Հոգեբանները կարևորում են, որ մարդը կրթություն ստանալուն զուգահեռ դաստիարակություն էլ ստանա, որ տարբերի լավը վատից, ճիշտը սխալից, բարին չարից, մերժի վատը, պաշտանի արժեքները, արդարությունը, օրենքը, կարգը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել «Կրթվելը նորաձև է» արշավի հանդիպումներից և 16 բան գրել, որոնց համար է կրթվելը։ «Մտածելակերպի դրական փոփոխության համար, կյանքի որակի բարելավման համար, առողջ հասարակություն ձևավորելու համար, ամուր պետություն ունենալու, նոր հայրենիք վերածնելու համար, ինքնավստահություն ձեռքբերելու համար, կրթվելը վարակիչ դարձնելու համար, հաջողությունների հասնելու համար, նորարար տեխնոլոգիաներին տիրապետելու համար, մեր հոգեկերտվածքը հղկելու, մարդասիրությունը առաջ մղելու համար, նախաձեռնողական լինելու համար, հմտությունների կատարելագործման համար, սեփական դիրքը հասարակությունում բարելավելու համար, ինքնաճանաչման համար, ընտանիքի համար, գիտելիքը հոգու և մտքի հետ ուղիղ կապելու համար, երաշխավորված կյանք ունենալու համար»,- գրել է Աննա Հակոբյանը։
Այս շարքը կարելի է շարունակել։ Սակայն այս ամենին զուգահեռ անհրաժեշտ է, որ մարդը կարողանա տարբերել լավ վատից, ազգանվերին դավաճանից, արդարին անարդարից, բարին չարից և այլն։ Եթե մարդը ճշմարիտ դաստիարակություն չի ստացել, ապա ռիսկ կա, որ նա ստացած կրթությունը ի չարս կօգտագործի։ Այսինքն՝ կդառնա կրթված սրիկա, որը մեծ չարիք է։ Տվյալ դեպքում ռիսկ կա, որ Փաշինյանի և նրա տիկնոջ առաջնորդած արշավի արդյունքում կբազմանան սրիկաները։ Ուստի՝ ազնիվ մարդիկ պարտավոր են փորձեն կանխել սրիկաների բազմացումը։
Սրիկաների բազմացման ռիսկին զուգահեռ նաև ռիսկ կա, որ առաջիկա ԱԺ ընտրությունների օրինակարգությունը կասկածի տակ կընկնի։ Վերջին պարտությունները Գյումրիում ու Փարաքարում, հավանաբար, սթափեցրել են ՔՊ-ին և առավել ակտիվորեն մղել այս արշավին, հուսադրել, որ եթե «Կրթվելը նորաձև է» արշավով շատ հանդիպումներ կազմակերպեն մինչև առաջիկա ընտրությունները, ապա շատ համակիրներ կհավաքագրեն և մեկնարկային առավելություն կստանան։
Այս ռիսկերը տեսնող քաղաքական համայնքի ակտորները, կուսակցությունները, որոնք մտադիր են մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին ու հաջողություն գրանցել, ենթադրաբար, հակընդդեմ, հակակշռող արշավ կկազմակերպեն։ Եթե Փաշինյանը շեշտ է դնում կրթության վրա, ապա մյուսները կարող են շեշտ դնել դաստիարակության վրա։ Արշավն էլ կարող են անվանել՝ «Դաստիարակությունը կլուսավորի կյանքը», «Դաստիարակությունը կբացի աչքերդ», «Դաստիարակվի՛ր, որ չսխալվես» կամ նման մի բան։ Դաստիարակվելու արշավի արդյունքում ՔՊ-ն կզրկվի մեկնարկային առավելությունից, այսինքն՝ կհավասարվեն մեկնարկային պայմանները։ Եվ չնայած՝ դաստիարակության արշավն արտաքնապես հակընդդեմ է լինելու Փաշինյանի ու նրա կնոջ արշավին, սակայն նաև անհրաժեշտաբար փոխլրացնելու է, քանի որ դաստիարակությունն ու կրթությունը անբաժան պիտի լինեն։
Ավելին՝ դաստիարակության արշավի արդյունքում ազնիվ ու անկեղծ մարդիկ կշատանան, լավ մարդուն վատ մարդուց, դավաճանին ազգանվերից, արդարին անարդարից տարբերելու հայտնի չափանիշներին կծանոթանան, հասարակությունը հոգեբանորեն կառողջանա։ Ի վերջո՝ երջանկության հայտնի բանալին հասարակության, աշխարհի, Աստծո հետ ներդաշնակությունն է, որին հնարավոր է հասնել ճշմարիտ դաստիարակության շնորհիվ։
Պարզ ասած՝ ենթադրելի է, որ դաստիարակության արշավի հանդիպումներին մասնակցող քաղաքացիների աչքերը կբացվեն, ու նրանք ԱԺ առաջիկա ընտրություններում չեն ընտրի չբարեկամների շահերը սպասարկողին, գող-թալանչուն, հանցագործին, ստախոսին, քաղաքականությունն ու քաղաքական գործչի կերպարն աղավաղվողին, ատելություն ու ներքին թշնամանք տարածողին, Փաշինյանին, քանի որ նա և ՔՊ-ական որոշ պաշտոնյաներ ազգային, մարդկային արժեքներ, ավանդույթներ, սրբություններ են ոտնահարել վերջին տարիներին։
Դեռ ուշ չէ։ Եթե արժեքների սերմանման, ժողովրդին դաստիարակելու ջատագովները միավորեն ուժերը, իսկ ազգանվեր քաղաքացիները անհրաժեշտ միջոցներ տրամադրեն դաստիարակության արշավի համար, ապա այն կդառնա ՔՊ-ին իշխանազրկելու ուղիղ ճանապարհ։ Նույնիսկ եթե չհաջողվի հաջողության հասնել ընտրություններում, ապա ճշմարիտ դաստիարակության քարոզչության արդյունքում բազմացած արդար մարդկանց շնորհիվ սրիկաներն ու սրիկայությունները կպակասեն, ժողովուրդն ու երկիրը կարդարանան Աստծո աչքում։ Իսկ արշավի կազմակերպիչների անունները ոսկե տառերով կգրվեն պատմության մեջ։
Թաթուլ Մկրտչյան