուլոսը, ով վարում է «Ժամանակի մեքենա» /Μηχανή του Χρόνου/ հեռուստածրագիրը , ցուցադրեց իր Հայոց ցեղասպանության վերապրածների հուշերի հիման վրա նկարահանած նոր վավերագրական ֆիլմից հատվածներ։ Ֆիլմի ամբողջական տարբերակը կցուցադրվի մայիսի 5-ին COSMOTE History ալիքով։
Միջոցառումը ամփոփվեց Հ․Կ․ Խաչի «Ճենազեան» միջնակարգ և «Լևոն և Սոֆիա Հակոբյան» նախակրթական դպրոցների աշակերտների երգչախմբի կատարումներով։