Քաղաքական տգիտությունը հանգեցնում է ազգային աղետների, երբեմն՝ այլասերման։ Հատկապես վտանգավոր է, երբ քաղաքական առաջնորդը սպեկուլացիա է անում արժեքների հետ։
Օրեր առաջ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Լյուդովիկոս 14-րդի միջնադարյա արտահայտությունը փորձեց տեղայնացնել, ասելով՝ «ՀՀ-ում քաղաքացին պետք է ասի պետությունը ես եմ, կառավարությունն էլ քաղաքացուն ասում է, որ պետությունը դու ես»։
Ինչո՞ւ է Փաշինյանն այսպիսի վերացարկում անում։ Եվ ի՞նչ կլինի, եթե քաղաքացին ասի՝ «պետությունն ես եմ»։
Լուի 14-րդին հաջողվել է հզորացնել Ֆրանսիան, նպաստել արդյունաբերության զարգացմանը, նոր գաղութների նվաճմանը և այլն։ Հասարակությունների վերափոխումներին ընդառաջ՝ գիտական աշխատություններ էին գրվում «ինչ է պետությունը» թեմայով։ Լուի 14-րդը մերժում էր պետության մասին հին և նոր սահմանումները։ «Պետությունը ես եմ» ասելուց առաջ արքան սահմանափակել էր խորհրդարանի իրավունքները, հալածել այլախոհներին, վերաշարադրել պատմությունը, իրեն հռչակել Արև-արքա, ընդգծելով Արարչի հետ էմանացիոն կապը։ Այս մեծամիտ միապետի հակագիտական ու անհամեստ խոսքն է ասպարեզ բերում Փաշինյանն ու վերագրում քաղաքացուն։
Հոգեբանական առումով այսպիսի նույնացումը հոգեկան անառողջության նշան է։ Մարդը կարող է ներդաշնակության ձգտել հակառակ սեռի, հասարակության, բնության, աշխարհի, Աստծո հետ։ Սակայն երբ ձգտում է նույնանալ հակառակ սեռի, հասարակության, բնության, աշխարհի, Աստծու հետ, ապա ախտորոշվում է հոգեկան շեղում։
Այսպիսի խնդրի ողբերգական մի պատկեր է նկարագրված նաև Անատոլ Ֆրանսի «Կարմիր ձուն» նովելում, որի հերոսի ծնվելու ժամանակ նրանց հավերից մեկը կարմիր ձու էր ածել։ Հետագայում նա կարդացել էր, որ Հռոմի կայսր Մարկ Ավրելիոսի ծննդյան օրը Հռոմի հավերից մեկը կարմիր ձու էր ածել։ Այս համընկնումից զարմացած՝ պատվածքի հերոսը երևակայել էր, թե ինքը կայսր է, ոգևորված մտել էր Ելիսեյան պալատ ու գնդակահարվել պահակների կողմից։
Ե՞րբ կարող է քաղաքացին պատկերացնել, թե ինքը պետությունն է։ Նա այսպիսի անառողջ վերացարկում անելուց առաջ ճանապարհ ունի անցնելու։ Նախ կինը պիտի ասի՝ «տղամարդը ես եմ», հետո երեխան՝ «ընտանիքը ես եմ»։ Նույնպես կարող են ասել՝ «հասարակությունը ես եմ», հետո՝ «երկիր մոլորակը ես եմ»։ Այս մակարդակի խանգարման հասնելուց հետո նոր կարող են ասել՝ «պետությունը ես եմ», իսկ վերջում՝ «Աստված ես եմ»։ Մարդասիրական խիզախություն ունեցողն այսպիսի բան ասողին ընկերաբար կուղղորդի բժշկի կաբինետ, որտեղ, հավանաբար՝ նրան կբացատրեն, որ այսպիսի նույնացումները հոգեկան անառողջ դրսևորումներ են։ Իսկ եթե հոգատարություն դրսևորեն անառողջ նույնացողների հանդեպ, ապա ցույց կտան նաև ներդաշնակության հասնելու ուղիները՝ նախ ընտանիքում, հետո սոցիումում, բնության մեջ, աշխարհի ու Աստծո հետ։
Քաղաքական բազմամյա փորձառություն ունեցողները կարող են վկայել, որ անկախ Հայաստանի քաղաքական, քաղաքացիական շարժումների մասնակիցների շարքերում եղել են «պետությունը ես եմ» ասողներ։ Դրանց մի մասը հետագայում արտագաղթել են, ոմանք հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, որոշները բուժում են ստանում, իսկ առողջացածները բռնել են ներդաշնակ ու առողջ ապրելու ուղին։
Պարզ ասած՝ եթե քաղաքացին լսի Փաշինյանին ու ասի, որ պետությունն ինքն է, ապա կարող է հոգեկան խանգարում ձեռք բերել։ Իսկ եթե հոգեխանգարված վիճակում կտրուկ քայլեր անի, ապա ողբերգական ավարտ կլինի, ինչպես «Կարմիր ձուն» նովելում։ Ուստի՝ ժողովրդավարության ջատագովները, զուտ մարդասիրական խիզախությունից ելնելով, պետք է անկեղծ ու սրտացավորեն բացատրեն քաղաքացուն, որ ինքը պետությունը չէ, այլ պետության քաղաքացին, որն ունի իրավունքներ, այդ թվում՝ ՔՊ-ին ու Փաշինյանին ծանր բեռից ազատելու, պետության ղեկն ավելի լավ կուսակցությանն ու առաջնորդին վստահելու իրավունք, որը կարող են իրացնել ընտրություններում քվերակելով։
Թաթուլ Մկրտչյան