Սրիկա դառնալու ճանապարհի առաջին անմարդկային արարքի հանդեպ հանրության արձագանքից շատ բան է կախված։ Երբ այն հանրային պարսավանք, մերժում, պատիժ չի ստանում, ապա փոքր սխալ արած մարդը կարծում է, թե կարող է կրկին վատ արարք գործել, և այդպես նա դառնում է սրիկա։ Այսինքն՝ սրիկայության և անարդարության ծաղկման հարցում մեղքի բաժին ունի նաև հանրությունը, որն անտարբեր է մնացել, կամ մի քիչ տրտնջացել, ձեռքը թափ է տվել ու փակվել իր պատյանում, ճանապարհ տալով բացասական երևույթներին։
Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ ՀՀ-ն ընդունել է Ադրբեջանի վերջին առաջարկությունը չհամաձայնեցված 2 կետերի վերաբերյալ։ Այս մասին առաջինը հայտնեց Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Այնուհետև ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, հաստատելով «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ համաձայնեցված 2 կետերից մեկը վերաբերվում է հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը, երկրորդը՝ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելուն։
Ինչո՞ւ է այս համաձայնությունը ժողովրդից գաղտնի տեղի ունեցել։ Եվ ե՞րբ ժողովուրդը հնարավորություն կունենա ծանոթանալ պայմանագրի տեքստին։
Ամենատարածված վարկածն այն է, որ բանակցային գործընթացը գաղտնի է պահվել Ադրբեջանի պահանջով։ Ինչպես նշվում է մարտի 13-ին ԱԳՆ տարածած հայտարարության մեջ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։ Արդյունքում՝ ՀՀ քաղաքացին Բաքվից է տեղեկացել կարևոր բանակացությունների ընթացքի և ավարտի մասին։
ՔՊ-ական իշխանությունններն այս գաղտնապահությունը դիվանագիտական խորհրդապահություն են անվանում։ Բայց Ադրբեջանը խախտում է այդ խորհրդապահությունը, ինչը տեղի ունեցավ նաև այս դեպքում։ Նա խախտելով համատեղ հայտարարությամբ հանդես գալու պայմանավորվածությունը, միակողմանի տեղեկացրեց բանակցությունների ավարտի, ՀՀ-ի կողմից Բաքվի վերջին երկու պայմանները կատարելու մասին։
Այստեղ տեղին է հիշել, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ի մայիսյան հեղափոխության օրերին Երևանի Հանրապետության հրապարակում ժողովրդին խոստանում էր, որ ժողովրդի թիկունքում, ժողովրդից գաղտնի չի բանակցի, ժողովրդից թաքուն որոշումներ չի ընդունի Արցախի, Հայաստանի վերաբերյալ, ամեն ինչ կքննարկի ժողովրդի հետ՝ հետո որոշում կընդունի և այլն։ Այս խոստումը մեծ ոգևորությամբ է ընդունվել հանրության կողմից։ Ժողովուրդը նաև սա հաշվի առնելով է նրան ձայն տվել հեղափոխությանը հաջորդող ընտրություններում։ Այսինքն՝ Փաշինյանն, օգտվելով հանրության դյուրահավատությունից, հավատացնում էր, թե հնարավոր է ժողովրդավարական թափանցիկության պայմանը տարածվել նաև դիվանագիտական բանակցությունների վրա։
Այս խոստումը, սակայն, բազմիցս խախտվել է։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է 2019-ին բանակցային առաջարկի մասին, որը Նիկոլ Փաշինյանը ժողովրդից գաղտնի է պահում մինչ օրս։ 44-օրյա պատերազմի օրերին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի առաջարկների մասին նույնպես շատ քիչ բան է հայտնի հանրությանը։ 2020-ի հոկտեմբերի 8-ին Ժնև չմեկնելու և պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը բաց թողնելու պատճառը ևս գաղտնի է մինչ օրս։ Նոյեմբերի 9-ի եռակողմ աղետալի հայտարարությունը ստորագրվել է դարձյալ ժողովրդից թաքուն։ Եվ վերջապես հայ-ադրբեջանական բանակցային այս վերջին զիջումը միջազգային հայցերից հրաժարվելու և երրորդ երկրների ուժերը հայ-ադրբեջանական սահմանից հեռացնելու վերաբերալ կրկին ընդունվել է գաղտնի, ժողովրդի թիկունքում։
Փաշինյանը բազմաթիվ առիթներով փորձել է արդարանալ, թե Նոյեմբերի 9-ի աղետալի հայտարարությունը ստորագրել է, որ փրկի շրջափակման մեջ մնացած հազարավոր կյանքեր, դադարեցնի արյունահեղ պատերազմը, ավերածությունները և այլն։ Նման արդարացումներ օբյեկտիվորեն չկան բանակցային վերջին զիջումների պարագայում։ Սակայն մինչև վերջին պահը ՀՀ իշխանությունները գաղտնի են պահում բանակցային ընթացքի մանրամասներն ու պայմանագրի տեքստը։ Ենթադրելի է, որ պայմանագիրը կհրապարակվի ստորագրումից հետո։ Եվ հայ ժողովուրդը միայն ստորագրելուց հետո կիմանա, թե ինչ են բանակցել իր անունից, և ինչի տակ է դրված իր իշխանության ներկայացուցչի ստորագրությունը։
Պարզ ասած՝ հույս կա, որ ժողովուրդն աղետալի փորձությունների միջով անցնելուց հետո կհասկանա բանակցային խորհրդապահության օրինաչափությունը, այսուհետ չի հավատա հեղափոխականների պոպուլիստական, կեղծ խոստումներին։ Իսկ հետադարձ հայացքով՝ մարդիկ կարող են ամոթանք տալ Փաշինյանին, որն օգտվելով ժողովրդի դյուրահավատությունից, հակադիվանագիտական խոստում էր տալիս ամբոխին, թե գաղտնի չի բանակցի և այլն։
Թաթուլ Մկրտչյան