Ներքին Միտք 1 տարի առաջ - 15:00 02-02-2025

Շինե՞լ, թե՞ չշինել. ամոթալի էջը թերթելու ժամանակն է

Քաղաքական պատասխանատվությունը անհրաժեշտ պայման է արդյունավետ քաղաքականություն վարելու համար։ Առավել մեծ նշանակություն ունի երկրի ղեկավարի բարոյական նկարագիրը, քանի որ հանրությունը ընդօրինակում է քաղաքական առաջնորդի խոսքն ու վարքը, դառնում առաքինի, արդարամիտ կամ այլասերված սրիկա։

Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անհարմար իրավիճակի մեջ ընկավ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հարցի պատճառով։ 2021-ին Արագածոտնի մարզում քարոզարշավի ժամանակ Փաշինյանը, ոգևորված քաղաքացիների ջերմ ընդունելությունից, բառացիորեն ասել էր. «Կամերան հլը էն կողմ տար, ասել եմ, դրանց սաղին բռնելու ենք, շինենք»։

Հռիփսիմե Ջեբեջյանը Փաշինյանին հարց էր ուղղել՝ «Այս ընթացքում ո՞ւմ եք շինել, Ձեր ուժը, Ձեր կապույտ չագուչը միայն հայերի վրա՞ է պատում, Ալիևին ե՞րբ եք շինելու»։

Նիկոլ Փաշինյանը չկարողացավ հիշել, որ ասել է «շինել», զարմացավ, որ ասել է։
«Անկեղծ ասած, զուտ բառապաշարի առումով, կարող է և մոռացած լինեմ, ես տենց բան եմ ասե՞լ։ Իմաստային գուցե կարելի է ինչ-որ մեկնաբանել, բայց ես տենց բառապաշար օգտագործե՞լ եմ, հենց տե՞նց։ Չեմ հիշում, որ այդ բառապաշարով եմ ասել։ Բայց դա էլ է պետք հասկանալ, թե ինչ է նշանակում, որովհետև հիմա մեկնաբանության հարց ա՝ ես ի՞նչ եմ նկատի ունեցել, Դուք ի՞նչ եք նկատի ունենում»,- փորձեց պատասխանել վարչապետը։

Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես խոսել 2021-ին, և ի՞նչ հետևանք է այն ունեցել։

2021-ի ընտրարշավի ժամանակ Փաշինյանն օգտագործում էր պոպուլիստական ամբողջ զինանոցը՝ չխորշելով գռեհիկ բառապաշարից, որը դուր էր գալիս սակավակիրթ, ինքնասիրության պակաս ունեցող, քաղաքավարությունից, բարոյական արժեքներից խորթացած մարդկանց, որոնց քվեն էապես նպաստել է ՔՊ-ի հաղթանակին։

Մինչ այս էլ քաղաքական համայնքում եղել են գործիչներ, որոնք փողոցային բառեր են կիրառել հանրահավաքներում։ Սակայն «շինել» բառն առաջին անգամ կիրառել է Փաշինյանը՝ այդպիսով գռեհկացնելով քաղաքական խոսույթը, ստվերելով գաղափարների, ծրագրերի մրցակցությունը։ Ոմանց կարծիքով՝ նրա գռեհկաբանությունն ընդօրինակել են բազմաթիվ հանրային գործիչներ, որոնք վարկանիշ ունեն ոչ թե քաղաքական օգտակար քննադատության կամ ազգանպաստ ծրագրերի և գաղափարների, այլ գռեհկաբանության շնորհիվ։ Ավելին՝ եթե ամեն հաջորդ իշխանություն կամ իշխանության հավակնորդ գործողի, նախկինի, քաղաքական մրցակիցների հասցեին այսպես արտահայտվի, ապա որոշ ժամանակ անց քաղաքական համայնքն ամբողջովին կփչանա, ինչը հասարակության քայքայման և պետության կործանման իրական պատճառ կդառնա։ Այս առումով՝ քաղաքական խոսույթում գռեհկաբանության արմատավորման հիմնադիր Փաշինյանը մեծապես նպաստել է հասարակության բարոյական քայքայմանն ու պետության հիմքերի թուլացմանը։

Հռիփսիմե Ջեբեջյանի և Նիկոլ Փաշինյանի հարց ու պատասխանի վերջում Փաշինյանը, այնուամենայնիվ, ներողություն խնդրեց «շինելու» մասին իր արտահայտության համար՝ նշելով, որ եթե նույնիսկ այդպես է ասել՝ «այդ իմաստով չի ասել»։ Սակայն սա բավարար չէ։ Եթե նա իսկապես գիտակցում է, որ գռեհիկ բան է արել, ապա կարող է հասցեական ներողություն խնդրել նաև նրանցից, ում ուղղված է եղել «շինել» բառը, ինչպես նաև Արագածոտնի մարզի ընտրողներից, որոնց ներկայությամբ ասել է «շինել» բառը։ Իսկ մի քայլ առաջ անցնելով էլ՝ կարող է կոչ անել ժողովրդին այսուհետև սկզբունքորեն մերժել հանրային, քաղաքական այն գործիչներին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, որոնք քաղաքական խոսույթում, հանրահավաքներում գռեհիկ, փողոցային բառեր, հայհոյանք կկիրառեն քաղաքական մրցակիցների հասցեին։

Այս ներողություններն ու հորդորները իրապես կարող են բան փոխել։ Երբ գռեհկախոս հանրային գործիչները կմերժվեն հանրության կողմից, քաղաքական առաջնորդները կմնան բարոյական նորմերի սահմաններում, ապա հասարակությունը կընդօրինակի նրանց։ Դրանից հետո հնարավոր կլինի ազգային, ժողովրդավարական իրական արժեքներ սերմանել, որոնք հասարակությունն առաքինության մեջ կպահեն և կապահովեն պետության հարատևությունը։

Պարզ ասած՝ ժամանակն է թերթել գռեհիկ պոպուլիզմի ամոթալի էջը՝ հարգելով բարոյական նորմերը, ճանապարհ բացելով քաղաքական առողջ, արդար, արժանապատիվ մրցակցության համար։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին