Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:20 27-04-2025

Դրոշներն այրելն անուղղակի նպաստելու է ՔՊ-ի վերընտրվելուն

Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները վառելը մեծ արձագանք գտավ և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում ու Ադրբեջանում։ Անդրադառնալով ջահերով երթի ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն այրելուն՝ Բագրատ Սրբազանն ասել է․ «Լավ են արել ու ճիշտ են արել․ քանի դեռ գտնվում ենք այս վիճակում, դա՛ է լինելու այդ դրոշների ճակատագիրը և դա լինելու է մեր պայքարի ճանապարհը։ Ում հարազատ չէ սա, նա ուրացող է ու դավաճանների հետ բաժին ունի»։ Իսկ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է այդ գործելակերպը՝ այն համարելով անպատասխանատու և անընդունելի։ «Միջազգայնորեն ճանաչված պետության, առավելևս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ և հրահրող գործելակերպ է։ Միևնույն ժամանակ վարչապետ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները, Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտումները և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քննության առնել այդ դեպքերը և հանդես գալ պարզաբանումներով»,- ասել է վաչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Ի՞նչ ակնարկ ու ռիսկեր է պարունակում չբարեկամների դրոշները վառելը։

Նախ՝ Փաշինյանի մամուլի քարտուղարի արձագանքից ենթադրելի է, որ Սյունիքի ուղղությամբ կրակոցները կապ ունեն Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները վառելու հետ։ Եթե դրանք միմյանց հետ կապ ունեն, ապա կարելի է ասել, որ դրոշներն այրվել են ի պատասխան ադրբեջանական սահմանային սադրանքների։ Բայց ոչ հակառակը՝ թե դրոշներն այրելուն ի պատասխան են ադրբեջանցիները կրակում սահմանային գյուղերի ուղղությամբ։ Երկրորդը անտրամաբանական է, քանի որ կրակոցները սկսվել են մարտի 13-ին, երբ համաձայնեցվեց հայ-ադրբեջանական համաձայնագրի տեքստը։

Դրոշ այրելու քայլին դիմում են այն ժամանակ, երբ պետությունը զավթված է, ազգային, քաղաքական լեգիտիմ կառույց չկա, որ պաշտպանի ժողովրդի ազատությունը, բարձրացնի և լուծի ժողովրդի կենսական հարցերը։ Օրինակ՝ խորհրդային բռնազավթման տարիներին վրացի Հայր Գաբրիելը Թբիլիսիում 1965 թվականի մայիսմեկյան ցույցի ժամանակ այրեց Լենինի մեծադիր նկարը։ 1950-60-ական թվականների Արևելյան Եվրոպայում բռնկված ազգային ապստամբությունների ժամանակ բազմաթիվ անգամ են այրել սովետական դրոշները։ 1989-1990 թվականների ցույցերին Երևանում ևս բազմաթիվ անգամ են այրել սովետական կարմիր դրոշները։ Դրոշ այրելը բողոքի ծայրահեղ գործողություն է։ Դրանից մի քայլ այն կողմ ահաբեկչությունն է։ Այսինքն՝ սա քաղաքական ծայրահեղական ակցիա է, որը բնորոշ է այն պարագայում, երբ պայքարի քաղաքակիրթ, ինստիտուցիոնալ ձևերը սպառված են կամ հնարավոր չեն, ինչպես օրինակ՝ խորհրդային բռնազավթման տարիներին։

Հայ ժողովրդի պարագայում քաղաքական գործունեության քաղաքակիրթ, ինստիտուցիոնալ ձևերը սպառված չեն։ Անկախ Հայաստան կա։ Լեգալ կուսակցություններ կան։ Ժողովրդավարությունը հնարավորություն է տալիս ընտրողի վստահությունը շահել ու քաղաքականություն որոշել, վերանայել արտաքին քաղաքականությունը Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։ Դրոշ այրելը ակնարկ է պարունակում, որ չկան քաղաքական կարող ինստիտուտներ, դրա համար ընտրվել է այդ միջոցը։ Այսինքն՝ դրոշ այրելը ոչ միայն Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ է, այլև ցույց է տալիս ժողովրդի հուսահատ վիճակը։

Եթե քաղաքական ակտորներն ու արտաքին գործընկերները նույնպես ուզենան, որ ՀՀ-ն արմատապես փոխի Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը, դադարեցնի բանակցությունները, պատրաստվի պատերազմի, ապա դրոշ այրողները ավելի շատ քվե կստանան գալիք ԱԺ-ում։ Բայց քանի որ իրականում այդպիսի արտաքին ու ներքին աջակցությունն այսօր չկա, ապա երիտասարդների կողմից չբարեկամների դրոշներն այրելն անուղղակի նպաստելու է ՔՊ-ի վերընտրվելուն առաջիկա ԱԺ ընտրություններում։

Իհարկե, քաղաքակիրթ, քաղաքական գիտակցություն ունեցող, աշխարհի ներդաշնակ մաս կազմող ժողովրդին վայել չէ որևէ երկրի դրոշ այրելը։ Սակայն հարկ է նկատել, որ երիտասարդին այդպիսի քայլի դրդում են ոչ միայն ծայրահեղական տրամադրված քաղաքական ուժերը, ազգային իշխանությունների անգործությունը կամ անուժությունը, այլև Ադրբեջանն ու Թուրքիան՝ անվերջ վիրավորելով հայ ժողովրդին, անվերջ պահանջներ առաջ քաշելով։ Օրինակ՝ դրոշն այրելուց հետո Բայրամովը կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի և Թուքրիայի դրոշների այրումը որպես հանցագործություն ճանաչելու համար։ Սա լկտիության վերջն է։ Բաքուն հայ ժողովրդին պատճառած աղետների, հայ ժողովրդի հանդեպ գործած հանցագործությունների համար ներողություն խնդրելու փոխարեն՝ ավելի է սրում թշնամանքը, ավելի բորբոքում մարդկանց ատելությունը Բաքվի նկատմամբ, պատկերավոր ասած՝ դրդում է, որ էլի այրեն իրենց դրոշը, Ադրբեջանի ոչ միայն սիմվոլիկ, այլև իրական կործանումը շատերի համար դառնա քաղաքական խնդիր։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին