Ձյունն անսպասելի չէր։ Այդ մասին զգուշացվել էր օրեր առաջ։ Սակայն Երևանի քաղաքապետարանն անզոր գտնվեց տարերքի դեմ։ Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15 մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային: Այդ մասին հայտնում է Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում։ Օրվա երկրորդ կեսին ձյան տեղումներն ավելի ակտիվացան։ Եվ քաղաքապետարանը չկարողացավ մաքրել ճանապարհները։ Տեղումների հետևանքով կաթվածահար եղան փողոցները. չմաքրված փողոցներում վարորդներն ի վիճակի չէին հաղթահարել ճանապարհը։
Տեղացած առատ ձյան պատճառով իրական կոլապս առաջացավ փետրվարի 20-ի երեկոյան։ Երեկոյան աշխատանքից տուն վերադարձող քաղաքացիները մնում էին կանգառներում։ Ավտոբուսի վարորդները կանգնեցնում էին մեքենաները, ուղևորներին խնդրելով ճանապարհը շարունակել ոտքով։
Աշխատանքից հոգնած, ցրտին, բքին, սառնամանիքին, ձյան տակ, ձյան միջով տուն քայլողների մի մասը վատ բառերով էր հիշում քաղաքապետին։ Ոմանք հիշում էին, որ տարիներ առաջ՝ 2016 թվականին, երբ Երևանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը ընդդիմադիր ակտիվիստ էր, ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ առաջարկելով պարզ լուծում, թե ինչ անել, երբ առատ ձյան պատճառով տեխնիկան չի բավականացնում՝ փողոցները մաքրելու համար:
«Եթե ձյուն մաքրելու տեխնիկա չկա, լուծումը հետևյալն ա. քաղաքապետարանի անձնակազմը, Տարոնի գլխավորությամբ, վերցնում են բահերը (լապատկա) ու հայդե փողոցներով ձյուն մաքրելու»,- գրել էր ակտիվիստ Ավինյանը:
2025-ի փետրվարի 20-ին Երևանի քաղաքապետարանը չի հետևել ընդդիմադիր ակտիվիստ Ավինյանի խորհրդին, չի վերցրել բահերն ու հայդե՝ փողոցները մաքրելու, այլ տարածել է հայտարարություն, փորձելով արդարանալ, թե քաղաքապետրանն ինչո՞ւ չի կարողանում մաքրել փողոցները, ապահովել տրանսպորտի աշխատանքը։
«Մաքրման աշխատանքները ընթանում են արտակարգ ռեժիմով, բայց տեղումների ինտենսիվությունը դեռ շատ բարձր է, ինչի հետևանքով ճանապարհները կրկին ծածկվում են ձյունով, իսկ խցանումները հաճախ խոչընդոտում են ձնամաքրման մեքենաների օպերատիվ տեղաշարժը։ Քաղաքային տրանսպորտի աշխատանքը դժվարացած է, հնարավոր են ուշացումներ։ Մաքրման աշխատանքներն իրականացվում են անընդմեջ, ներգրավված է ողջ տեխնիկան և համապատասխան թիմերը։ Հատուկ ուշադրություն է դարձվում հիմնական ճանապարհներին և տրանսպորտային հանգույցներին՝ ապահովելու քաղաքացիների տեղաշարժի հնարավորությունը։ Ծառայությունները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով՝ ապահովելու քաղաքի բնականոն գործունեությունը։ Շնորհակալ ենք ձեր ըմբռնման համար և կոչ ենք անում ցուցաբերել զգոնություն՝ պահպանելով անվտանգության կանոնները»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարությունում։
Այսպիսով՝ քաղաքապետարանը հույս է հայտնում, թե քաղաքացիները ընդդիմադիր Ավինյանի նման խիստ չեն դատի, ըմբռնումով կվերաբերվեն քաղաքապետարանի վատ աշխատանքին, քաղաքապետ Ավինյանին վատ բաներ չեն ասի, այլ կարդարացնեն, ասելով, թե անփորձ է, երիտասարդ, ոչինչ՝ կսովորի և այլն։
Աելին՝ Տիգրան Ավինյանին ըմբռնումով վերաբերվողների շրջանում էլ շրջանառվում է վարկած, որ երթևեկության կոլապսը ոչ թե արկտիկական ցուրտ հոսանքների ու առատ ձյան հետևանք էր, այլ սա կազմակերպված, ստոր դավադրություն էր, որին ենթադրաբար՝ ներգրավվել են ավագանու ընդդիմադիր անդամները, Գագիկ Սուրենյանը, Սառցե թագուհին՝ Ձնեմարդու գլխավորությամբ։ Դավադրության նպատակն է ցույց տալ, թե ինչ ապաշնորհ ու անհաշվենկատ են քաղաքապետն ու քաղաքապետարանի աշխատակիցները։ Ենթադրելի է, որ Ձնեմարդը դավադրությանը ներգրավել է նաև ավտոբուսների վարորդներին։ Այսինքն՝ վարորդները ոչ թե գիտակցաբար հրաժարվել են չմաքրված, սառցակալված փողոցներով երթևեկել, ռիսկի ենթարկելով մարդկանց ու տրանսպորտային թանկարժեք միջոցը, այլ չարամտորեն մաս են կազմել քաղաքապետարանի աշխատակիցներին սևացնելու նպատակով կազմակերպված դավադրությանը։
Կարճ ասած՝ քաղաքապետարանը, Ավինյանը պետք է չհուսահատվեն, որ չեն կարողանում մաքրել ճանապարհների ձյունը, կազմակերպել տրանսպորտի նորմալ աշխատանքը։ Նրանք պետք է չանհանգստանան նաև, որ մարդիկ աշխատանքից ոտքով են տուն գնում ու ճանապարհին հիվանդանում, քանի որ տրանսպորտային կոլապսը Ձնեմարդու կազմակերպած դավադրությունն է։ Ու եթե մարդիկ սա հասկանան, ապա ըմբռնումով կվերաբերվեն ու վատ բաներ չեն ասի Ավինյանին, որն ի պաշտոնե կոլապսի պատասխանատուն է, բայց իրականում մեղավոր չէ։
Թաթուլ Մկրտչյան