Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները նոր լարվածության փուլ են թևակոխում։ Վերջին օրերին Բաքվում ծավալվող իրադարձությունները վկայում են երկկողմ հարաբերությունների խորացող ճգնաժամի մասին։ Ադրբեջանական իշխանությունները սպառնում են փակել Բաքվում գործող «Ռուսական տունը», պահանջելով այն գրանցել նոր կարգով։ Ռուսական կողմը, սակայն, այս քայլը գնահատում է որպես անընդունելի քաղաքական ճնշում։
Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են «Ռուսական տունը» մի շարք «պատասխանատվության շրջանակներից դուրս գործողությունների» մեջ։ Այս մեղադրանքները բուռն արձագանք են ստացել ՌԴ-ում։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իրավիճակն անվանել է «աբսուրդ և անտրամաբանական», մատնանշելով, որ մեղադրանքները ոչ միայն անհիմն են, այլև ուղղված են երկկողմ հարաբերությունների սրմանը։
Ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են ակտիվ քարոզչություն Ռուսաստանի դեմ՝ թիրախավորելով որոշ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։ Մեղադրանքները հիմնականում վերաբերում են ռուսամետ դիրքորոշմանը և ռուսական շահերը սպասարկելու կասկածներին։ Մասնավորապես՝ նշվում են Ադրբեջանի նախկին արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեխտիևի անունները։
Այս իրավիճակն ակտիվորեն քննարկվում է նաև Ռուսաստանի քաղաքական և մեդիա շրջանակներում։ Պետդումայի պատգամավորները հանդես են գալիս կոշտ հայտարարություններով՝ պահանջելով հակադարձ քայլեր Ադրբեջանի նկատմամբ։ Նիկոլայ Վալուևը առաջարկել է կրճատել Ռուսաստանում գործող ադրբեջանական բիզնեսները, ինչը կարող է էական հարված հասցնել այդ բիզնեսների շահերին։ Եվգենի Պոպովը կոչ է արել փակել Ռուսաստանի տարածքում գործող ադրբեջանական սփյուռքյան կազմակերպությունները, նշելով, որ դրանք կարող են օգտագործվել ոչ միայն հասարակական, այլև քաղաքական նպատակներով։
Լարվածությունը միայն «Ռուսական տուն» խնդրով չի սահմանափակվում։ Երկու երկրների հարաբերություններում լարվածության աճ է նկատվում նաև քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում։ Ադրբեջանը փորձում է աստիճանաբար նվազեցնել ռուսական ազդեցությունը իր ներքին և արտաքին քաղաքականության մեջ։ Սա արտահայտվում է ինչպես ռուսական կառույցների նկատմամբ սահմանափակումներով, այնպես էլ ռուսամետ գործիչների նկատմամբ վարկաբեկման արշավով։
Փորձագետների կարծիքով՝ այս լարվածությունը կարող է վերածվել ավելի լայն հակամարտության, ազդեցություն ունենալով ինչպես տնտեսական հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային կայունության վրա։ Եթե Ռուսաստանն կիրառի տնտեսական և քաղաքական հակազդեցության միջոցներ, ապա դրանք լուրջ հետևանքներ կարող են ունենալ Ադրբեջանի համար և ավելի սրել իրավիճակը։
Այնուամենայնիվ, կողմերի միջև առկա տնտեսական ու էներգետիկ շահերը կարող են զսպել իրավիճակի հետագա սրացումը։ Այս առումով՝ պարզ չէ՝ արդյոք այս լարվածությունը կավարտվի է նոր համաձայնությա՞մբ, թե՞ կշարունակվի խորանալ, ազդելով ամբողջ տարածաշրջանի վրա։
Քնարիկ Սահակյան