Եթե անակնկալ զարգացումներ չլինեն, ապրիլի 16–ին Գյումրին ընդդիմադիր համայնքապետ կունենա։ Նման համաձայնության են եկել մարտի 30–ի ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարած 4 ընդդիմադիր ուժերը՝ աջակցություն հայտնելով նախկին քաղաքապետ, ընտրություններում 2–րդ տեղը զբաղեցրած Վարդան Ղուկասյանին։
Ընդդիմության համախմբումից և Գյումրիում իշխանազրկման հեռանկարից ՔՊ–ականները ջղաձգումների մեջ են ընկել։ Իշխանականները, որոնք ջանք ու եռանդ չէին խնայում սեփական թեկնածուին՝ ոչ վաղ անցյալում ՀՀԿ–ական, ավելի ուշ էլ ԼՀԿ–ական Սարիկ Մինասյանին համայնքապետ դարձնելու համար։ Գիտակցելով Գյումրու կարևորությունը, ինչպես նաև համապետական մակարդակում իշխանազրկման անխուսափելիությունը, դեռևս կառավարող կուսակցության ներկայացուցիչները քվեարկության արդյուքների հրապարակումից հետո համառորեն փորձում են ընդդիմադիրների «ջրերը պղտորել» և նրանց միջև հակասություններ սերմանել՝ թույլ չտալով համախմբումը, ինչը փաստացի նրանց չհաջողվեց։
Արդեն Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից հետո, ով վեր կանգնելով Վարդան Ղուկասյանի հետ ունեցած լարված հարաբերություններից՝ ՔՊ–ի իշխանազրկման օրակարգը չտապալեց, իշխանականների ջղաձգումներն էլ ավելի սրվեցին։ ՔՊ—ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նշելով, որ 3 ընդդիմադիր թեկնածուները՝ Մարտուն Գրիգորյանը, Կարեն Սիմոնյանը և Ռուբեն Մխիթարյանը «մարդկանց խաբելով ձայներ հավաքեցին և այդ ձայները տվեցին Վարդան Ղուկասյանին»։ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ Գյումրիում ընդդիմության միավորումը «առուծախ» էր որակել՝ պնդելով, որ «ընդդիմության նպատակը բացառապես իշխանազավթումն էր»։
Գյումրու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած 4 ընդդիմադիր ուժերն ի սկզբանե բացառել էին ՔՊ–ի հետ համագործակցությունը և ընտրապայքարի մեջ մտել վերջինիս իշխանազրկելու օրակարգով։ Ընտրությունների արդյունքում հիշյալ ուժերից ոչ մեկին չհաջողվեց ստանալ ձայների կեսից ավելին, որը բավարար կլիներ միանձնյա իշխանություն ձևավորելու համար։ Ընտրություններից հետո Գյումրիում ՔՊ–ին իշխանազրկելու միակ ճանապարհը ընդդիմադիրների համախմբումն էր, որն էլ վերջիններս ըստ էության արեցին՝ աջակցություն հայտնելով՝ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուին՝ Վարդան Ղուկասյանին՝ անկախ նրա հանդեպ ունեցած վերաբերմունքից։ Ընդդիմադիր թեկնածուների շարքում ամենամեծ թվով ձայները՝ մոտ 10 հազար քվե, հենց Ղուկասյանն է ստացել, ուստի ողջամիտ է, որ համախմբումը հենց նրա շուրջ պետք է կայանար։ Եթե օրինակ ընդդիմությունը համախմբվեր Ռուբեն Մխիթարյանի կամ Կարեն Սիմոնյանի շուրջ, ապա վստահաբար նույն ՔՊ–ականները այդ ժամանակ պնդելու էին, որ Գյումրիում փոքրամասնության իշխանություն է ձևավորվել, որը սակավաթիվ գյումրեցիների աջակցությունն է վայելում։
Գյումրիում վարչական ռեսուրսի անխնա կիրառման, համատարած ռեպրեսիաների և այլնի ֆոնին ՔՊ–ն ստացավ ընտրողների առավելագույնը 36 տոկոսի աջակցությունը, իսկ մնացած 64 տոկոսը ստացան ընդդիմադիր և ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերը, որոնք նախընտրական քարոզարշավի ընթացքում ձևավորել էին կոնսենսուս մինուս 1՝ ընդդեմ ՔՊ-ի՝ բացառելով վերջինիս հետ համագործակցությունը։ Այլ կերպ ասած՝ գյումրեցիների 64 տոկոսը քվեարկել է ընդդեմ ՔՊ–ի, ուստի գյումրեցիներին խաբելու, ձայները գողանալու և նմանաբովանդակ այլ մեղադրանքները իրականությանը մոտ են այնքան, որքան Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարության բաստիոն լինելուն։ Նման ճիգերը նպատակ ունեն ստվերել 2018–ի իշխանափոխության բնօրրանում՝ Գյումրիում, ՔՊ–ի ֆիասկոն, ինչպես նաև 2026–ի համապետական ընտրություններին ընդառաջ առավել բարենպաստ բնագծերում դիրքավորվել։
Բացի այդ, տեղին է հիշել Երևանի ավագանու ընտրությունների օրինակը, որտեղ ՔՊ–ն ստացել էր ընտրություններին մասնակցած երևանցիների ընդամենը 32 տոկոսի աջակցությունը, որը քվեարկելու իրավունք ունեցողների միայն 9 տոկոսն էր կազմում։ Երևանում ՔՊ–ն իշխանությունը պահպանեց և Տիգրան Ավինյանին քաղաքապետ կարգեց Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիա ձևավորելու, ինչպես նաև ընդդիմության դաշտում դիրքավորված «Հանրային ձայն» խմբակցությունից մանդատներ գողանալու միջոցով։ Ընդ որում, չափազանց կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ «Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավի ժամանակ դիրքավորվել էր որպես ընդդիմություն, բացառել ՔՊ–ի հետ կոալիցիան, ինչի արդյունքում էլ կարողացել էր շուրջ 11 տոկոս ձայն ստանալ։ Արդեն ընտրություններից հետո քաղաքական այս ուժը դրժեց իր խոստումը և նպաստեց ՔՊ–ի վերարտադրությանը՝ ստելով իր օգտին քվեարկած ավելի քան 26 հազար քաղաքացիներին։
Այսպիսով՝ Գյումրիում ընդդիմադիր ուժերը իրենց ընտրողներին չեն ստել, իսկ հակառակի մասին բոլոր հավաստիացումները պարզապես էժանագին մանիպուլիացիաների ժանրից են։ Ժողովրդավարության բաստիոն ինքնահռչակված Հայաստանում դեռևս կառավարող ուժի ներկայացուցիչների տրամաբանությամբ մանդատագողությունը, որը քաղաքական գործիչները որակում են անասնագողություն, ինչպես նաև ընտրողներին ստելը, վերջիններիս միայն 9 տոկոսի վստահությանն արժանացած իշխանությանը վերարտադրելը ժողովրդավարության բացառիկ դրսևորումներ են, մինչդեռ ընդդիմադիրների միավորումը և ՔՊ–ին իշխանազրկելու օրակարգի իրագործումը իշխանազավթում։ Կառավարող կուսակցության վարկանիշի գահավիժման ֆոնին նման դատողություններն ու իշխանականների ջղաձգումները գուցեև հասկանալի են, սակայն հանրությունը դրանց այլևս լուրջ չի վերաբերվում և տարբեր ընտրական գործընթացներում անխուսափելիորեն արտահայտում է իր դիրքորոշումը, հանգեցնում ՔՊ–ի իշխանազրկմանը։
Կարճ ասած՝ ըստ ՔՊ–ականների՝ մանդատներ գողանալն ու ընտրողներին ստելը հալալ է, ընդդիմադիրների միավորումը՝ հարամ, ինչու ոչ՝ «իշխանազավթում» ․․․
Դավիթ Գույումջյան