Ներքին 1 տարի առաջ - 20:37 26-03-2025

Ժուռնալիստների միությունը դատապարտել է ՊՊԾ աշխատակիցների պահվածքը լրագրողների նկատմամբ

Այսօր Ազգային ժողովում՝ իրենց համար նախատեսված օթյակում, լրագրողներն ակցիա են իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և լրագրողների նկատմամբ նրա լկտի պահվածքի դեմ։

Լրագրողները պաստառներ են պարզել՝ «Ասա կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր» գրություններով, ինչից հետո ՊՊԾ աշխատակիցները քաշքշելով հեռացրել են ակցիա իրականացնող լրագրողներին, խլել են պաստառները:

Ակցիան իրականացվում էր՝ ի պատասխան օրեր առաջ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ Yerevan Tribune լրատվական կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին սանձարձակ բառապաշարով վիրավորելու:

Լրագրողները քաղաքական ակցիա չէին իրականացնում, չէին գոռում, Նիկոլ Փաշինյանի թիմակցի պես չէին վիրավորում որևէ մեկին, լուռ իրականացնում էին իրենց ակցիան՝ իրենց համար իսկ այս իշխանության օրոք ապակեպատ, իրենցից մեկուսացված առանձին օթյակում:

Լրագրողները պահանջում էին հարգել իրենց աշխատանքն ու չխոչընդոտել իրենց մասնագիտական պարտականությունների իրականացմանը: ՊՊԾ աշխատակիցները որևէ իրավունք չունեին տառացիորեն հարձակվել լրագրողների վրա, բռնություն կիրառել նրանց նկատմամբ, քաշքշել ու խոչընդոտել նրանց աշխատանքին:

Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում:

Լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները պետք է բխեն բացառապես ԱԺ-ում աշխատանքների բնականոն կազմակերպման պահանջից, բայց դրանք չպետք է հանգեցնեն լրագրողների աշխատանքի խոչընդոտների:

Բավական չէ՝ անվտանգության կանոնների «հովանու ներքո» լրագրողների աշխատանքի սահմանափակումները պահպանելու համար ամենուր անվտանգության ծառայողներ են տեղակայել, նույնիսկ իրենց իրավունք են վերապահում լրագրողների ձեռքերը քաշքշել, նրանց ձեռքից պաստառներ խլել՝ իհարկե, ոչ առանց «վերևից»՝ քաղաքական ղեկավարության կողմից իջեցված հրամանի:

Հայաստանի ժուռնալիստների միությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ինչպես լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտումը, այնպես էլ լիազորություններից չբխող գործողություններ կատարելիս ֆիզիկական հարկադրանքի կիրառումը քրեական պատասխանատվություն ենթադրող արարքներ են:

Գլխավոր դատախազությանը հորդորում ենք այս հայտարարությունը դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Ի դեպ, տեղին է հիշեցնել, որ Հայաստանում կառավարող քաղաքական ուժի՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համանուն ԱԺ խմբակցության լրագրող-պատգամավորները նախկին իշխանությունների օրոք իրենց լրագրողական գործունեությունն իրականացնելիս քաղաքական ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի բուն նիստերի դահլիճում՝ կառավարող մեծամասնության՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայությամբ, հանդուրժողականության մթնոլորտում, իսկ այժմ նույն այդ քաղաքական թիմը չի հանդուրժում անգամ լրագրողական օթյակում իրականացվող լուռ ակցիան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՀԱԶԱՆԳ Է ՀՆՉԵՑՆՈՒՄ

Կոչով դիմում ենք նաև միջազգային լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններին՝ Հայաստանում իշխանությունների կողմից լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ տեղի ունեցող սանձարձակ, լկտի վերաբերմունքի, բռնությունների, լրագրողական աշխատանքի խոչընդոտման բազմաթիվ դեպքերի, ազատ խոսքի ոտնահարման և, ամենակարևորը, երկրում ստեղծված անպատժելիության մթնոլորտի առնչությամբ: Հայաստանում իրավապահ համակարգը ծառայում է բացառապես իշխանություններին՝ քաղաքական ընդդիմախոսներին և լրագրողներին լռեցնելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ






Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան