«Ես կարծում եմ, որ Արշակ Կարապետյանի ակտիվությունը պայմանավորված է Ռուսաստանի շահերի սպասարկումով։ Անկհայտ է, որ ինչի մասին ինքը խոսում է և որտեղից խոսում է, այդտեղ ռուսական շահագրգռվածություն կա, և ինքն էլ իր բնույթով միշտ այդպիսի մարդ է եղել»,–
Oragir.News–ի հետ զրույցում այս մասին նշեց «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ, միջազգայնագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի դրսևորած ակտիվությանը։
Արա Պապյանը չի կարծում, որ Արշակ Կարապետյանն իր այս ակտիվությամբ կկարողանա քաղաքական դաշտի վրա ազդեցություն ունենալ։ Ըստ նրա՝ Արշակ Կարապետյանը՝ որպես անհատ չունի դրա կարողությունը, իսկ Ռուսաստանն էլ Հայաստանում բավականին սահմանափակ ազդեցություն ունի․
«Ազդեցություն ունի, բայց այդ ազդեցությունը բավականին սահմանափակ է։ Այսինքն՝ առանց տեղական լուրջ աջակցության չի կարող ոչ մի լուրջ բանի հասնել։ Այնպես որ սա Ռուսաստանի հերթական փորձերից մեկն է։ Կարծում եմ՝ Ռուսաստանը Արշակ Կարապետյանի վրա ոչ թե իր հիմնական խաղադրույքն է կատարում, այլ նրան դիտարկում է հնարավոր տարբերակներից մեկը․ իրենք տարբեր գործիչների վրա են աշխատում՝ «որը կստացվի» տարբերակով։ Արշակ Կարապետյանն անգամ առաջնայինը չի, ռուսերենով ասած՝ «по разветка боя», այդ տարբերակով է այդ ամբողջը խաղարկվում:
Երբ մենք նայում ենք Ռուսաստանի պատմությանը՝ լինի Սովետական միության կերպով, թե այլն, Ռուսաստանի բոլոր հաջողությունները պայմանավորված են կոշտ պայքարի ձևով, այսինքն՝ պատերազմում է հաղթանակ տարել, հեղաշրջումներ է արել և այլն։ Մենք չունենք ոչ մի հաջող պատմական օրինակ, երբ Ռուսաստանը շատ ավելի ուժեղ էր քան հիմա, ու ինքը փափուկ ուժի միջոցով կարողացել է ինչ–բան անել։ Այո՛, Ռուսաստանը կարող է Հայաստան զորք մտցնել՝ հերթական 11–րդ բանակը, եթե ինքն Ուկրաինայում հաղթի, բայց քանի որ ինքը Ուկրաինայում չի հաղթի, դա անելու ռեսուրսներն էլ չի ունենա, իրեն կզսպեն, թույլ չեն տա։ Այնպես որ՝ այո՛, տարբեր բաներ փորձում են, պետք է հասկանալ, որ տարբեր գերատեսչություններ են Հայաստանի ուղղությամբ աշխատում և ամեն գերատեսչություն իր թեկնածուին է մեջտեղ բերում»։
Oragir.News–ի հարցին՝ ինչո՞ւ Արշակ Կարապետյանը չի գալիս Հայաստան և իր ծրագրերն այստեղ կյանքի կոչում՝ Արա Պապյանը պատասխանեց․ «Չգիտեմ, գուցե ինքը Լենինի օրինակը ունի, ով հեռվից էր հեղափոխություն անում, բայց բոլշևիկյան կուսակցությունը գետնի վրա ներկայացված էր ու բավականին կազմակերպված, փոքրաթիվ, բայց կազմակերպված, որի աջակցությամբ էլ եկավ ու ինչ-որ բան արեց։ Արշակ Կարապետյանը հաստատ Լենինը չի, և այդ ուժերը Հայաստանում չկան։ Հետևաբար՝ հեռվից նա ոչինչ անել չի կարող, մոտիկից էլ չի կարող, բայց հեռվից՝ առավել ևս»։
Պապյանն ուշադրությունը հրավիրում այն բանին, որ Ռուսաստանը կոռումպացված երկիր է, և որոշ շրջանակներ Արշակ Կարապետյանի վրա խաղադրույք կատարելով պարզապես «փող են լվում»։ «Ուկրաինայում էլ բազամիլիարդ ռուբլիներ էին ծախսել, Պուտինին էլ զեկուցել էին հաջողությունների մասին, ասել էին՝ «Ուկրաինայում հեսա բոլորը մեր արևով են երդվելու», բայց պարզվեց, որ այդ փողերը կերել են ու ոչ մի բան էլ չեն արել։ Նույնն էլ հիմա ստեղ են անում, այստեղ նաև այդ կոռումպացված կառույցների շահագրգռվածությունը կա՝ նման մարդկանց խաղի մեջ մտցնելով։ Եթե կոպիտ ասենք, նման կերպ պարզապես փող են աշխատում, ու հիմնական փողը ռուսներն են աշխատում, այլ ոչ թե Արշակ Կարապետյան»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան