Ոչ մի օր՝ առանց Արցախի. պատառիկներ՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի անցյալից
copy image url

Ոչ մի օր՝ առանց Արցախի. պատառիկներ՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի անցյալից

Ներքին 3 ժամ առաջ - 23:00 07-04-2025
«Ուսանողական գարուններ», խաղողաքաղ և բամբակաքաղ

1969 թվականին Ստեփանակերտում բացվեց Բաքվի՝ Վ. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղը։ Սկզբում այն ուներ ընդամենը երկու ամբիոն՝ լեզվի և գրականության ու մաթեմատիկայի, որոնց ուսուցումը տարվում էր հայերեն և ադրբեջաներեն, քիչ անց՝ նաև ռուսերեն (մինչ այդ՝ 1945-ից, կարճ ժամանակով Շուշիում գործել է երկամյա մանկավարժական ինստիտուտը)։

1973 թվականին բուհը ստացել է ինքնուրույն կարգավիճակ և վերանվանվել Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտ։ Իսկ 1982-ից այն կոչվեց «Ստեփանակերտի՝ Ադրբեջանի 60-ամյակի անվան պետական մանկավարժական ինստիտուտ»։ Կային լեզվագրական, պատմության, տարրական դասավանդման մեթոդիկայի, մաթեմատիկայի, քիմիայի և ֆիզիկայի ֆակուլտետները։


Պետք է ասել, որ խորհրդային շրջանի ստեփանակերտյան բուհը, մեծ հաշվով, պատվով կատարեց իր վրա դրված առաքելությունը, ինչի վկայությունն այն ժամանակների արցախյան դպրոցների ու հանրակրթության դրվածքն ու վիճակն էին։

Մեկ հրապարակման մեջ, ինչ խոսք, անհնար է ամբողջական խոսք ասել բուհի ու նրա պատմության մասին, բայց և ներկայացնելով այն, ինչ ես եմ տեսել 1980-ականներին, իմ կողմից մի փոքր քայլ կլինեի արած՝ երևի թե խիստ կարևոր մի գործի սկզբի համար՝ ակնկալելով, որ ժամանկի հետ ուրիշները ևս կձեռնարկեն իրենց հուշերը հրապարակելու գործն ու ամբողջացնելու պատկերը։

Ես սովորել եմ ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։ Իմ դասախոսները, մեծ հաշվով, իրենց գործին նվիրված պարկեշտ հայ մտավորականներ էին, չնայած նրանցից ոմանք անցել էին Բաքվի՝ Ախունդովի անվան՝ լեզուների մանկավարժական ինստիտուտի թոհուբոհով։ Գուրգեն Անտոնյանը գրականագիտության դոկտոր, պրոֆեսոր էր։ Արդեն խիստ զառամյալ էր, երբ ես ընդունվեցի․ դասերին երբեմն ծխում էր, անգամ՝ կոնյակ խմում։

Լավ հիշում եմ բարբառագետ, գիտությունների թեկնածու Կարո Դավթյանին՝ նույնպես տարիքն առած մարդ․ Վանում էր ծնվել, կնոջ՝ տիկին Սալաթի հետ, կյանք են մտել Լենինականի որբանոցներից։ Հիշում եմ՝ բացառիկ սուր լսողություն ուներ․ լսում էր վերջին շարքերում հնչած խոսքը, արտաբերում բառացի։

Մեր դեկանը գիտությունների թեկնածու Գուրգեն Բաղդասարյանն էր՝ լեզվաբան, հետագայում նաեւ ուսումնասիրել էր Արցախի բարբառը։ Բարի և ընդառաջող մարդ էր։

Լեզվաբանություն էր դասախոսում Մարուսյա Բաղրամյանը (ասում էին, որ մարշալ Բաղրամյանի եղբոր աղջիկն է), ում համար գիտնականի իդեալը Գևորգ Ջահուկյանն էր։ Շատ խիստ էր, աղջիկները նրան անվանում էին «տիկին սարսափելի»։ Իրականում իր գործին նվիրված սկզբունքային մտավորական էր։

Արտասահմանյան գրականություն էր դասավանդում Լենա Գրիգորյանը՝ գրող, լրագրող, խմբագիր Կոմիտաս Դանիելյանի կինը։ Ցավոք, նրա որդին՝ Նարեկը, անհետ կորավ Արցախյան առաջին պատերազմում։

Հիշում եմ նաև Անահիտ Աթայանին, Սիլվա Մինասյանին, Միրա Յերամիշյանին, Օֆելյա Բաբայանին, Սոկրատ Խանյանին, պատմության դասախոս՝ արդեն զառամյալ Աշոտ Իոնիսյանին, ով երբ բարկանում էր, ասում էր․ «Ա խվատի՛տ է», և Ռոնա Բալայանին, ով առանձնահատուկ գորովանքով էր ասում․ «Իոսիֆ Վիսսարիոնավիչ Ստալինը»։

Իմ ուսանելու տարիներին մեր ֆակուլտետի և, ընդհանրապես, ինստիտուտի ամենաազդեցիկ ուսանողներից հիշում եմ հետագայում հայտնի լրագրող, հրապարակախոս, խմբագիր, Արթուր Մկրտչյանի, ապա նաև՝ Գեորգի Պետրոսյանի օրոք ԼՂՀ առաջին գումարման Գերագույն Խորհրդի լրատվական ծառայության առաջին ղեկավար, ԳԽ նախագահի մամուլի քարտուղար, «Դեմո» թերթի և «Անալիտիկոն» ամսագրի հիմնադիր գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանին, ով բացարձակ գերազանցիկ էր՝ Լենինյան թոշակառու (ուսանողները ստանում էին 40 ռուբլի թոշակ, նրանցից գերազանցիկները՝ 50 ռուբլի․ լենինյան թոշակառուները, ովքեր մինչև երրորդ կուրս ոչ մի 4 գնահատական չէին ստացել, ստանում էին 100 ռուբլի թոշակ, և կարող էին միաժամանակ լինել միայն երեք հոգի՝ մեկը՝ հայկական, մեկն ադրբեջանական և մեկն էլ ռուսական սեկտորներից, որպես բացարձակ գերազանցիկներ․ բայց դա հազվադեպ երևույթ էր, և միշտ չէ, որ այդպիսիք լինում էին․ նրանցից մեկն էլ հենց Գեղամ Բաղդասարյանն էր․ մեկ էլ այն տարիներից հիշում եմ ռուսական սեկտորից Մագդա Եպիսկոպոսյանին) և կարծես մի տեսակ ավելի բարձր էր կանգնած սովորական ուսանողի կարգավիճակից։

Մեզ Գեղամին օրինակ էին բերում և միանգամայն արդարացիորեն։ Ավելորդ չէ նշելը, որ ներկայումս հաջողությամբ լրագրողական գործունեություն ծավալող շատ լրագրողներ անցել են «Դեմո»-ի և «Անալիտիկոն»-ի քուրայով․ լրատվամիջոցներ, որոնք շուրջ երկու տասնամյակ օազիսի պես մի բան էին Արցախում․․․

Նույնը կարող եմ ասել բանաստեղծ, ՀՀ Գրողների միության անդամ, փիլիսոփայության դոկտոր Սլավիկ Հարությունյանի մասին, ով արդեն առաջին կուրսում կարգին հոնորարներ էր ստանում Բաքվում լույս տեսնող «Գրական Ադրբեջանից»։



Հիշում եմ՝ մեզ քաղաքատնտեսություն դասավանդող՝ հետագայում Արցախի վարչապետ և ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն (ասում էր․ «Մարքսին չափում են միայն Մարքս՛ով») ինձ երկուս էր նշանակել։ Կրկին գնացի՝ էլի՝ երկուս։ Արդեն երրորդ՝ ճակատագրական փորձից առաջ էլ մարդ չէր մնացել, որ չխառնեի։ Ապարդյուն, դժվար էր Եսայանի վրա ներգործելը։ Սլավիկը մտավ մոտը, չգիտեմ ինչ խոսեց մի երկու րոպե, դուրս եկավ ու ասաց՝ «Զաչյոտնիկդ պեր, նշանակում ա»։

Սլավիկը նաև շատ կարգին մարդ էր․ չորս տարի մի կուրսում սովորեցինք, երբեք չտեսա, որ մեկի մասին վատ արտահայտվի, մի հակառակորդ ունենա, ինչը 18-20 տարեկան երիտասարդների դեպքում խիստ հազվագյուտ կարող է պատահել։ Ու կորած էլ չէր՝ լիարժեք բոհեմական կյանքով ապրող երիտասարդ էր՝ շուրթերին միշտ ունենալով Չարենցի տողերը․ «Եվ Կարինե Քոթանճյանին․․․» և կամ մի չքնաղ կտոր Տերյանից։

Նրա գրքերը թարգմանվել են մի շարք լեզուներով, դրանք շնորհանդեսներ են ունեցել Մադրիդում, Բարսելոնում, Վալենսիայում։ Սլավիկի հետ մեր կուրսում էր սովորում նաև հետագայում դպրոցի տնօրեն Արթուր Մինասյանը՝ իմ տեսած ամենապարկեշտ, վեհանձն ու բարի անձնավորություններից մեկը, ում ողջ կյանքում կմնամ պարտք։ Այս մարդը համոզված էր, որ ամեն օր դասերից հետո պիտի գնամ իրենց տուն՝ վայելելու իր մայրիկի պատրաստած համադամ կերակուրները։

Բոլոր բուհերի նման, Ստեփանակերտի ինստիտուտն էլ ուներ իր քյառթուները, որոնցից ամենաազդեցիկը Բաղդասարով Արթուրն էր՝ մաթեմատիկայի ֆակուլտետից, ով հեղինակություն էր նաև քաղաքում, հայտնի մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Միքայել Բաղդասարյանի որդին։

Ազդեցիկ էին նաև հետագայում Արցախի ԱԺ նախագահ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արթուր Թովմասյանը, ով նաև շատ բարի ու կամեցող էր՝ թույլ չէր տալիս թույլերին նեղացնել (մի օր իր ընկերոջ հետ հենց հանրակացարանի առջև ձեռնամարտի է բռնվել ստեփանակերտցի՝ ամենևին էլ ոչ կորած մի քանի երիտասարդների հետ, ովքեր հրապարակային վիրավորել են հանրակացարանի աղջինկներին), պատմական ֆակուլտետից Ռաֆայել Աղամյանը, ով նույնպես քաղաքի հայտնի տղաներից էր։ Իր մեջ համադրվել էին և՛ քյառթուն, և՛ մտավորականը․ երբ ստեփանակերտյան «Ակունք» թերթի գլխավոր խմբագիրն էի, նա միշտ կարգին հրապարակախոսական հոդվածներ էր տրամադրում։

Նույնը կարելի է ասել նաև նույն ֆակուլտետի ուսանող, հետագայում Ակ․ Բակունցի տուն-թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանի մասին, ով մշտապես քայլում էր սրի սայրին և ֆակուլտետն ու հանրակացարանը պահում էր էքստրիմի մեջ։

Ազդեցիկ էին նաև պատմության ֆակուլտետի ուսանող, մարտական փառավոր ուղի անցած, հրամանատարական բարձր պաշտոններ վարած, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ Աշոտ Պողոսյանը, ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող, «Մարտական խաչ»-ի ասպետ, հետագայում Մարտակերտի պաշտպանական շրջանի լեգենդար հրամանատար Նորայր Դանիելյանը և տարրական դասավանդման մեթոդիկա ֆակուլտետի ուսանող՝ ներկայումս հայրենի Սիսիանում դպրոցի տնօրեն Ռուբեն Զաքարյանը։



Ամեն տարի սեպտեմբերին ինստիտուտի (ինչպես նաև միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների) ուսանողներին և դպրոցների բարձր դասարանների աշակերտներին տանում էին խաղողաքաղ։ Բերքահավաքի թունդ ժամանակաշրջանն էր, և տնտեսություններն իրենց ուժերով չէին հասցնում բերքը հավաքել։ Նշենք, որ ավարտական կուրսերին չէին տանում։ Հիշում եմ՝ տարի կար, որ ԼՂԻՄ-ը մթերեց 179 հազար տոննա խաղող։

Առաջին կուրսում՝ 1982-ի սեպտեմբերին, մեզ տարան Մեծ թաղեր։ Անձրևոտ օր էր, ու մինչ տեղի դպրոցում մեզ հատկացված կացարանները պատրաստ կլինեին, գյուղացիները եկան և սիրահոժար հրավիրեցին իրենց տները։ Այդ օրը գյուղի հավերի ու աքլորների համար սև օր դարձավ։ Կարգին քեֆ-ուրախություն սարքեցին մեզ համար։
Ամեն առավոտ ավտոբուսները մեզ տանում էին դաշտեր, աղջիկները երգում ու արտասանում էին։ Տեղ հասնելուց մեզ տրամադրում էին կապրոնե վեդրոներ ու սկսվում էր խաղողաքաղը, որի համար մեզ վարձատրում էին։ Երեկոյան նույն կերպ վերադառնում էինք դպրոցի շենքի մեր կացարանները։ Ընթրիքից հետո նվագարկիչից ծորում էին Սալվատորե Ադամոյի, Ժո Դասենի, Դեմիս Ռուսոսի, Ալլա Պուգաչյովայի և «Իգլզ»-ի մեղեդիները։ Բայց և կարելի է ասել, որ այս ընտրությունը կապված էր նրա հետ, որ մագնիտոֆոն չունեինք, այլապես Հարութ Փամբուկյանը, Փոլ Բաղդադլյանն ու Ալիկ Գյունաշյանն ավելի նախընտրելի էին։ Այս ժամանակ, ավագ սերունդը չի կարող մոռացած լինել, նաև շատ ընդունված ու շատ ռաբիս մի երգ էլ կար․
-Едет машина как стрела,
Маршурт-Баку-Ереван,
И ты самной на машине, Сусан джан,
И ты пайош-индз таран, таран…

Այստեղ նաև ոչ հազվադեպ դրվում էր ապագա ընտանիքների հիմքը․․․



Երկրորդ տարվա խաղողաքաղը Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղում անցկացրինք։ Այստեղ մեզ կարծես չնկատող տարօրինակ ռուսներ էին բնակվում՝ մոլոկաններ։ Տղաներից մեկը մի սագ գողացավ, և մենք բախտ ունեցանք տեսնելու եղանները ձեռքներին եկող ագրեսիվ ռուս կանանց։

Երրորդ կուրսում մեզ տարան բամբակաքաղ՝ Բարդայի շրջանի Սողանվերդիլար գյուղ։ Էլի դպրոցում էինք տեղակայվել։ Այստեղ զգալի էր լարվածությունը, որ հնարավոր չէր սքողել, չնայած, ամեն ինչ արվում էր կոնֆլիկտներից խուսափելու համար։ Օրերից մի օր ադրբեջանցի երեք երիտասարդ եկել էին, վերցրել կիթառն ու սկսել ինչ-որ մուղամաթ նվագել։ Դեռ դաշտից չէինք վերադարձել, դպրոցում էլ երկու հոգի էին մնացել, ովքեր առավոտից իրենց լավ չէին զգացել։ Երբ վերադարձանք, մեր ղեկավար՝ ֆիզկուլտուրայի դասախոս Վյաչեսլավ Հարությունյանը շատ կոպիտ դիմեց սրանց․ «Այ սազանդարլար, բուրդան սիկտիր օլսուն»։ Սրանք կիթառը տեղը դրին ու չքվեցին։

Մի կարևոր հանգամանքի մասին․ այստեղ ադրբեջանցի ուսանողներին մեր համեմատությամբ վճարում էին կրկնակի անգամ ավելի․ որքան հիշում եմ՝ մեկ կիլոգրամի համար մեզ վճարում էին 10, ադրբեջանցի ուսանողներին՝ 20 կոպեկ։



Ուսանողների կյանքում առանձնահատուկ իրադարձություն էր յուրաքանչյուր գարնան ֆակուլտետների միջև կազմակերպվող «Ուսանողական գարուն» միջոցառում-մրցույթը։ Երգ, պար, ասմունք, բեմադրություններ, որոնց արդյունքում ժյուրին որոշում էր հաղթողին։ Ժյուրիի անդամներից լավ հիշում եմ ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Գեորգի Սահակյանին, ով այն ժամանակների համար բավականին բարձր մակարդակ ունեցող էստրադային համույթի մեներգիչն էր ու կիթառահարը։



Պետք է նշեմ, որ ադրբեջանցիներին երբեք չտեսա այս փառատոններին մասնակցելուց։ Ոչ էլ հանդիսատեսների մեջ եմ տեսել երբևէ, չնայած, բնականաբար, նրանց ևս տոմսեր էին տրամադրվում։ Միայն բացառիկ դեպքերում կարող էիր տեսնել, ասենք, ինստիտուտի պրոռեկտոր, ընդգծված հայատյաց Նաջափ Կուլիևին խոժոռադեմ նստած առաջին շարքում։ Իսկ տոմս ձեռք բերելը, կարելի է ասել, անչափ դժվար էր՝ այն աստիճանի էր «Ուսանողական գարունը» սիրված Ստեփանակերտում, և հանդիսատեսների մեջ կարող էիր տեսնել բոլորին՝ սկսած մարզկոմի աշխատակիցներից, վերջացրած՝ քաղաքի քյառթուներով։

Ինքս մի քանի անգամ «իմ խմբով», որ հապշտապ հավաքում էի ֆակուլտետից՝ «կլավիշնիկ», բաս կիթառահար ու ինքս էլ՝ մյուս կիթառի վրա, մասնակցել եմ այդ անմոռանալի միջոցառումներին՝ երգելով Անդրեյ Մակարևիչի ու Հարութի երգերից։ Երբեմն էլ «խումբս» համալրել եմ Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանի տղաներով։


Կարծեմ նշել եմ մեկ անգամ, բայց և նորից կրկնեմ․ Ստեփանակերտում մի տեսակ կարոտ ու սով կար ամենայն հայկականի նկատմամբ, այնպես, որ եթե, ասենք, Գորիսից կամ Սիսիանից մի միջակ համույթ հյուրախաղերի գար որևէ առիթով, տոմս ձեռք բերելու համար մարդիկ պատրաստ էին վճարել եռակի, քառակի թանկ։ Ու դժվար չէ պատկերացնել այն հոգեպարար ու երանելի վիճակը, որում մարդիկ լքում էին դահլիճը։

Կարեն Միրզոյան

Շարունակելի

Ամենից շատ դիտված

14:10 Աննա Հակոբյանը շարունակում է զարմացնել իր չգիտությամբ
16:34 Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է․ Նաիրի բժշկական կենտրոնում բուժզննում է անցել․ armlur.am
19:00 Հրանտ Մաթևոսյանն այդպիսի բան չի ասել․ գրողի որդին կրթում է Նիկոլ Փաշինյանին
13:10 Տղամարդը մեքենայի մեջ տաբատն իջեցրել է և ձեռքով կանչել պատգամավորի անչափահաս երեխաներին․ ի՞նչ է տեղի ունեցել․ mediahub.am
11:13 Մի գրառմամբ ոչնչացրեց Անդրեին․ Անուշ Շահրամանյան
12:05 Կոսովոյի գեղեցկուհի Էրդողանը մահացել է Թուրքիայում․ RIA
18:10 Եթե ազատ լինեմ, կմասնակցեմ․ հրավիրվածներից ովքե՞ր են ընդունել Աննա Հակոբյանի հրավերը
13:00 22 անշարժ գույք, որից 6–ը՝ ԱՄԷ–ում, թանկարժեք մեքենաներ և գնումներ, 492 մլն եկամուտ․ Ջերմուկի համայնքապետի ունեցվածքը
21:00 Ապրիլի 24–ին պետք է ՔՊ–ի դրոշն էլ այրենք․ արցախցուն գլխատողի հետախուզումը դադարեցնելը ցեղասպանություն է
13:23 Այսուհետ լիարժեք լծվելու եմ «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ի աշխատանքները կազմակերպելուն․ Վիլեն Գաբրիելյան