Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:47 25-04-2025

Երբ պետք է հեռանար Փաշինյանը․ կեցցե՛ այն հրաժարականը, որ վաղն է գալու

Փաշինյանի իշխանության գալու պահից սկսած հայաստանյան տարբեր շրջանակներ խոստանում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է իշխանությունից․ որոշ դեպքերում ընդդիմադիր առանձին գործիչներ հստակ ժամկետներ էին նշում։

Oragir.News-ը առանձնացրել է բոլոր դեպքերը, երբ հակաիշխանական տարբեր ուժեր հստակ ժամկետներ են նշում, թե «ինչքան է մնացել Նիկոլին»։

Նախ դեռևս 2021 թվականին Երևանում բողոքի ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ասել էրր, որ իշխանությունը այլևս իշխանություն չունի։

«Հիմա նաև պետք է փաստենք, որ օրվա իշխանությունն այլևս չունի իշխանություն, պետք է օր առաջ հեռանա»,- նշել էրր նա։

Սաղաթելյանն ասել էր նաև, թե պայքարն ավարտվելու է Նիկոլ Փաշինյանի հեռանալով. «Հայաստանի համար բացվելու է նոր արշալույս, իսկ այս մարդիկ տանում են պետականության կործանման։ Իրենց հեռացումով Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և Հայաստանը չի թրքացվելու»։

Սաղաթելյանի խոսքով՝ հետագա քայլերը հստակ են. «Ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն, որտեղ ներգրավված են լինելու առողջ ուժերը»։

Հետո քաղաքական դաշտ նետվեց նոր վարչապետ ունենալու լուրը, 2022 թվականի մայիսին լրատվական կայքերից մեկը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ընդդիմադիրների՝ մայիսի 9-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը կհայտարարվի վարչապետի թեկնածու ու մոտ ապագայում հաստատ կընտրվի։

Մայիսի 9-ը եկավ, հանրահավաքը եղավ, սակայն Թաթոյանը նույնիսկ ընդդիմության վարչապետի թեկնածու չհայտարարվեց։

Հաջորդ տարի հուլիսին Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը պնդում էր, թե «կոնկրետ տվյալներ կան», որ եկող տարվա գարնանը Փաշինյանը հեռացվելու է։

«Նիկոլ Փաշինյանը գնալու է, 2024 թվի գարնանը նա որպես վարչապետ չի լինելու»,- ասել էր նա։

2023 թվականի հոկտեմբերին քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը ևս պնդում էր, թե 2024 թվականի գարնանը Փաշինյանին հեռացնելու աշխարհաքաղաքական կոնսենսուս կա։

2024-ի մարտին ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» կոչվող շարժման ղեկավար Արշակ Կարապետյանը Մոսկվայից տեսաուղերձ էր հղել՝ պնդելով, որ «Փաշինյանի օրերը հաշված են»։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի՝ 2024-ի մայիսին մեկնարկած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նույնպես հայտարարում էր, որ վարչապետը հեռանալու է։

Եվ չնայած ընդդիմադիր տարբեր ուժերի ներկայացուցիչների կանխատեսումներին ու խոստումներին՝ Նիկոլ Փաշինյանը շարունակեց զբաղեցնել վարչապետի պաշտոնը։

Հիշում ենք նաև դրվագներ, որ Բագրատ Սրբազանը նշում էր՝ Փաշինյանին տալիս է 24 ժամ հրաժարական տալու համար։ Ապրիլի 24-ից առաջ էլ շատ շրջանակներ քննարկում էին, որ սա կլինի այն օրը, որ Փաշինյանի իշխանությունը կտապալվի, սակայն այսօր արդեն 2025 թվականի ապրիլի 25-ն է, իսկ տխրահռչակ վարչապետը շարունակում է մնալ Կառավարության ղեկավարը։

Այսպիսով՝ թեև Փաշինյանի հեռանալը դարձել է հասարակական պահանջ, սակայն գործնականում նրա հեռացմանը միտված կոնկրետ քայլեր չենք տեսնում։ Ընդդիմադիրները երբեմն նրա հեռանալը շահարկում են ընտրազանգված գրավելու համար, երբեմն միգուցե իսկապես ուզում են, որ նա հեռանա, բայց չեն կարողանում, սակայն ժամկետներ նշելը երբեմն ծայրահեղացված ու պահի ոգևորություն առաջացնող տեխնոլոգիա է, նման մոտեցման վատագույն դրսևորումը ամեն դեպքում կդառնա կա՛մ ունեցած ընտրազանգվածին հիասթափեցնելը, կա՛մ էլ Փաշինյանի լեգիտիմությունը ապահովելը, ինչը ավելի է վատացնում առանց այն էլ վատ վիճակը։

Ք․ Սահակյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից