Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:00 05-03-2025

Գլխացավի փոխարեն գլուխն են կտրում․ քաղաքացիները տուգանքները չեն կարողանա բողոքարկել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում հանրային քննարկման է ներկայացվել «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերացնել վիճարկման հայցի դեպքում վարչական ակտը կասեցնելու հետևանքների և պարտավորեցման, գործողության կատարման և ճանաչման հայցերի դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու՝ տարբերակված մոտեցումը և Օրենսգրքով նախատեսված բոլոր հայցատեսակների դեպքում սահմանել հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորություն:

Փաստացի սա նշանակում է, որ եթե տնտեսվարողները, վարորդները և այլոք վարչական մարմնի կողմից տուգանվեն ու մտադիր լինեն դատարանում վիճարկել այդ որոշումը, ապա ստիպված են լինելու վճարել տուգանքը, որը կվերադարձվի միայն այն դեպքում, երբ դատարանը նրանց բողոքը կբավարարվի։ Գործող իրավակարգավորումների դեպքում եթե քաղաքացին դիմում է դատարան, ապա վարչական ակտի կիրառումը կասեցվում է, և նա տուգանքը վճարում է միայն այն դեպքում, երբ բողոքը մերժվում է։

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այս նախաձեռնությունը խայտառակություն որակեց՝ համոզմունք հայտնելով, որ սա բողոքարկման հնարավորությունը զրոյացնում է։ Ըստ նրա՝ այս նախաձեռնությունն իրավաբանության ամենաֆունդամենտալ սկզբունքները խաթարում է, քանի որ անձին այսկերպ ստիպում են չբողոքարկել․

«Դրա պատճառն իրականում այն է, որ շատ մեծ է այն գործերի թիվը, երբ դատարանը վերացնում է, բեկանում է տուգանքի որոշումները, քանի որ կա՛մ ապօրինություններ են տեղի ունեցել, կա՛մ ընթացակարգերը պահված չեն լինում։ Իրականում բազմաթիվ դեպքեր են լինում, երբ մարդկանց օբյեկտիվորեն սխալ են տուգանած լինում։ Այդ ամենի պատճառով փորձում են գլխացավը բուժելու փոխարեն գլուխը կտրել։ Այսպես ես կմեկնաբանեմ, այլ մեկնաբանություն ես չեմ պատկերացնում։ Կարճ ասած՝ սա խայտառակություն է»։

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ երբ քաղաքացին տուգանքը վճարած է լինում, բողոքարկումն արդեն անիմաստ է դառնում։ «Բացի այդ, հաղթանակի դեպքում էլ գումարը հետ վերցնելու համար մարդը պետք է ժամանակ ծախսի, ջանքեր գործադրի և այլն։ Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, արդեն իսկ այս ուղղությամբ մի շարք քայլեր ձեռնարկվել են․ ժամանակին պետական տուրք չկար, բայց հիմա բողոքարկման համար պետական տուրք է նախատեսված։ Այսինքն՝ այս իշխանությունները գնալով ամեն ինչ անում են, որ մարդիկ չբողոքարկեն տուգանքի որոշումները»,- կարծում է նա։

Oragir.News-ի հարցին՝ աշխարհի որևէ այլ երկրում նման պրակտիկա կա՞, քանի որ նախագծում հղում է կատարվում Գերմանիայի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բուլղարիայի փորձին՝ Ռուբեն Մելիքյանը պատասխանեց՝ չի բացառում, որ նման փորձ կարող է լինել, սակայն վստահ է, որ դրա կողքին կա նաև հակառակ փորձը։ Ըստ նրա՝ Հայաստանում այլ երկրներից լավ կարգավորումները վերցնելու փոխարեն, վատ կարգավորումներն են վերցնում։

«Եթե հիմա Հայաստանը դա ընդունի, մեկ այլ երկիր էլ իր օրենսդրությունը չարեփոխելու համար կբերի այլևս Հայաստանի օրինակը։ Ես չեմ կարծում, որ մենք պետք է հիմք ընդունենք այն հանգամանքը, որ ինչ-որ մի երկիր նման կարգավորում է սահմանել։ Առողջ բանականությունն ավելի կարևոր է, քան որևէ այլ երկրի փորձը»,- շեշտեց նա։

Ռուբեն Մելիքյանը հավելեց՝ Հայաստանի քաղաքացիները պետք է իմանան, որ սա հերթական փորձն է՝ իրենց ապօրինի տուգանքները բողոքարկելու հնարավորությունից զրկելու համար։

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին