Հորիզոնում երևում է Փաշինյանի քովիդ թեստի դրական պատասխանը 
copy image url

Հորիզոնում երևում է Փաշինյանի քովիդ թեստի դրական պատասխանը 

Միտք Ներքին 4 օր առաջ - 09:00 16-04-2025
Երկու լարի վրա երկար խաղալ հնարավոր չէ։ Այս մասին բացատրել են բազմաթիվ փորձագետներ։ Այս մասին ակնարկներ են հնչել և՛ ԵՄ-ից, և՛ ՌԴ-ից։ Սակայն ՀՀ իշխանությունները շարունակում են ձևացնել, թե վարում են կոմպլեմետնար, փոխլրացնող, «և՛-և»-ի, հիմա էլ՝ տարածաշրջանայնացման քաղաքականություն, առաջացնելով անվտանգային ռիսկեր։ Ներկայում ոչ մի տեղ պարզ գրված չէ, թե որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ովքե՞ր են ՀՀ դաշնակիցները։ 44-օրյա պատերազմից հետո այդպիսի հայեցակարգային որևէ փաստաթուղթ չի հրապարակվել։

Oragir.News-ն ավելի վաղ գրել էր, որ ապրիլի 14-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչ Կայա Կալլասը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԵՄ անդամակցության թեկնածու երկրները պետք է չմասնակցեն Մոսկվայում մայիսի 9-ի զորահանդեսին։ Նման կարծիք է հայտնել նաև Լատվիայի արտգործնախարարը՝ Բայբա Բրաժեն։ Իսկ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին էլ նշել է, որ իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգան բոլոր նախարարներին հրավիրել է մայիսի 9-ին հանդիպելու Լվովում։ Սիկորսկին ասել է. «Սա հիանալի հնարավորություն է ցույց տալու, որ Եվրոպան Ուկրաինայի կողքին է, ոչ թե Պուտինի՝ Մոսկվայում։ Համաձայն եմ Կայա Կալլասի հետ՝ Մոսկվայում որևէ պաշտոնյայի ներկայությունը կդիտվի որպես ամոթ այդ երկրի համար»։

Այսպիսով՝ Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը առաջին փորձությանն է բախվում։ Ինչպե՞ս կվարվի Նիկոլ Փաշինյանը՝ ամոթանք կստանա ու կբացահայտի, որ ՀՀ ԵՄ անդամակցելու գործընթացը կեղծ խա՞ղ է, թե՞ կանսա ԵՄ գործընկերների կոչերին, չի գնա Մոսկվա ու չի կանգնի ժողովրդավար երկրների կողմից մերժված Պուտինի կողքին, որի ծավալապաշտական նկրտումների պատճառով ամեն օր հարյուրավոր մարդիկ են զոհվում։

Ենթադրելի է, որ եթե Փաշինյանը գնա Մոսկվա ու կանգնի Պուտինի կողքին, ապա ԵՄ-ն անորոշ կձգձգի Հայաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու որոշումը, որն ակնկալվում էր 2030-ին։ Այսինքն՝ ԵՄ անդամակցելու գործընթացը կարող է անվերջ ձգձվել, արժեզրկվել, վերածվել ֆարսի։ Եվ Հայաստանը, հնարավոր է՝ չստանա նույնիսկ այն էֆեկտները, որոնք ակնկալում էր ԵՄ անդամակցելու գործընթաց սկսելով։ Չի բացառվում, որ ԵՄ-ն կարող է հայ-ադրբեջանական սահմանից դուրս բերել ԵՄ առաքելությունը, որը սահմանին հարաբերական կայունության և Սյունիքի ուղղությամբ ռուս-ադրբեջանական չբարեկամների հնարավոր ագրեսիան զսպելու գործոն է, ինչի շնորհիվ 2024-ին սահմանին թշնամու կրակոցից զոհ չենք ունեցել։ ՀՀ-ն կարող է զրկվել նաև միլիարդավոր եվրոներից, որոնք ուղղվելու էին կապիտալ շինարարական ծրագրերին։ Այսինքն՝ եթե Փաշինյանը մայիսի 9-ին կանգնի Պուտինի կողքին, ապա ոչ միայն կվտանգի ՀՀ ԵՄ անդամակցության գործընթացն, այլև անվտանգային ռիսկեր կառաջացնի, կզրկի ՀՀ-ն լուրջ ներդրումներից։

Իսկ եթե Փաշինյանը հայտարարի, որ ԵՄ բարձր պաշտոնյաներին լսելով, չի գնալու Մոսկվա ու չի կանգնելու Պուտինի կողքին, ապա ռուսները տեսականորեն կարող են սադրանքների դիմել, խախտել ներքին խաղաղությունը իր գործակալների ձեռքով։ Կարող են փակել Լարսը, կտրել գազը։ Չի բացառվում, որ ռուսական ռազմակայանի զինվորները ևս միանան սադրանքներին, ինչպես 2015-ին, երբ ցուցադրաբար սպանեցին Ավետիսյաների ընտանիքի անդամներին։

Լավատեսություն կա, որ երկու լարի վրա խաղացող Փաշինյանը այս ռիսկային իրավիճակից դուրս կգա, այնպիսի հնարքի կդիմի, որ ո՛չ ռուսները լրիվ թշնամանան, ո՛չ եվրոպացի դաշնակիցները երես թեքեն։ Այդպիսի փորձված հնարք է կորոնավիրուսով վարակվելը։ Պատկերավոր ասած՝ հորիզոնում երևում է Փաշինյանի քովիդ թեստի դրական պատասխանը։ Ենթադրելի է, որ մայիսի 7-ի երեկոյան անսպասելի կպարզվի, որ Փաշինյանի քովիդ թեստի պատասխանը դրական է։ Ամենավերջին շտամը գնացել, եկել ու կպել է վարչապետին։ Եվ բժիշկերի խորհրդով՝ նա պետք է ոչ ոքի հետ չշփվի։ Այս հնարքով նա ցուցադրաբար չի մերժի ռուսներին, բայց փաստացի չի կանգնի Պուտինի կողքին։ ԵՄ-ն էլ Հայաստանից երես թեքելու հիմք չի ունենա։

Հիշեցնենք, որ 2024-ի դեկտեմբերի 23-ի երեկոյան Փաշինյանի քովիդ թեստը դրական էր, ու նա դեկտեմբերի 24-ի չգնաց Սանկտ Պետերբուգ, չմասնակցեց Պուտինի կազմակերպած ամանորյա տոնական քեֆերին։ Իսկ դեկտեմբերի 25-ին լրիվ լավացավ ու գնաց գործի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ