Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:55 07-04-2025

ԼՂ հակամարտությունը լուծված չէ, իշխանափոխությունից հետո բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ. ՀՀԿ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ և Հայաստանում անխուսափելի իշխանափոխությունից հետո բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ։

Նման հայտարարություն է տարածել ՀՀԿ-ն․
«ՀՀԿ Գործադիր մարմինը՝
- իր վրդովմունքը արտահայտելով գործող վարչախմբի կողմից տարվող արցախուրաց քաղաքականության նկատմամբ,

- արձագանքելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ կոչվող հիմնարկի վերջին մեկնաբանությանը,

- վերահաստատելով իր հավատարմությունը Արցախյան շարժման իդեալներին, սկզբունքներին և նպատակներին,

- սատարելով արցախահայությանը, այդ թվում՝ սեփական հայրենիքում ապրելու և ինքնորոշման իրավունքների պաշտպանության հարցերում, Կրկին փաստում է, որ.

- 2018-ի իշխանազավթումից հետո ՀՀ գործող վարչախումբը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ որդեգրել է արկածախնդիր, դավաճանական և աղետալի քաղաքականություն:

- Հարցականի տակ դնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված և մինչ այդ երկար տարիների ընթացքում բանակցված կարգավորման Հիմնարար սկզբունքների և տարրերի ճակատագիրը՝ հակադրվել է միջազգային հանրությանը, փաստացի հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջմղման և պաշտպանության սահմանադրական քաղաքականությունից՝ դիվանագիտական առավելություն ապահովելով ադրբեջանական կողմի համար:

- Փաստացի չեղարկելով Հայաստանի դիվանագիտական հաջողությունը հանդիսացող՝ Վիեննայի, ՍանկտՊետերբուրգի և Ժնևի 2016-2017 թվականների պայմանավորվածությունները՝ նպաստել է հարցը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի քաղաքականությանը և հայկական կողմին զրկել շփման գծում անվտանգության միջազգային մեխանիզմների ներդրման՝ միջնորդների հետ մինչ այդ համաձայնեցված փաստարկից:

- «Սեփական կետից» և «Ինչ ուզում ենք՝ բանակցում ենք» դավադիր ու կործանարար մոտեցումներով ապահովել է Ադրբեջանի համար բարենպաստ պայմաններ նախկինում ձեռք բերված հայանպաստ պայմանավորվածությունները միջազգային հանրության շրջանում չեզոքացնելու և զրոյացնելու գործում:

- Այս ձևախեղված և կանխամտածված քաղաքականությամբ հնարավորություն է ստեղծել ադրբեջանական ագրեսիայի համար, ապա խիստ կասկածելի ռազմական և դիվանագիտական հանգամանքներում տարել է երկիրը դեպի պարտություն ու կապիտուլյացիա։

- Հայ ժողովրդից թաքցրել և ցայսօր թաքցնում է մինչև պատերազմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2019 թվականին արված նոր առաջարկությունների փաթեթը։

- 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին խաբել է ժողովրդին՝ խոստանալով, ապա նաև կառավարության ծրագրում ներառելով Ադրբեջանի կողմից զավթված արցախյան տարածքների դեօկուպացիա և խնդրի կարգավորում Հիմնարար սկզբունքների հիման վրա, իսկ հետո դրժել խոստումները

- Տրվելով գեոպոլիտիկ արկածախնդրությանը և թելելով հայ ժողովրդի հետ կապ չունեցող շահերը՝ «իջեցրել է Արցախի հարցի նշաձողը», միջնորդական սցենարներից նախընտրել Արցախի կարգավիճակի հարցը չեղարկող տարբերակը, 2022 թվականի հոկտեմբերին Գրանադայի, և այնուհետև Պրահայի հայտարարություններով հրաժարվել է Արցախի հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում պահելու և դրա լուծմանը հետամուտ լինելու սահմանադրական պարտավորությունից։

- Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման և Արցախի շրջափակման ընթացքում չի գործադրել բավարար դիվանագիտական և հումանիտար ջանքեր միջազգային ճնշմամբ շրջափակումը վերացնելու, արցախահայության հումանիտարվճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։

- Չի ցուցաբերել որևէ նախաձեռնություն 44-օրյա պատերազմի հրահրման և պատերազմի ընթացքում արձանագրված բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանի ղեկավարությանը միջազգային առկա իրավական գործիքակազմով պատասխանատվության կանչելու և ենթարկելու հարցով։
- Հանցավոր անգործությամբ 2023 թվականի սեպտեմբերին նպաստել է Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային և ցեղասպանական գործողություններին։ Այսպիսով.

1. Հայաստանի գործող վարչախումբը, պաշտոնավարման առաջին իսկ օրվանից իրականացրել է Արցախի հարցից հրաժարվելու դավաճանական քաղաքականություն։

2. Արցախի Հանրապետության լուծարման մասին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը չունի իրավական ուժ և թե՛ հակամարտության կողմերի, թե՛ միջազգային հանրության համար չի կարող հիմք համարվել Արցախի հարցը փակելու և Ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծված համարելու համար։

3. Արցախի բռնի հայաթափումը, որն իրականացվեց Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի վարչախմբի անուղղակի հանցակցությամբ, մարդկության դեմ ոճիր է և ցեղասպանական գործողություն, որը չունի վաղեմության ժամկետ, և որի առաջացրած հետևանքները չեն կարող լեգիտիմ համարվել։

4. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ և Հայաստանում անխուսափելի իշխանափոխությունից հետո բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ, իսկ գործող վարչախմբի գործողություններն արժանան համարժեք իրավական գնահատականի»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան