Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։
Այսօր ուսումնասիրել ենք Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի, նրա կնոջ՝ Նանե Մարտիրոսյանի և նրանց հետ համատեղ բնակվող 2 այլ անձանց՝ Քերոբ Թևոնյանի և Ռուզան Մարգարյանի (մարզպետի եղբայրն է և հավանաբար եղբոր կինը) հայտարարագրերը։
Հիշեցնենք՝ Սեդրակ Թևոնյանը 2018-2022 թվականներին եղել է ԱԺ «Իմ քայլը» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների պատգամավոր, իսկ 2022-ի հունվարի 13-ին նշանակվել է Արարատի մարզպետ ու առ այսօր շարունակում է պաշտոնավարել։
Որպես անշարժ գույք՝ Սեդրակ Թևոնյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը նվիրատվություն է ստացել մարզպետ նշանակվելուց 1 ամիս անց՝ 2022-ի փետրվարի 17-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ առանձնատուն և հողամաս՝ Արարատի մարզի Արալեզ համայնքում, որոնք ձեռք է բերել համապատասխանաբար 2010 թվականի մայիսի 25-ին և 1991 թվականի մարտի 11-ին։ Տարեվերջին մարզպետի անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։
Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2019 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել նույն թվականի հոկտեմբերի 31-ին։ Մեքենան ևս տարեվերջին պահպանվել է։
Արարատի մարզպետի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 569 դրամ, որը տարեվերջին զրոյացել է։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 8 մլն 400 հազար դրամ, տարեվերջին՝ 13 մլն դրամ։
Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 14 մլն 93․015 դրամ, որը Արարատի մարզպետի աշխատակազմից և Արարատի մարզպետարանից ստացած աշխատավարձի հանրագումարն է։
Մարզպետի կինը՝ Նանե Մարտիրոսյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակարանը, որին նա տիրապետում է համատեղ սեփականությամբ՝ ամուսնու հետ։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, Մարտիրոսյանը չի հայտարարագրել։
Մարտիրոսյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 3 մլն 522․351 դրամ, տարեվերջին՝ 3 մլն 588․491 դրամ։ Նա ունեցել է նաև 2 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։
2023 թվականի հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 2 մլն 556․898 դրամ, որը Արարատի հիվանդանոց ԲԿ-ից ստացած աշխատավարձն է։
Մարզպետի եղբայրը՝ Քերոբ Թևոնյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ հասարակական շինությունը, ինչպես նաև 2 հողամաս՝ Արարատի մարզի Արարատ համայնքում, որոնցից առաջինը նա ձեռք է բերել 2020 թվականի սեպտեմբերի 9-ին, մյուսները 2021 թվականի հունվարի 3-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։
Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2017 թվականի HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2020 թվականի մարտի 13-ին։ Տարեվերջին այս մեքենան ևս պահպանվել է։
Քերոբ Թևոնյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 72․556 դրամ, տարեվերջին՝ 1381 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 20 մլն դրամ, տարեվերջին՝ 25 մլն դրամ։
Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 40 մլն դրամ, սակայն գումարի ստացման ճանապարհը հայտարարագրում նշված չէ։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 19 մլն դրամ։
Վերջինս իր եկամուտներից 28 մլն դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։ Բացի այդ, նա 2 մլն դրամը գերազանցող՝ 13․548 դոլար արժեքով թանկարժեք գնում է կատարել՝ չներկայացնելով սակայն, թե ինչ է գնել։
Ռուզան Մարգարյանը, ով հավանաբար Քերոբ Թևոնյանի կինն է, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է համատեղ սեփականությամբ առանձնատուն՝ Արարատի մարզի Վեդի համայնքում, որը ձեռք է բերել 2010 թվականի մայիսի 25-ին, ինչպես նաև 2 հողամաս, մեկը միանձնյա, մյուսը՝ համատեղ սեփականությամբ, որոնք ձեռք է բերել 2003 թվականի մարտի 12-ին և 1991 թվականի մարտի 11-ին։ Վերոհիշյալ առանձնատանը և հողամասերից մեկին տիրապետում է նաև մարզպետ Սեդրակ Թևոնյանը՝ համատեղ սեփականությամբ։ Տարեվերջին նրա անշարժ գույքը պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, Մարտիրոսյանը չի հայտարարագրել։
Վերջինիս բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Նա տարեսկզբին ունեցել է 2 մլն 500 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 2 մլն դրամ։
Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 1 մլն 41 հազար դրամ, որը Արփի գինու գործարանից ստացած աշխատավարձն է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 400 հազար դրամ։