Մարտի 30-ին Գյումրիում, ինչպես նաև Փարաքարում կկայանան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ։ Այսօր քարոզարշավի վերջին օրն է, վաղը լռության օրն է, իսկ արդեն կիրակի օրը կկայանա բուն քվեարկությունը։
Առավել կատաղի ընտրապայքար է սպասվում Գյումրիում, որտեղ համայնքային իշխանություն ձևավորելու համար պայքարում է 9 քաղաքական ուժ։ ՔՊ-ին պարտության մատնելու նպատակով առանցքային ընդդիմադիր ուժերն արդեն իսկ ձևավորել են կոնսենսուս մինուս մեկ՝ բացառելով իշխանական կուսակցության հետ համագործակցության հնարավորությունը, ինչն իշխանության շրջանում լուրջ ցնցումներ է առաջացրել, որոնց վկայությունը վերջին օրերի ռեպրեսիաներն են։
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն այսօր հրապարակել է մարտի 25-26-ը Գյումրիում անցկացված հարցումների արդյունքները։ Հարցին՝ ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին են քվեարկելու կիրակի օրը կայանալիք ընտրություններում՝ հարցվածների 21.8% պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (Սարիկ Մինասյան), 18․3%-ը՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցության» (Վարդան Ղուկասյան), 8.9%-ը՝ «Մեր քաղաքը» դաշինքի (Մարտուն Գրիգորյան), 6․4%-ը՝ «Մայր Հայաստան» դաշինքի (Կարեն Սիմոնյան), 5․8%-ը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության (Ռուբեն Մխիթարյան), 4․6%-ը՝ «Եվրադաշինք» դաշինքի (Լևոն Բարսեղյան), 2.3%-ը՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության (Արտյոմ Ղարաղազարյան), 2․1%-ը՝ «Ապրելու երկիր» կուսակցության (Կարեն Մալխասյան), և 0․8%-ը՝ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության (Արտյոմ Թումանյան)։ Հարցվածների 10․6%-ը դժվարացել է պատասխանել, 6%-ը հրաժարվել է պատասխանել, իսկ 6․9%-ը պատասխանել է «ոչ ոքի»։

Եթե հիմք ընդունենք հիշյալ հետազոտության արդյունքները, ապա դրանցով Գյումրու ավագանիում ներկայացած կլինի 5 քաղաքական ուժ՝ ՔՊ-ն, «Հայաստանի կոմունիստական կուսակցություն»-ը, «Մեր քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքները և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը (կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4% է, դաշինքների դեպքում 6%)։ Ըստ Դոնթի բանաձևի՝ նման իրավիճակում Գյումրու ավագանու 33 մանդատներից 12-ը բաժին կհասնի ՔՊ-ին, 10-ը՝ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ ընտրություններին մասնակցող Կոմունիստական կուսակցությանը, 5 մանդատ կունենա Մարտուն Գրիգորյանի առաջնորդած «Մեր քաղաքը» դաշինքը, 3-ական մանդատ էլ «Մայր Հայաստան» դաշինքը և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։
Այսպիսով՝ եթե ընտրությունների արդյունքները համապատասխանեն հիշյալ սոցհարցման արդյունքներին, ապա Գյումրիում ՔՊ-ի պարտությունն անխուսափելի կլինի։ Այս հետազոտությամբ անցողիկ շեմը հաղթահարող 5 քաղաքական ուժերից 4-ը բացառել են ՔՊ-ի հետ համագործակցությունը, ինչը նշանակում է, որ եթե իշխանությունը չդիմի ռեպրեսիաների կամ քաղաքական անասնագողության, որոնց օրինակները նախորդ տարիներին բազմիցս տեսել ենք, ապա ընդդիմությունը միավորվելու և ՔՊ-ին տապալելու իրական հնարավորություն կունենա, շատ ավելի իրական, քան օրինակ Երևանի ավագանու ընտրությունների պարագայում էր։ Նման արդյունքի դեպքում հավաքական ընդդիմությանը բաժին կհասնի ավագանու 33 մանդատներից 21-ը, ինչը բավարար է քաղաքի կառավարումը ստանձնելու և որոշումներ ընդունելու համար։
Ընդդիմության միավորման հարցում գլխավոր խոչընդոտը համայնքապետի թեկնածուներ Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի և նրանց կողմնակիցների երկարամյա տարաձայնություններն են, որոնք, շատ գյումրեցիների համոզմամբ, դժվար թե հաջողվի շրջանցել և համատեղ ուժերով ստանձնել քաղաքի կառավարումը։ Վարդան Ղուկասյանն իր հարցազրույցներում արդեն իսկ միավորվելու պատրաստակամություն հայտնել է, ինչը նշանակում է, որ գնդակը Մարտուն Գրիգորյանի դաշտում է, և հենց նա կորոշի, թե ով կդառնա Գյումրու հաջորդ համայնքապետը․ Վարդան Ղուկասյա՞նը, թե՞ Սարիկ Մինասյանը՝ «մեր Սարիկ»-ը։
Մանդատների վերոհիշյալ բաշխվածության դեպքում առանց Մարտուն Գրիգորյանի առաջնորդած քաղաքական ուժի ընդդիմադիր 3 ուժերը կունենան 16 մանդատ, ինչը նրանց թույլ չի տա ստանձնել համայնքի կառավարումը և համայնքի ղեկավար ընտրել։
Նկատենք, որ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի կողմից հիշյալ սոցհարցումն իրականացվել է մարտի 25-26-ը, երբ դեռ Գյումրիում ընդդիմադիր թեկնածուներիների նկատմամբ կիրառվող ռեպրեսիները նման թափ չէին ստացել, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության եթերում համայնքապետի թեկնածուների թեժ բանավեճը չէր կայացել։ Հիշյալ իրողությունները կարող են ազդել ընտրողների տրամադրությունների վրա և ամբողջովին փոխել քաղաքական ուժերի դասավորվածությունը, ուստի վերահաստատում ենք, որ վերոհիշյալ պատկերը և նկարագրված սցենարը կարող է ծավալվել միայն այն դեպքում, եթե ընտրությունների արդյունքները ևս մոտ լինեն այս հետազոտության արդյունքներին։
Դավիթ Գույումջյան