«Արդեն խոսակցություններ կան, և ամերիկյան մամուլը գրում է, որ Թրամփը Վենսին պատրաստում է՝ որպես իրեն փոխարինող՝ Հանրապետական կուսակցությունում, որովհետև ինքը չի կարող երրորդ անգամ նախագահ ընտրվել։ Վենսին աճեցնում է՝ այդ տեղի, այդ պաշտոնի համար»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց միջազգայնագետ Արա Պապյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի աննախդեպ ակտիվությունը, ինչը նախորդ փոխնախագահների դեպքում չի եղել։
/Արա Պապյան, միջազգայնագետ/Պապյանը միևնույն ժամանակ շեշտում է՝ այս մասին խոսելը դեռևս շատ վաղ է։ Նրա խոսքով՝ սա նաև բնույթի հարց է, քանի որ Թրամփը սիրում է վիճահարույց հարցերի մեջ տարբեր մարդկանց առաջ քաշել, որպեսզի նրանք հարվածն իրենց վրա վերցնեն և ինքն այսպես ասած ջրից չոր դուրս գա։ «Մասնավորապես՝ ես կարծում եմ, որ Զելենսկու հետ այդ աղմկահարույց հանդիպումը և այդտեղ Վենսի դերը պատահական չէր․ Վենսին հանձնարարված էր «վատ տղայի» դերը կատարել, որ ինքը [Թրամփը-խմբ․] լավ տղան լիներ։ Գիտեք՝ ամերիկացիները լավ ոստիկան-վատ ոստիկան խաղը ունեն, դերաբաշխում է տեղի ունենում, հիմա Թրամփն ու Վենսը այդ դերաբաշխումն էին կատարել»,- կարծում է նա։
Oragir.News-ի հարցին՝ Վենսը կկարողանա՞ փոխարինել Թրամփին՝ պետության ղեկավարի պաշտոնում, Արա Պապյանը պատասխանեց, որ այս մասին խոսելը դեռևս շատ չէ։ Ըստ նրա՝ սա միայն Թրամփի ցանկությունն է, և չի նշանակում, որ հանրապետականները կհամաձայնվեն կամ 4 տարվա ընթացքում նոր թեկնածու չի աճի․
«Ինձ թվում է այստեղ մի ուրիշ հարց էլ կա․ քանի որ Թրամփն ուզում է երկար ապրի, բայց ոչ մեկ վստահ չէ, որ այդ տարիքում 4 տարի կապրի, նա ուզում է, որ Վենսի օդից ընկածի նման հայտնվի։ Ինչ գիտենք Վենսի մասին․ ասում են՝ նա հավատացյալ է, դա գիտենք, բայց դրա դրսևորումներն առանձնապես չենք տեսել և նախկին դեմոկրատ է, ով խիստ քննադատել է Թրամփին, իսկ այժմ հրաժարավել է դրանցից ու հայտնվել նրա թիմում, նաև զինվորական է։ Դա է, մնացածը կյանքը ցույց կտա»։
Արա Պապյանը շեշտում է՝ եթե ԱՄՆ նախագահը հանձնարարի, ապա փոխնախագահն այլ հանձնարարություններ էլ կարող է ունենալ։ Նա նշեց՝ նախագահները հատուկ հարցերով բանագնացներ են նշանակում, սակայն Թրամփն այն մարդը չի, որ որևէ լուրջ հարցով ուրիշի վստահի։ Հիշենք իր ուղերձը, որն ինքը Կոնգրեսի Միացյալ պալատին հղեց, որտեղ իրեն համեմատեց Վաշինգտոնի հետ՝ ասելով, որ ինքն ավելի շատ բան է արել, քան Վաշինգտոնը։ Այդ տիպի մարդը միայն այն հանձնարարությունները կտա Վենսին, որից հետո պիտի նա հարվածներ ստանա։ Այսինքն՝ մի հատ գնա, կպի Զելենսկիին, քեզ կքննադատեն, բայց ոչինչ։ Փաստացի նա կօգտագործի Վենսին՝ ուղղակի հարվածներից խուսափելու համար»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան