Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 30-01-2025

ՄԻԵԴ-ը կդիմանա՞ Վահե Գրիգորյանին, թե՞ կընկնի ճգնաժամի մեջ

Քաղաքական հասունության հասնելուց հետո մարդն իրեն հարց է տալիս՝ «ի՞նչ ենք տվել մենք աշխարհին»։ Թվարկելու արժեքավոր քիչ բան կա։ Որոշ դեպքերում մեր բարի մտադրությունը այլ ելք է ունենում։ Ինչպես ասում են՝ «ուզում էինք՝ լավ լիներ, բայց եղավ՝ ինչպես միշտ»։

Հունվարի 28-ին ԵԽԽՎ-ն ընտրել է ՄԻԵԴ դատավորների Հայաստանից, Անդորրայից և Սլովենիայից։ Երկրները ներպետական մրցույթի արդյունքների հիման վրա Եվրոպայի խորհրդին էին ներկայացրել 3-ական թեկնածուի։ Քվեարկության արդյունքում ամեն երկրից ընտրվել է 1 դատավոր։ Հայաստանը առաջադրել էր Վահե Գրիգորյանի, Նորա Կարապետյանի և Աննա Մարգարյանի թեկնածությունները։ Ձայների մեծամասնությունը ստացել է Վահե Գրիգորյանը։ Նա ՄԻԵԴ-ում որպես դատավոր կպաշտոնավարի 9 տարի։

Ի՞նչ կարելի է ակնկալել այս ընտրությունից, և ի՞նչ կարող է անել Վահե Գրիգորյանը ՄԻԵԴ դատավորի պաշտոնում։

Վահե Գրիգորյանը հարուստ կենսագրություն ունեցող հայտնի իրավաբան է։ Մասնակցել է ՄԻԵԴ-ի շրջանակներում իրականացված 80-ից ավելի դատավարությունների։ 2019 թվականի հունիսի 18-ին ՀՀ նախագահի առաջարկությամբ ՀՀ ԱԺ-ի կողմից ընտրվել է ՀՀ ՍԴ դատավոր։ 2022-ի դեկտեմբերի 20-ին ՀՀ ՍԴ կողմից ընտրվել է ՍԴ փոխնախագահ:

Մակերեսային դիտարկմամբ՝ Վահե Գրիգորյանի փորձառությունը կարող է օգտագործվել Հայաստանի հայցերն առաջ մղելու կամ Հայաստանի դեմ հայցերը մերժելու հարցերում։ Սակայն, ըստ ՄԻԵԴ կանոնակարգի Հայաստանից ընտրված դատավորը Հայաստանին առնչվող գործերը քննելու իրավունք չունի։ Եթե այդպես է, ապա ի՞նչ նշանակություն ունի Վահե Գրիգորյանի՝ դատավոր ընտրվելը։

Ասում են, թե ՄԻԵԴ դատավոր Վահե Գրիգորյանի արդարամտությունը, սկզբունքայնությունը ժողովրդավարության և օրինականության պաշտպանության հարցերում դրական կարող է անդրադառնալ ՀՀ միջազգային վարկանիշի վրա։ Ու քանի որ ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու գործընթաց է սկսելու առաջիկայում, ապա Վահե Գրիգորյանը պիտի լուրջ ջանքեր գործադրի, որ հնարավորինս բարձր պահի եվրոպական ապագա ընտրած ժողովրդավարական Հայաստանի, եվրոպական ընտանիքի արժանի անդամի անունն ու հեղինակությունը։ Կա՞ն նրա հետ կապված այսպիսի հույսեր, և արդյո՞ք դրանք կիրականանան։

Ըստ մամուլի հրապարակումների՝ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր աշխատելու ժամանակ հաճախ է բացակայել աշխատանքից, այդ թվում՝ նիստերից։ Նշանակալի է նրա ներդրումը ՍԴ ճգնաժամի և վերափոխման հարցում։ Աղմկահարույց է եղել նրա հայտարարությունը սահմանադրական ճգնաժամի հիմքերի և ճգնաժամից ելքի շուրջ անհրաժեշտ որոշումների վերաբերյալ, որը համակարգում որոշ լարվածություն է առաջացրել։ Նա, որպես ՍԴ դատավոր, չի մասնակցել նաև Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը։ Որոշումը հիմնավորվել է այն հանգամանքով, որ Վահե Գրիգորյանը «կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկողների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է այդ գործերի քննությանն այլ դատարաններում»։ Տևական ժամանակ ասեկոսե էր պտտվում, թե նա է ՍԴ նախագահի ՔՊ սրտի թեկնածուն։

Այս և նման աղմկահարույց հրապարակումների մասին հիշատակումները հանրային մտավախություն են առաջացնում, որ այս դատավորը նաև ՄԻԵԴ-ում կարող է պարբերաբար բացակայել նիստերից, փորձել ավելի բարձր դիրքեր գրավել ՄԻԵԴ-ում, ՄԻԵԴ նախագահի աթոռի վրա աչք գցել, արհեստական ճգնաժամ հրահրել միջազգային հեղինակավոր այս կառույցում, իսկ հետո ճգնաժամից ելքեր առաջարկել։

Գուցե Եվրոպայի մեծերը լավ էլ գիտեն այս մասին, և Վահե Գրիգորյանին ընտրելով, մտադիր են ստուգել ՄԻԵԴ-ի ամրությունը։ Կդիմանա՞ ՄԻԵԴ-ը Վահե Գրիգորյանին, թե՞ կընկնի ճգնաժամի մեջ ու կվերափոխվի ինչպես ՀՀ ՍԴ-ն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան