Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:45 14-03-2025

Փաշինյանը կգնա ՌԴ, Ադրբեջանի դեմ հայցերը հետ կկանչվեն, կապիտուլյացիայի վարպետաց դասը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 14-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կառավարության ղեկավարի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Կրեմլից հաղորդել են, որ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ այս նպատակներին հասնելու համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից ցանկացած հնարավոր աջակցության վրա։ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։

Բաքուն և Երևանը պարտավորվել են խաղաղության համաձայնագրի ստորագրումից ու վավերացումից հետո միջազգային իրավական ատյաններից վեճերը հետ կանչել և հետագայում չներկայացնել հայցեր այն խնդիրների վերաբերյալ, որոնք գոյություն են ունեցել մինչև համաձայնագրի ստորագրման պահը։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Իրավապաշտպանների պնդմամբ, եթե Հայաստանն առանց գերիների վերադարձի հետ կանչի գործերը միջազգային դատարաններից, կստեղծվի փակուղային իրավիճակ։ Արարատ Միրզոյանը նաև շեշտել է, որ Բաքվում պահվող հայերի ազատ արձակումը կարևոր բաղադրիչ է Ադրբեջանի հետ խնդիրների համապարփակ կարգավորման համար։ «Ամբողջական կարգավորման համար մենք ինչպես նախկինում, այժմ ևս համարում ենք, որ հումանիտար հարցերի լուծումն առաջին հերթին գերիների, պատանդառված անձերի, այլ պահվող անձաց ազատ արձակումը շատ կարևոր բաղադրիչ է համապարփակ կարգավորման համար»,- շեշտել է նա։

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի խաղաղությունը՝ կապիտուլյացիայի վարպետաց դաս» վերտառությամբ հոդվածը, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտին: «Նրա վերջին հայտարարությունը, որը ներկայացնում է Ադրբեջանի հետ այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտը, չպետք է շփոթել դիվանագիտական ​​ձեռքբերման հետ։ Դա, ըստ էության, ամենահստակ խոստովանությունն է, որ Փաշինյանը բանակցային սեղանի շուրջ ամբողջությամբ զիջել է հայկական ազգային շահը»,- շեշտել է Օսկանյանը՝ պնդելով՝ Փաշինյանն իր խլացուցիչ լռությունն արդարացնելու նույնիսկ նվազագույն փորձ չի անում: «Եթե ​​այս համաձայնագիրը ստորագրվի, այն չի ազդարարի խաղաղության նոր դարաշրջանի արշալույսը: Ավելի շուտ, կազդարարի Լեռնային Ղարաբաղի երկար ու ողբերգական պատմության հայկական գլխի պաշտոնական ավարտը։ Սա երկխոսության և հաշտեցման միջոցով ձեռք բերված խաղաղություն չէ. դա խաղաղություն է, որն իրականացվում է հարկադրանքի, անհավասարակշռության և ռազմավարական վակուումի միջոցով: Այն կստորագրվի ոչ թե արժանապատվորեն, այլ հրաժարումով, գուցե նույնիսկ հուսահատությամբ»,- ասել է նա։

Իշխանությունները մտադիր են տուգանել հանրային տրանսպորտի թանկացումը բոյկոտող քաղաքացիներին։ e-draft.am-ում ներկայացվել է օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին՝ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար։ Փոփոխություններով առաջարկվում է չվճարող քաղաքացիներին տուգանել 15 հազար դրամով, իսկ արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկող հնարամիտներին՝ 18 հազար դրամով։ Նշենք, որ հիշյալ նախագծերն օրենք դառնալու համար պետք է ընդունվեն Ազգային ժողովի կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան