Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:00 05-02-2025

Ողջիի աղտոտումն այլևս հանցանք չէ․ ԶՊՄԿ-ի քրգործը կարճվել է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Կոմբինատի աշխատակիցները, ովքեր իրենց կատարած ծանր աշխատանքի դիմաց չնչին վարձատրություն են ստանում, արդեն 6-րդ օրն է, ինչ գործադուլ են անում՝ ԶՊՄԿ-ի ղեկավարությունից պահանջելով աշխատավարձերի բարձրացում, ինչպես նաև աշխատանքային պայմանների բարելավում։

Երեկ երեկոյան կոմբինատի ղեկավարությունը հանդիպում էր ունեցել գործադուլ իրականացնող աշխատակիցների հետ, սակայն այն արդյունք չէր տվել, և վերջիններս այսօրվանից շարունակում են գործադուլը։ Հանդիպմանը մասնակցած աշխատակիցներից մեկը հայտնել, որ այն տևել է մոտ 2 ժամ, բավականին լուրջ և կառուցողական քննարկում է ծավալվել, սակայն կողմերին այդպես էլ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ։

Գաղտնիք չէ նաև, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շատ հաճախ չի պահպանում տեխնիկական ու անվտանգային չափանիշները, աղտոտում է բնությունը, մասնավորապես՝ հարակից Ողջի և Արաքս գետերը։ Այս մասին բազմիցս ահազանգել են բնապահպաններն ու հետաքննող լրագրողները, սակայն կոմբինատի ղեկավարությունը նախընտրում է ոչ թե առկա խնդիրներին լուծում տալ, այլ դատական հայցերի միջոցով լռեցնել դրանք բարձրաձայնողներին։ Մասնավորապես՝ միայն 2023 թվականի վերջից մինչև 2024 թվականի հունիս ամիսը ԶՊՄԿ-ն զրպարտության հոդվածով 8 հայց է ներկայացրել, ինչը, իրավաբան Վահագն Գրիգորյանի գնահատմամբ, լռեցման փորձ է։

Հատկանշական է, որ դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 17-ին ԶՊՄԿ-ի կողմից խողովակաշարի վնասման և թափոնաջրերով Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի աղտոտում): Ոստիկանության Կապանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ «ԶՊՄԿ» ՓԲԸ համապատասխան աշխատակիցների կողմից արտադրված թափոնների տեղափոխման կանոններն առերևույթ խախտելու հետևանքով Սյունիքի մարզի Ներքին Գերաթաղ գյուղի տարածքով անցնող՝ նշված ընկերության թիվ 2-րդ դյուկերի տարածքում վնասվել է 1020մմ տրամագծով 31-րդ խողովակաշարը, ինչի հետևանքով դրանով անցնող թափոնաջրերը, լցվելով նշված տարածքով հոսող վտակը, թափվել են Ողջի գետ՝ անզգուշությամբ աղտոտելով շրջակա միջավայրը:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել էր ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությանը: Հաղորդվել էր, որ նախաքննության շրջանակներում կպարզվեն ինչպես դեպքի լիարժեք հանգամանքներն ու պատճառները, այնպես էլ շրջակա միջավայրին պատճառված վնասի ամբողջական և վերջնական չափերը:

Oragir.News-ին հայտնի էր դարձել, որ ԶՊՄԿ-ի պոչատարի վթարի քրեական գործն այդպես էլ դատավարության փուլ չի մտել, չնայած այն բանին, որ պետությանը միլիոնավոր դոլարների վնաս է պատճառվել, ինչպես նաև աղտոտվել է բնությունը։ Բնության աղտոտումը պետությանը պատճառված նյութական վնասից պակաս կարևոր չէ, քանի որ Ադրբեջանը այս իրողությունը միջազգային հարթակներում օգտագործում է Հայաստանի դեմ՝ փորձելով հասնել ֆինանսական խոշոր փոխհատուցման, ինչպես նաև պատժամիջոցների կիրառմանը։

Oragir.News-ը ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ քրեական գործի հարուցումից ավելի քան 5 տարի անց այն դեռևս չի մտել դատավարության փուլ։ Ի պատասխան՝ Ավդալյանը նշեց, որ ԶՊՄԿ-ի դեմ հարուցված քրեական գործը 2022 թվականի դեկտեմբերի 12-ին կարճվել է։ Ճշտող հարցին, թե գործն ի՞նչ հիմքով է կարճվել՝ ՔԿ նախագահի մամուլի քարտուղարը պատասխանեց․ «Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (հաստատվել է քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը-խմբ․)»:

Այսպիսով՝ քրեական գործի նախաքննությունը տևել է ավելի քան 3 տարի, ինչի արդյունքում ԶՄՊԿ-ի կողմից Ողջի գետը թափոնաջրերով աղտոտելը հանցանք չի որակվել և դրա համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Նկատենք նաև, չի փոխհատուցվել նաև Հայաստանի Հանրապետությանը պատճառված միլիոնավոր դոլարների վնասը, և փաստացի այն փոխհատուցելու են շարքային հարկատուները, որոնց հարկային բեռը տարեցտարի մեծացվում է։

Զարմանալիորեն ԶՊՄԿ-ի քրեական գործը կարճվել է և Ողջի գետի աղտոտումը հանցանք չի համարվել այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը կոմբինատի բաժնեմասեր է նվեր ստացել․

2021 թվականի հոկտեմբերին պարզ դարձավ, որ Հայաստանի կառավարությունը դարձել է ԶՊՄԿ 15%-ի սեփականատեր։ Հայտարարվեց, որ պետությունն այն նվեր է ստացել «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունից, որը ԶՊՄԿ-ի բաժնետերերից է և պատկանում է «Գեոպրոմայնինգ Արմենիա»-ին։ Արդեն 2022-ի օգոստոսին Կառավարությունը կրկին հայտարարեց, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերից ևս 6.875% նվիրատվություն է ստացել, ինչի արդյունքում պետության բաժնեմասը դարձավ մոտ 21.9% (21.875%)։



Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ