Բնակարաններ, հողամաս, մեքենա, 26 մլն դրամ եկամուտ․ Լուսինե Բադալյանի և ամուսնու եկամուտը

Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 19:35 24-03-2025
Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը։

Այսօր ուսումնասիրել ենք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի և նրա ամուսնու՝ Վահագն Գևորգյանի 2023 թվականի հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք՝ Լուսինե Բադալյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 հողամաս՝ Արարատի մարզի Այնթափ համայնքում և 1 բնակարան՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Հողամասը նա ձեռք է բերել 1991 թվականի մարտի 31-ին, բնակարանը՝ 2013 թվականի հունվարի 14-ին։ Տարեվերջին երկու անշարժ գույքն էլ պահպանվել են։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, իշխանական պատգամավորը չի հայտարարագրել։

Լուսինե Բադալյանը «Միկշին» ՍՊԸ-ում ունեցել է 48․800․000 դրամ արժեքով փոխառություն, որը տարեվերջին կազմել է 47․900․000 դրամ։ Իշխանական պատգամավորի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 198․071 դրամ, որը տարեվերջին հասել է 711․313 դրամի։

Բացի այդ, նա հայտարարագրել է 3․500․000 դրամ և 4000 դոլար կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 4․900․000 դրամ և 6300 դոլար։

Բադալյանի տարեկան եկամուտը կազմել է 16․031․771 դրամ, որից 10,508,461 դրամը ՀՀ Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, իսկ մնացած 3․000․000 և 2․523․310 դրամը նա հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ համապատասխանաբար ՀՀ ԱԺ-ից և Ֆինանսների նախարարությունից։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 47․900․000 դրամ։

Պատգամավորի ամուսինը՝ Վահագն Գևորգյանը, հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարանը, որը, սակայն Լուսինե Բադալյանի հայտարարագրած բնակարանը չէ։ Այս բնակարանը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում, և այն գնվել է 2014 թվականի սեպտեմբերի 5-ին։ Այս բնակարանը նույնպես տարեվերջին պահպանվել է։

Գևորգյանը հայտարարագրել է 2014 թվականի արտադրության Ford մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2021 թվականի հուլիսի 9-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։ Իշխանական պատգամավորի ամուսնու բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 3․885 դրամ, որը տարվա ընթացքում կտրուկ աճել է՝ հասնելով 184․865 դրամի։ Որպես կանխիկ դրամ՝ տարեսկզբին նա հայտարարագրել է 3․800․000, տարեվերջին՝ 4․500․000 դրամ։

Վահագն Գևորգյանի տարեկան եկամուտները կազմել են 10․041․957 դրամ, որից 6․695․180, 148․875 և 1․163․001 դրամը նրա ստացած աշխատավարձն է՝ համապատասխանաբար «ԿԱՄԻ ԱԿՈՒՄԲ»-ից, «ՄՅՈՒԶԻՔ ՆԱՅԹ» և «ՄԻՏՈՅԱՆ» ընկերություններից, իսկ 2․034․901 դրամը հայտարարագրված է որպես այլ եկամուտ՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից։

Մանրամսները՝ տեսանյութում: