Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 21:40 27-03-2025

Թուրքիայում պայքարը կմարի. Էրդողանն ընդդիմության հետ փոխզիջման է եկել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Թուրքիայի ընդդիմությունն իրականում ավելի երկարաժամկետ ռազմավարություն է որդեգրել։ Այսինքն՝ այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ երկու կողմն էլ ինչ-որ փոխզիջումային կետի են հասել ու հնարավոր է, որ տեղի ունեցող գործընթացների տեմպն ինչ-որ չափով նվազի»,- Oragir.News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թյուրքագետ Նելլի Մինասյանը՝ գնահատելով Թուրքիայում տիրող իրավիճակը և անդրադառնալով այն պնդումներին, որ ընդդիմության պայքարն աստիճանաբար մարում է։


Նելլի Մինասյան, թյուրքագետ

Նշենք, որ Ստամբուլի արդեն նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն համարվում է Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդը, ձերբակալվել է մարտի 19-ին․ նա մեղադրվում է ահաբեկչության օժանդակման, կաշառակերության և կոռուպցիոն գործարքների մեջ։ Նրա ձերբակալությունից հետո Թուրքիայի խոշոր քաղաքաներում զանգվածային ցույցեր են սկսվել, որոնց ինտենսիվությունը վերջին օրերին կարծես թե նվազում է։

Նելլի Մինասյանը շեշտում է՝ փոխզիջում ասելով նկատի ունի այն իրողությունը, որ Էքրեմ Իմամօղլուի փոխարեն Ստամբուլի ժամանակավոր քաղաքապետ նշանակվեց ոչ թե Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության, այլ գլխավոր ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության ներկայացուցիչ Նուրի Ասլանը, իսկ իշխանությունները չգնացին Ստամբուլում արտահերթ ընտրություններ անցկացնելու ճանապարհով։

«Պայքարն իրականում ոչ թե մարում է, այլ կողմերը պատրաստվում են ավելի լուրջ գործընթացի։ Խոսքն արդեն բուն ընտրությունների մասին է։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ այս փուլում պայքարն այլևս նախորդ օրերին մասշտաբը չի ունենա, այս համաժողովրդական բնույթ չի ստանա, ավելի կմարի, այո՛»,- ասաց նա։

Թյուրքագետը չի բացառում, որ առաջիկայում Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն. «Այո՛, հնարավոր է նախագահական արտահերթ ընտրություններ լինեն, որովհետև ընդդիմությունը կրկին նշեց, որ իրենց հետագա պայքարը լինելու է այն բանի համար, որ երկրում արտահերթ ընտրություններ անցկացվեն և Էքրեմ Իմամօղլուն ազատ արձակվի։ Իմամօղլուն այս պահի դրությամբ ընտրություններին չի կարող մասնակցել, որովհետև չունի։ Փաստացի Էրդողանին հաջողվեց նրան մաքրել իր ճանապահից»։

Oragir.News-ի հարցին՝ Թուրքիայի ընդդիմությունն Իմամօղլուից հետո ո՞ւմ շուրջ պետք է համախմբվի՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Չնայած «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունն Իմամօղլուին հայտարարեց նախագահի թեկնածու, որն ավելի շատ ռազմավարական քայլ կարելի է համարել, ամեն դեպքում կարծում եմ՝ համախմբումը կկայանա Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի շուրջ, եթե իհարկե Իմամօղլուին ազատ չարձակեն ու նրա դիպլոմը չվերականգնեն»։

Նելլի Մինասյանը հավելեց՝ եթե Իմամօղլուն չլինի որպես նախագահի թեկնածու, ապա նրա ընտրազանգվածը կշարժվի Մանսուր Յավաշի ուղղությամբ, ուստի վերջինս Էրդողանի դեմ արդյունավետ պայքարելու հնարավորություն կունենա։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան