Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:50 25-02-2025

ԱԳՆ-ն Աննա Հակոբյանին չի մեկնաբանում,  նոր Սահմանադրությունն ու քաղբանտարկյալները. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 25-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի վիրավորական արտահայտությունները դիվանագետների հասցեին։ Նշենք, որ փետրվարի 11-ին Հակոբյանը սոցցանցերում հրապարակում էր արել և հայ դիվանագետներին բնութագրել որպես «քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ, նշել, որ վերջիններս անվստահ են, միշտ շփոթված, առանց հստակ պատկերացման ու տեսլականի։ Հակոբյանը նաև պնդել էր, որ գրեթե բոլոր դիվանագետները, հյուրընկալ երկրի մասին խոսելիս ասում են «սրանք» և աշխարհում միայն 2-3 երկիր կա, որոնց մասին խոսելիս այդ ձևակերպումը չեն օգտագործում։ Ավելի ուշ Հակոբյանը հեռացրել էր այս հրապարակումը, ինչին հղում կատարելով ԱԳՆ-ից խուսափել են պատասխանել Sputnik Armenia-ի հարցմանը։ «Որևէ հարցման պատասխան տրվում է բացառապես բարձրացված թեման և մեջբերումները հաստատող սկզբնաղբյուրի առկայության դեպքում»,- նշված է պատասխանում:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում հայտարարել է՝ ներկայումս աշխատում են նոր Սահմանադրության տեքստի վրա, որը պետք է պատրաստ լինի մինչև 2026-ի ընտրությունները։ Օրերս էլ Նիկոլ Փաշինյանն իր գաղափարախոսական ուղերձում նշել համաժողովրդական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին՝ առանց հստակ ժամկետ նշելու, ինչից հետո Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մինչ 2026 թվականի ընտրությունները և, ամենայն հավանականությամբ, հանրաքվեի կդրվի ընտրություններից հետո՝ չբացառելով, որ նոր Սահմանադրության նախաբանից հանվի Անկախության հռչակագրի հղումը: «Այս հարցի շուրջ դեռևս վերջնական որոշում չունենք: Բայց կլինի, թե չի լինի այն արտահայտությունը, որ այսօր կա տեքստում, մեր իրական կյանքում որևէ բան չի փոխել», -ասել էր նախարարը:

Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժիշկների նկատմամբ, որին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Գիշերը բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում ` շտապօգնության մեր բժիշկների նկատմամբ, ովքեր շտապել են կանչի` անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու: Օրեր առաջ էլ նմանօրինակ դեպք էր արձանագրվել Շիրակի մարզի շտապօգնության բուժակի նկատմամբ: Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը: Վստահ եմ, որ այս դեպքերին իրավաչափ գնահատական լինելու է, և այդ հարցում ինքս լինելու եմ հետևողական: Բուժաշխատողների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են, անթույլատրելի վարքագիծ, և այո´, պիտի արժանանան նաև հասարակական պարսավանքի»,- գրել է նախարարը։

Հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, սնանկ է ճանաչվել՝ Սնանկության դատարանի կողմից: Այս մասին գրում է Հետքը: «Ֆլայ Արնա»-ի երկու խոշոր բաժնետերերի՝ ԱՆԻՖ-ի, որի տնօրենների խորհրդի նախագահը Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինայնն է, և Air Arabia-ի միջեւ հակասություններ էին ծագել դեռ 2023-ին, որոնք վերաճեցին բացահայտ առճակատման 2024-ի սկզբին՝ իրենց հետքը թողնելով ավիափոխադրողի գործունեության վրա: Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերին հիմնադրված ու 2022-ի հուլիսին թռիչքները մեկնարկած ավիաընկերությունը թռիչքային գործունեությունը դադարեցրեց 2024-ի հունվարին, իսկ նույն տարվա մարտին հայտնի դարձավ, որ ընկերությունը փակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»